Ճնշվածն ու հետապնդվածը. երեկ՝ ՄԻՊ, այսօր՝ ԲԴԽ նախագահ, վաղը՝…
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) երեկ քննվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Նիստը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան-արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան զույգի կամքով անցկացվում էր դռնփակ ռեժիմով: Ավելի ուշ Կարեն Անդրեասյանը նաև փաստաբանների ներգրավվելուն խոչընդոտեց, և թեպետ օրենքը փաստաբանների քանակի սահմանափակում չի նախատեսում, ԲԴԽ-ում դա այլ կերպ են մեկնաբանում՝ համարելով, որ շահերի ներկայացուցիչների մեծ քանակի ներգրավումն իրավունքի չարաշահում է:
Արդարադատության նախարարությունը, սակայն, այդքանով չսահմանափակվեց: Նաև ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանին թույլ չտվեցին մասնակցել վարույթի քննությանը՝ պատճառաբանելով, թե Դավիթ Հարությունյանի ընկերն է, թեպետ Գրիգոր Մինասյանն էլ Կարեն Անդրեասյանի ընկերն է, և իրենք դա չեն հերքում, սակայն դա նրանց չի խանգարում համագործակցված կերպով իրենց համար ոչ լոյալ դատավորների լիազորությունները դադարեցնել:
168.am-ը վաղուց և հետևողականորեն մեր հանրությանը ներկայացնում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հակաիրավական գործողությունները, դատական համակարգն իրապես հեղինակազրկելու, կործանելու շարունակական քայլերը, սակայն մեր այն գործընկերները, ում համար ԲԴԽ նախագահը դեռ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում զոհի կարգավիճակի կերպարանքի քողի տակ էր հանդես գալիս, իրենց համար երեկ բոլորովին այլ Կարեն Անդրեասյան բացահայտեցին:
Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գողեգող քննվող վարույթի ընդմիջմանը լրագրողներն առիթ ունեցան տեսնելու Կարեն Անդրեասյանի իրական դեմքը:
Մենք, իհարկե, հասկանում ենք, որ վերջին ժամանակներում ԲԴԽ նախագահի աթոռը զբաղեցնող պաշտոնյայի շուրջ զարգացումները, որոնք սկիզբ առան ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության նախօրեից՝ ապրիլի 6-ից, հունից հանել են նրան, սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ, վեր էր բոլոր «սպասումներից»:
Նախ նկատելով լրագրողներին՝ անվտանգության 4 աշխատակիցների ուղեկցությամբ «քայլող» Կարեն Անդրեասյանը փորձեց փախչել նրանցից: Լրագրողները համառ գտնվեցին, և ԲԴԽ նախագահը, այնուամենայնիվ, ստիպված եղավ խոսել:
«Դուք իրավունք չունեք խոչընդոտել իմ շարժը: Ես ձեզ հայտնում եմ, որ որևէ հարցի չեմ պատասխանելու: Դա իմ իրավունքն է, կարող եք բացել Սահմանադրությունը, օրենսդրությունը, կարդալ»,-լրագրողներին սկսեց դասեր տալ Կարեն Անդրեասյանը՝ մոռանալով, որ որևէ օրենքում չկա գրված, որ ինքը կարող է հավաքել կոնկրետ դատարանի 18 դատավորի, քվեաթերթիկներ բաժանել ու փորձել դատարանի ստվերային նախագահ ընտրել, որն էլ հլու-հնազանդ կկատարի իր կամքը:
Ապա Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ հանդես է գալիս որպես դատարան, և այն, որ լրագրողներն իրեն հարց են տալիս, ճնշում է դատավորի վրա:
«Հիմա լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ…Մի՛ բղավեք, մի՛ գոռացեք, բոլորդ միասին մի՛ խոսեք…Հարցերին չեմ պատասխանելու: Դուք խոչընդոտում եք իմ շարժը»,-երևի իր դասախոսական փորձառությունը հիշեց ԲԴԽ նախագահը:
Վերջինս հայտարարեց, որ երբ ցանկություն ունենա որպես դատավոր՝ ընթացիկ դատական նիստից իր կարծիքն ասել, ինքը դա կանի դատական նիստերի ընթացքում:
«Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ՝ դատավորի աշխատանքի հետ: Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»,-ասաց Կարեն Անդրեասյանը:
ԲԴԽ նախագահը հիշողության հետ խնդիրներ ունի: Երբ Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ վերջինս կրկին առիթը բաց չի թողնում Մարտի 1-ի գործի մասին խոսել ու անել քաղաքական հայտարարություններ, կամ երբ, օրինակ, Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ վարույթի քննության ժամանակ է քաղաքական հայտարարություններ անում, Կարեն Անդրեասյանը չի հիշում. ձեռք չի տալիս:
Իհարկե, միայն Կարեն Անդրեասյանը կարող էր դատավորի օր սահմանելու մասին իր առաջարկը բերել-կապել 2008թ. Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ ու քաղաքական դիվիդենտներ շահել, մի բան, որ ԲԴԽ նախագահին արգելված է օրենքով, կամ ասել՝ ինքը կառաջարկեր, որպեսզի դատավորի օր սահմանվեր Մարտի 1-ը, որը գարնան առաջին օրն է, շատ խորհրդանշական օր, բայց որը, ցավոք, իրենցից խլել են՝ հայտնի դեպքերի հետ կապված: Կամ չբավարարվելով արդեն խնդրահարույց այս ձևակերպմամբ՝ Կարեն Անդրեասյանը շարունակել է, թե Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամենախայտառակ դատական ակտերն են կայացվել դատական համակարգում, և ՄԻԵԴ-ն ամենաշատ վճիռներն է կայացրել ՀՀ-ի դեմ:
Սուրեն Անտոնյանի վերաբերյալ քննվող կարգապահական վարույթի ժամանակ ԲԴԽ նախագահը հայտարարել էր, թե ժամանակաշրջան է եղել, երբ Բաղրամյան 26-ից զանգեր են եղել, և որոշակի գումարի դիմաց որոշում է կայացվել վարույթ ընդունելու մասին:
Սուրեն Անտոնյանի լիազորությունները, իհարկե, դադարեցվեցին, իսկ ինքը՝ նախկին դատավորը, անդրադառնալով Կարեն Անդրեասյանի այդ հայտարարությանը, ասաց. «Կարեն Անդրեասյանը 2013-ին էլ էր այդպիսի հայտարարություններ անում, երևի նա ավելի տեղեկացված է թե՛ Բաղրամյան 26-ի ցուցումներից, թե՛ կաշառք տվող-վերցնողներից»:
Սա՝ որպես հիշողության թարմացում ճնշված Կարեն Անդրեասյանի համար:
Ինչևէ, լրագրողները վերջինիս հիշեցրին, որ տեղեկություններ կան, որ ինքն էլ դատավորներին է փորձում ճնշել:
«Կարող եք ձեր մեղադրանքներով գնալ համապատասխան իրավապահ մարմին, որովհետև այն, ինչ որ Դուք եք ասում, քրեորեն պատժելի արարք է: Զրպարտության ու սուտ մատնության դիմելուց առաջ ամեն մարդ պետք է մտածի՝ ինչ է խոսում»,-ասաց Կարեն Անդրեասյանը:
ԲԴԽ նախագահի այս ելույթը ժպիտ կարող է հարուցել միայն, բայց ամեն դեպքում նրան խորհուրդ ենք տալիս հետաքրքրվել 168.am-ի հրապարակման հետքերով փաստաբան Րաֆֆի Ասլանյանի՝ գլխավոր դատախազություն ներկայացրած գրավոր հաղորդման ճակատագրով: Միգուցե իր համար հետաքրքիր բաներ իմանա: Օրինակ, իմանա, որ հաղորդումը Աննա Վարդապետյանն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, և հիմա իր ճակատագիրն այդ կառույցի ու Նիկոլ Փաշինյանի ձեռքերում է:
«Հիմա ես ձեզ ասում եմ, որ դուք քաղաքացուն, որը դուրս է եկել ընդմիջման, ով նաև իրավունք ունի քայլելու և սնվելու…Հիմա դուք որտեղ ուզեք՝ ես ձեր հարցերին պիտի պատասխանե՞մ…Դուք իմ ղեկավա՞րն եք…Դուք ո՞ր լրատվամիջոցն եք ներկայացնում»,-բարոյախրատական ճառը շարունակեց Կարեն Անդրեասյանը՝ մոռանալով, որ լրագրողներին ինքը հետաքրքիր է ոչ թե՝ որպես սովորական քաղաքացի, այլ՝ որպես ԲԴԽ նախագահ, որ պաշտոնը թողնելու հաջորդ իսկ վայրկյանից ինքը ոչ մեկին, այդ թվում՝իր գլխավերևի նկարի մարդուն՝ Նիկոլ Փաշինյանին, հետաքրքիր չի լինելու:
Հետո ԲԴԽ նախագահը լրագրողներին հորդորեց իրենց ԶԼՄ-ների խմբագիրներին հորդորել, որ կան լրագրողների էթիկայի նորմեր:
Կարեն Անդրեասյանի հոգեբանական վիճակն իսկապես մտահոգիչ է:
Իրականության հետ իր կապը կորցրած պաշտոնյային թերևս իրեն ուղեկցող խումբը պետք է իր իսկ շահերից ելնելով՝ երբեմն ստիպի իրեն կողքից նայել:
Շատ տխուր պատկեր է, երբ երբեմնի «արդարության մունետիկ, սրբի լուսապսակով ՄԻՊ-ը» լրագրողների կոռեկտ հարցադրումներին ոչ ադեկվատ պատասխաններ է տալիս, նրանց մեղադրում իրեն ճնշելու, հետապնդելու, իր ճանապարհը խոչընդոտելու մեջ, բայց նրանց հորդորում է կարդալ լրագրողների էթիկայի կանոնները:
Երբ նրան հիշեցրին, որ առհասարակ ինքը լրատվամիջոցների հետ հանդիպում չի ունեցել, որ լրագրողներն էլ իրեն փողոցում հարցեր չտան, Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ իմ իրավունքն է:
«Եվ ես պատրաստվում եմ դեռ շատ երկար հանդիպում չունենալ: Որևէ հարցազրույց չեմ տվել պաշտոնավարումից ի վեր և չեմ էլ պատրաստվում տալ, քանի դեռ զբաղեցնում եմ այս պաշտոնը, եթե այլ իրավիճակ չփոխվի»,-սպառնաց Կարեն Անդրեասյանը, ապա հրաժարվեց իր նախկին ասածներից՝ իրեն համոզելով, որ ինքը պահպանում է դատավորի վարքականոնը:
Մեր լրագրող գործընկերները, իհարկե, էլի շատ բաներ հիշեցրին Կարեն Անդրեասյանին, օրինակ, ԲԴԽ խոսնակ երիտասարդ կնոջ անունից խայտառակ հայտարարություն տարածելու մասին, բայց վերջինս միայն կրկնում էր՝ «առանց մեկնաբանության»:
Մանրամասները՝ տեսանյութում: