Լավ բան #2. մաքուր քաղաքական հայտարարություն՝ իրավական հետևանքների հրամայականով. Կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ում լռություն է
Այն, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի համար սովորական բան է քաղաքական հայտարարություններ անելը, ակնհայտ է ու ինչ-որ տեղ բնական:
Պարզ է, որ ԲԴԽ մուտք գործելուց 5 րոպե առաջ քաղաքական թիմի անդամ ու կուսակցական եղած Կարեն Անդրեասյանի մոտ, ով արդարադատության նախարար եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախում էր իր գլխավերևում, որ նկարին նայի ու հետը խորհրդակցի, կուսակցական հավատամքը օրենքի թելադրանքով նույն 5 րոպեում չէր անցնելու: Ըստ էության Կարեն Անդրեասյանն իր հոգու խորքում մինչ այսօր էլ երդվյալ ՔՊ-ական է, այսինքն՝ նիկոլական, որովհետև իր բոլոր երիտասարդական տրավմաներից վրեժխնդիր լինելու հնարավորություն ԲԴԽ նախագահին հենց Նիրկոլ Փաշինյանն է տվել:
Կարեն Անդրեասյանը, ով իր կյանքի, հեղինակության փշրանքների ու երբևէ պատասխանատվության ենթարկվելու հեռանկարն անգամ անտեսելու գնով ցանկացած պատրվակով ազատվում է իր թրի տակով չանցնող դատավորներից, ով հնարավոր ու անհնարին բոլոր խախտումների գնով դադարեցնել տվեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ իբր թե դատական իշխանության վարկը խաթարելու, իրականում համակարգի խնդիրները վեր հանելու համար, ինքն է ստվեր գցում դատական իշխանության հեղինակության վրա, անում քաղաքական հայտարարություններ ու անպատիժ մնալով՝ անցնում բոլոր սահմաններն ու կարմիր գծերը:
Կարեն Անդրեասյանն անպատիժ մնաց, երբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու ժամանակ արեց քաղաքական հայտարարություններ, նրան ոչինչ չեղավ, երբ Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ կրկին առիթը բաց չթողեց ու սկսեց խոսել Մարտի 1-ի գործի մասին ու անել քաղաքական հայտարարություններ: Ոչինչ չի լինում նաև, երբ տարբեր հարցազրույցների ժամանակ նույն ոգևորությամբ շարունակում էր անել քաղաքական հայտարարություններ:
Կարեն Անդրեասյանը, ինչպես նրան ճշգրիտ բնութագրել էր նույն Սուրեն Անտոնյանը, «Քաղաքական երևույթ է և չի դադարել քաղաքական երևույթ լինել: Ինքը քողարկվում է դատավորի անվան տակ ու շարունակում է մնալ քաղաքական դեմք»:
Հերթական արտառոց քաղաքական հայտարարությունը Կարեն Անդրեասյանը երկնեց երեկ:
«Մի լավ բան #2
Հայաստանում բիզնեսն ազատագրված է: Գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում, իսկ պաշտոնյաները սեփական բիզնեսի հաջողության համար հարկային, մաքսային, դատական կամ այլ հետապնդում չեն կազմակերպում մրցակից գործարարների դեմ:
Համատարած նեգատիվի ֆոնին` օրը գոնե մի լավ բան հիշենք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր վերջինս:
Որքան էլ հաջորդիվ Կարեն Անդրեասյանը փորձի մաքրել իրեն (դրա մասին՝ հրապարակման այլ հատվածում), ինքը հասկանում է, որ իր գրառումը մաքուր քաղաքական գրառում է, հստակ քաղաքական հայտարարություն, որի տակից ինքը, իհարկե, մեկ բացառությամբ, ձեռնասուն ԲԴԽ-ի օգնությամբ դուրս կգա, սակայն լուսանկարի մարդու կոմպրոմատների հաստափոր գրքում նրա վերաբերյալ մի դրվագ կավելանա:
Քաղաքական պաշտոն չզբաղեցնող ԲԴԽ նախագահն իրավունք չունի մտնել նախկին-ներկա քաղաքական «բազարի» մեջ: Եվ այստեղ էական չէ՝ ճի՞շտ է ասում Կարեն Անդրեասյանը, թե՞ ոչ: Կարեն Անդրեասյանն անում է պնդումներ, որ նախկինում գործարարները սև դրամարկղերում «մուծվել են», հիմա չեն մուծվում, պետության օգնությամբ հիմա մրցակիցներին խաղից չեն հանում, այսինքն՝ նախկինում արվել է: Թող Կարեն Անդրեասյանն ու նրա անվան ԲԴԽ-ն հիմնավորված հակափաստարկ բերեն՝ ի՞նչ է սա, եթե ոչ՝ քաղաքական հայտարարություն:
Նախ Կարեն Անդրեասյանը սուտ է խոսում, և բիզնեսն ու գործարարները՝ սկսած Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին «մուծվելուց» մինչև ՔՊ-ի կուսակցական դրամահավաքների ժամանակ պատկառելի թվերի «նվիրաբերում», լավ էլ «մուծվում են», իսկ պետությունն էլ իրենց սրտի գործարարների համար բարգավաճելու ամեն պայման ստեղծում է՝ մեկ անձից գնումներ ապահովելուց մինչև դատական գործընթացներ ու բիզնեսի՝ այլ ձևաչափերով վերաբաշխում, բայց խնդիրն անգամ դա չէ: ԲԴԽ նախագահի կարգավիճակից չի բխում գնահատել՝ ինչ է եղել քաղաքական նախորդ իրողության ժամանակ, ինչ է տեղի ունենում հիմա: Կարեն Անդրեասյանը՝ որպես դատավոր, պարտավոր է դրսևորել քաղաքական չեզոքություն, այսինքն՝ գործ ունենք ինքնին չհաստատված փաստի հետ, որ նախկինում գործարարները սև դրամարկղում գումար են «մուծվել», որ իրենց բիզնեսին պետությունը չխառնվի, ու գործ ունենք այդ որևէ կերպ չհաստատված փաստի՝ ԲԴԽ նախագահի կողմից բարձրաձայնման հետ, որը որևէ կերպ իր գործառույթների հետ կապված չէ:
Փաստ է, որ ԲԴԽ նախագահը գովում է գործող իշխանություններին (մատուցման ձևը կարևոր չէ), ընդգծում իր վերաբերմունքը հեղափոխական իշխանության նկատմամբ, ակնհայտորեն քաղաքական ձևակերպումներ է անում, իսկ դա աներկբա կարգապահական պատասխանատվության հարց քննելու հիմք է, որովհետև Կարեն Անդրեասյանն իր հայտարարությամբ քաղաքականացնում է դատական համակարգը:
Իր այդ գրառման մեկնաբանությունների բաժնում Կարեն Անդրեասյանը փորձել է սվաղել իր գրառման խնդրահարույց լինելը:
Բայց Կարեն Անդրեասյանը մոռանում է, որ ինքը ԲԴԽ նախագահ է թե՛ աշխատանքային օրերին՝ ժամը 18:00-ից հետո, թե՛ կիրակի օրը՝ 10:29-ին, երբ կատարում էր այդ գրառումը, որ «որպես Հայաստանում ապրող մարդ՝ իրավունք ունենա լսել, ասել ու հիշել բոլոր լավ բաները, որ կատարվում են մեր երկրում»:
Ու պատահական չէ, որ Կարեն Անդրեասյանն այսօր ևս մի «լավ բան» է հիշել:
«Մի լավ բան #3
Հայաստանում պետական պաշտոնյային խիստ վերահսկում են լրագրողները, բոլոր իրավապահները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խորհրդարանական խմբակցությունները, հասարակական կազմակերպությունները, միջազգայինները, վերադասները, հարևանները, բլոգերներն ու մնացած բոլորը: Այսքանից հետո պիտի չար հանճար լինես, որ առանց բռնվելու մի ապօրինի բան անես:
Այսքան աչք ու այդքան քիչ փաստարկված քննադատություն սոցիալական ցանցերում: Նշանակում է կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է ստացվել»,- գրել է վերջինս այսօր իր ֆեյսբուքյան էջում:
Կապ չունի՝ Կարեն Անդրեասյանն իրեն ինչ կերպ է արդարացնում, և որքանով է այդ արդարացումը զավեշտալի: Փաստ է, որ նա հասկանում է՝ իր գրածը պրոբլեմ է: Ու հիմա ԲԴԽ-ն՝ իր կառավարելի կազմով, պիտի պատասխանի՝ Կարեն Անդրեասյանն իրավունք ունե՞ր նման հայտարարություն անել, թե՞ ոչ, քաղաքակա՞ն է արդյոք այդ հայտարարությունը, թե՞ կիրակի առավոտյան ինքը ԲԴԽ նախագահ չէ:
Ի դեպ, 168.am–ի հարցին ի պատասխան՝ ԲԴԽ մամլո խոսնակ Լիլիթ Շաբոյանը պատասխանեց՝ «Ըստ Օրենքի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա: Այս պահին ԲԴԽ որևէ անդամ նման վարույթ չի նախաձեռնել»:
Կարեն Անդրեասյանը քաղաքական պաշտոն զբաղեցնող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չէ, որ նախկինում Բաղրամյան 26 ճամպրուկներով տարվող փողերի մասին անպատասխանատու հայտարարություններ անի ու հետո «թռնի» դրանից ու զուտ բարոյական դաշտում խնդիր ունենա:
Կրկնում ենք՝ Կարեն Անդրեասյանը քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, կաշկանդված է օրենքի ուժով ու քաղաքական հայտարարություններ անել չի կարող: Մնացածը ԲԴԽ դաշտում է: