Քաղցկեղը դատավճիռ չէ, վաղ հայտնաբերելու պարագայում այն կարելի է կանխել

Գաղտնիք չէ, որ քաղցկեղն այսօր աշխարհում մահվան պատճառների առաջատարն է, և Հայաստանը բացառություն չէ: Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղի խնդիրը շարունակում է հանրային առողջության լուրջ մարտահրավեր հանդիսանալ։ Ամեն տարի քաղցկեղից մահանում են միլիոնավոր մարդիկ։

Օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդները տարեցտարի կատարելագործվում են, և հնարավոր է` ապագայում այս հիվանդությունները դառնան բուժելի: Սակայն մինչ այդ բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել պրոֆիլակտիկ հետազոտությունները, ձերբազատվել վատ սովորություններից և վարել առողջ ապրելակերպ: Ըստ մասնագետների՝ այսօր քաղցկեղը դատավճիռ չէ, վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժումներ իրականացնելու պարագայում բուժառուն կարող է վերադառնալ բնականոն կյանքին։

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, հիվանդության տեսակների, Հայաստանում առաջարկվող լուծումների և պալիատիվ ծառայության կլինիկայի անհարաժեշտության և կարևորության մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ ծառայության կլինիկայի ղեկավար Տիգրան Բյուզանդյանի հետ:

Մասնագետը նշեց, որ քաղցկեղի յուրաքանչյուր փուլի և յուրաքանչյուր հիվանդի համար ընտրվում է յուրահատուկ պլան, իսկ բուժման ուղղությունները երեքն են՝ վիրահատական, դեղորայքային և ճառագայթային։ Կախված ախտահարված օրգան համակարգերից՝ այս երեք ուղղությունների կիրառումը լինում է տարբեր:

Անդրադառնալով պալիատիվ օգնության կարևորությանը՝ Բյուզանդյանն ասաց, որ այն հիվանդի և նրա հարազատների կյանքի որակը բարձրացնող միջամտությունների համալիր է։

«Պալիատիվ օգնությունը անհրաժեշտ է անբուժելի հիվնանդությամբ տառապող անձանց` կյանքի վերջին փուլում, երբ նրանք ունեն ցավազրկման, սիմպտոմատիկ բուժման կամ հոգե-սոցիալական խնդիրներ: Պալիատիվ օգնությունը հնարավորինս բարձրացնում է նրանց կյանքի որակը»,-ասաց նա։

Ի՞նչ է պալիատիվ օգնությունը, ինչու է այն կարևոր։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ ունենալ առանձին կլինիկա այդ ծառայության համար։ Ի՞նչ խնդիրների է բախվել պալիատիվ օգնության կլինիկան այս մեկ տարվա ընթացքում։ Ի՞նչ նպատակներ և ծրագրեր կան առաջիկայում։

2000 թվականից սկսած՝ փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:

Օրվա խորհուրդը կայանում է նրանում, որ ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռվի չարորակ նորագոյացությունների հետ կապված հիմնախնդիրներին և դրանց հաղթահարմանը:

Կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս