«Դո՞ւք եք իմ վերաբերյալ Ձեր կայացրած որոշումը տվել Դատական դեպարտամենտին». Դատավոր Դոլմազյանը չպատասխանեց Արմեն Աշոտյանի հարցին
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
Նիստին չէր ներկայացել ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը:
Նախորդ դատական նիստին Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերջինիս պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել: Ընդ որում առաջարկվել էին բոլոր հնարավոր խափանման միջոցները, այդ թվում՝ համակցված՝ տնային կալանք, վարչական հսկողություն, 40 միլիոն դրամ գրավ, 15 հեղինակավոր անձանց երաշխավորություններ, որոնց ճնշող մեծամասնությունը ներկայացել էր դատարան՝ անձամբ պաշտպանելու իր երաշխավորությունը:
Ի վերջո, շուրջ 8 ժամ տևած դատական նիստից հետո դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով, մինչև 2024թ. ապրիլի 15-ը՝ ներառյալ՝ որպես կալանքի հիմք ներկայացնելով նույն դիրքորոշումը՝ ազատության մեջ Արմեն Աշոտյանը կխոչընդոտի քննությանը:
Այսօրվա դատական նիստի սկզբում դատավոր Դոլմազյանը տեղեկացրեց, որ Արմեն Աշոտյանին պաշտպան Մարգար Սողոմոնյանը դատարանին է ուղարկել ԵՊԲՀ-ի արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը ու խնդրել այն կցել գործին:
Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց՝ չեն միջնորդելու, որ այս գործով ԵՊԲՀ արհմիության անդամները ճանաչվեն տուժող:
«Հետևաբար Գալինա Հարությունյանի մասնակցությունը՝ որպես տուժողի իրավահաջորդ, պետք է դադարեցվի»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Արմեն Աշոտյանն էլ նկատեց՝ Գալինա Հարությունյանը քննչական խմբի ղեկավարին՝ Տիգրան Շոխոյանին, ասել, որ ինքը կոնկրետ ժամանակից չի աշխատում:
«ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն չեն մտել այս կեղտոտ գործարքի մեջ, ՔԿ-ն մտել է, Տիգրան Շոխոյանն էլ повышение է ստացել: Փաստ է, որ 2011թ.-ից Գալինա Հարությունյանը լեզու չի գտել ոչ մի ռեկտորի հետ, չի կարողացել աշխատել: Հիմա որ էդ կինը չի կարողացել աշխատել, մե՞նք պիտի դատվենք: Մենակ էս կտորը հերիք է, որ հասկանանք՝ էս գործը ոնց է սարքած: Տիգրան Շոխոյանը թղթերը չկարդալու համար ոչ թե ազատվել է աշխատանքից, այլ պաշտոնի բարձրացում է ստացել: Գալինա Հարությունյանը չէր կարող լինել տուժող, ու այդ մասին գիտեին թե՛ Գլխավոր դատախազությունը, թե՛ Քննչական կոմիտեն: Ալամ աշխարհը գիտի, որ էդ կինը տուժող չէ: Հիմա նստել տուժող ենք խաղում»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Ի վերջո, դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ որպես այս գործով տուժողի կարգավիճակը, ու նրան դուրս հրավիրեց դատական նիստերի դահլիճից:
Բայց դատավոր Դոլմազյանը հանկարծ որոշեց, որ տուժող հիմա էլ ԵՊԲՀ-ի արհեստակցական կազմակերպությունն է, մի կառույց, որը վաղուց չկա: Պաշտպանական կողմը նշեց՝ սա նույնն է, ինչ փորձես մեռածին վերակենդանացնել:
Հաջորդիվ Տիգրան Աթանեսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժող ԵՊԲՀ-ի օրինական ներկայացուցիչը չի ներկայանում դատական նիստերին:
«Առանց տուժողի օրինական ներկայացուցչի՝ նիստերն օրինական չեն»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Դատական դեպարտամենտի կողմից իր վերաբերյալ դատավոր Դոլմազյանի կողմից կայացված որոշման մեկնաբանությանը:
«Դատական դեպարտամենտն ունի՞ իրավունք իմ վերաբերյալ կայացված Ձեր որոշումը մեկնաբանել, երբ դեռ այդ որոշումը մենք չէինք ստացել»,-դատավորին հարցրեց Արմեն Աշոտյանը: Վերջինս հարցին չպատասխանեց:
Արմեն Աշոտյանը կրկին պնդեց՝ «Դո՞ւք եք որոշումը տվել Դատական դեպարտամենտին»: Դատավորը հորդորեց դիմել Դատական դեպարտամենտին:
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, նշեց, որ իր պաշտպանյալն արդարադատության հույս չունի, 2 օր ժամանակ խնդրեց ասվածը գրավոր ներկայացնելու, այսինքն՝ դատավորին բացարկ հայտնելու համար:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ ժամը 12.00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: