ՔՊ-ականները դիվոտում էին, ասում՝ հայը ո՞րն է, հո գավառակա՞ն չենք. Սուրեն Պետրոսյան

Գեղարքունիքի մարզ կատարած Փաշինյանի այցը պետք է դիտարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր նպատակի՝ հայի ինքնության ոչնչացման ուղղությամբ տարվող քաղաքականության համատեքստում, և արձանագրել՝ այս մարդիկ հետևողականորեն տանում են իրենց օրակարգը, որը հայի ինքնության վերջնական դեմոնտաժն է՝ սկսած դասագրքերից, վերջացրած մեր հերոսներով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու նրա թիմը խորքային ատելությամբ ապամոնտաժում են այն, ինչը կապված է մեր ինքնության և ազգայինի հետ։

«Ժամանակին՝ 2018 թվականին, երբ ՔՊ-ականների հետ խոսում էինք, և ես օգտագործում էի հայ եզրույթը, ՔՊ-ականները դիվոտում էին՝ ասելով՝ հայը ո՞րն է, հո գավառակա՞ն չենք, կա Հայաստանի քաղաքացի։ Հիմա այս մարդիկ այդ օրակարգն են առաջ տանում, հետևապես՝ խնդիրն այն է, թե մենք ինչ օրակարգ ենք առաջ քաշում՝ ընդդեմ նրանց օրակարգի»,- ասաց Պետրոսյանը։

Նրա համոզմամբ՝ եթե նույնիսկ այսօր, դասական իմաստով, փորձենք դասակարգել, թե որոնք են պետության գործառույթները, ապա կարձանագրենք, որ մենք դրանք չունենք, որպես պետական գործառույթներ՝ դրանք չկան, հետևապես՝ գլոբալ համատեքստում այս իշխանության նպատակն է՝ այս տարածքը դարձնել առանց ինքնության մի տարածք, որտեղ կծաղկի առևտուրը։

Կարդացեք նաև

«Առանց ինքնության տարածք են փորձում դարձնել, որովհետև հասկանում են՝ եթե ինքնությունը չապամոնտաժեն, ապա հետագայում հայերը փորձելու են ռևանշի գնալ։ Փաշինյանից պահանջում են, որ ռևանշ չլինի, ինքը դա բավարարում է։ Ալիևի խնդիրը միտված է ապագային, այն է՝ չեզոքացնել հայի պոտենցիալը, որ վերականգնվելու հնարավորություն անգամ չունենա։ Տեսեք, թե որտեղի՞ց են սկսում՝ դասագրքերից։ Անկախ նրանից, մեր պատմությունը լա՞վն է, թե՞ վատը, միևնույն է, մերն է։ Պատմական ճշմարտության համաձայն՝ եթե մարդուն կտրում ես իր արմատից, դադարում է շարունակականությունը»,– ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Կառավարության միակ գործառույթն արտաքին փոփոխությունների արդյունքում կայացված որոշումներին Հայաստանի հասարակությանն ադապտացնելն է, քանզի այս Կառավարությունը որևէ որոշման չի կարող մասնակցել։

«Տրվում է հետևյալ օրակարգը, անում ենք ամեն ինչ, բայց չի ստացվում, խղճացեք ինձ։ Հիմա այդ ֆոնն են ստեղծում, որ ամեն ինչ կարող է լինել, որովհետև ինչ արեցինք, որևէ բանի Ադրբեջանը չի համաձայնում. կլինի պատերազմ թե զիջումներ։ Այդ ֆոնի ստեղծումից հետո Հայաստանի իշխանությունը հայ հասարակությանը մատուցելու է արդեն իսկ կայացված վճիռը՝ զիջումների կամ պատերազմի տեսքով»,- ասաց Պետրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս