ՀՀ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա այս աշխարհում հնարավոր չէ, հնարավոր է փոխել վեկտորը, սակայն դա ևս կասկածելի հարց է․ Տարասով

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մակունցը, ընդգծելով, որ Հայաստանի առաջնահերթություններն են շարունակում մնալ անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունը, շեշտել է, որ սա է ուղենիշը, և բոլոր քայլերը, այդ թվում՝ Վաշինգտոնում, միտված են հենց այս հիմնարար շահերը սպասարկելուն և պաշտպանելուն։

Ըստ նրա՝ Երևանը պետք է շարժվի հայ-ամերիկյան հարաբերությունների տեմպը շարունակ ավելացնելու ուղղությամբ։

«Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանում բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ու կարգավորումը չեն հակադրվում միմյանց։ Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երրորդ պետության դեմ, այլ միտված են համակողմանի պաշտպանելու մեր կենսական շահերը»,- ընդգծել է Մակունցը։

Կարդացեք նաև

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով դիվանագիտական այս ձևակերպումներին, ասաց, որ եթե դա տեղի ունենա այնպես, ինչպես ՀՀ իշխանություններն են ներկայացնում, ապա ՌԴ-ում որևէ մեկը խնդիր չի տեսնի դրանում։ Սակայն, ըստ նրա, ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրի այդ, այսպես կոչված, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չի հաջողվել, ավելին՝ հետսովետական տարածաշրջանի պատերազմների մեծ մասը ծագել է այն պատճառով, որ Արևմուտքն անընդհատ փորձել է կրճատել ՌԴ ազդեցության գոտին՝ այս կամ այն երկրին ՌԴ-ից «կտրելով», դա անընդհատ գործընթաց է եղել, որը խտացավ ու հանգեցրեց աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին։

«Ամենադրամատիկն այս առումով եղան Վրաստանի և Ուկրաինայի շուրջ զարգացումները և դեռ շարունակվում են Ուկրաինայում պատերազմի տեսքով։ Հայաստանը ՌԴ-ից կտրելու գործընթացին էլ տվել են դիվերսիֆիկացիա անվանումը։ Այս աշխարհում, երբ Արևմուտքը սուր բաժանարար գծեր է դրել՝ կամ դեպի Արևմուտք, կամ դեպի Ռուսաստան, Արևմուտքը պարզապես չի կարող ընդունել արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա, Արևմուտքի պատկերացմամբ ու իրականում՝ ՀՀ-ն արևմտամետ քաղաքականություն է սկսում վարել։

Շատ կարևոր են ընկալումները, վերջերս ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն էր հայտարարել, թե Հայաստանը որոշում ունի շարժվել դեպի ԵՄ։ ԱՄՆ-ը չի կարող պատկերացնել, որ հարաբերություններ զարգացնի մի երկրի հետ, որը գործընկեր է Ռուսաստանին, սա բացառված տարբերակ է։ Իրականում գործընթացը շրջադարձի փորձ է։ Ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանն այս գործընթացին միշտ պատասխանողի ու պաշտպանվողի դերում է եղել, իսկ ներկայումս ընդհանրապես իր արտաքին և ներքին ողջ ներուժն ուղղված է ՈՒկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիային, որի շուրջ զարգացումներից ու որի հանգուցալուծումից էլ հետագայում կախված կլինեն գրեթե բոլոր հարցերը։

ՌԴ-ն Երևանի և Արևմուտքի քաղաքականությունը ևս նկատում է, բայց ինչպես տեսնում ենք, սուր արձագանքներ չկան, քանի որ աշխարհը փոփոխությունների փուլում է դեռ։ Սակայն կրկնեմ, որ Արևմուտքի համար սա դիվերսիֆիկացիա չէ, այլ Երևանի կողմից ՌԴ-ի հետ ռազմավարական և խորը հարաբերությունների չեղարկում»,- ասաց Տարասովը։

Ըստ նրա, սա չափազանց բարդ գործընթաց է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը բազմաթիվ վեկտորներից և ՌԴ-ից գլխավորապես կախված համակարգ է, հենց դա է պատճառը, որ ՀՀ-ն սա անվանում է ոչ թե շրջադարձ, այլ դիվերսիֆիկացիա։

«Ի՞նչ է Հայաստանը ստանալու այդ, այսպես կոչված, դիվերսիֆիկացիայից, վստահ եմ, որ Երևանին այս հարցի պատասխանը դեռ հայտնի չէ։ Հաշվի առնելով Երևանի երկարամյա քննադատությունը՝ ուղղված Մոսկվային, ենթադրվում է, որ հարաբերություններից օգուտները շատ ավելին ու էական պետք է լինեն, քան հայ-ռուսական հարաբերությունների դեպքում, սակայն վստահ չեմ, որ այդպես է լինելու, քանի որ Արևմուտքին հարկավոր է, որ ՌԴ-ն օրեցօր զրկվի իր բոլոր դաշնակիցներից և ավելի ու ավելի վատ քաղաքական ու տնտեսական իրավիճակների առջև կանգնի։

Սակայն աշխարհում նաև տեսնում են, որ ՌԴ-ն հարմարվում և հաղթահարում է նաև պատժամիջոցները, նոր, ստեղծարար ճանապարհներ ու գաղափարներ փնտրում և գտնում, ուստի ՌԴ-ն այս փուլում շատ գործընթացներ է հաղթահարում, այդ մասին նաև արևմտյան մամուլն է գրում։ Ուստի Երևանի այս արևմտյան նկրտումները լուրջ չեն ընդունվում, Մոսկվան հարցը հենց այդպես էլ փաթեթավորում է, մեղադրում դրա համար առավելապես Արևմուտքին և ոչ՝ Երևանին։ Կարծում եմ՝ իսկապես այս ամենը ժամանակավոր է և կախված է գլոբալ պատերազմի ելքից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս