ԱԳՆ-ն այս տարի էլ «չի հիշել» Բաքվի ջարդերի տարելիցի մասին. «խաղաղության օրակարգերի» պարտադրվա՞ծ լռությունը
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու՝ հայ ժողովրդի իրավունքը»,- սա հատված է Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունից:
Այս հայտարարությունը ՀՀ արտաքին գերատեսչության վերջին հայտարարությունն էր Բաքվի ջարդերի առնչությամբ. ԱԳՆ կայքէջում մեր փնտրտուքներն ապարդյուն էին ՝ ո՛չ նախորդ, ո՛չ այս տարի Բաքվի ջարդերի մասին որևէ հիշատակում որևէ պաշտոնական աղբյուրում չկար:
Թե ինչո՞ւ՝ կարելի է ենթադրել. այս իշխանությունների «խաղաղության օրակարգ»-ին «օձն իր պորտով, հավքն իր թևով» չպետք է խանգարի:
Մի կողմ թողնելով առկա իրողություններում գոյության արժանի այս ենթադրությունը՝ 168.am-ը, այդուհանդերձ, փորձեց որևէ պարզաբանում լսել ԱԳՆ-ից:
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից մասնավորապես հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված Բաքվի ջարդերի մասին՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ չհիշատակելու՝ ԱԳՆ որդեգրած քաղաքականությունը կամ գուցե հանձնառությունը:
«2 տարի, փաստորեն, ԱԳՆ-ն չի՞ հիշում»,- հստակեցրինք մեր հարցադրմամբ:
Ի պատասխան «հիշել-չհիշելու» մասին մեր հարց-հստակեցմանը՝ Անի Բադալյանն ԱԳՆ-ի՝ հունիսի 21-ի մի թվիթերյան գրառում էր ուղարկել, որում Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն էր հրավիրել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև ԱՀ-ի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներից։
Սա, սակայն, Բաքվի ջարդերի տարելիցը ԱԳՆ-ի կողմից որևէ կերպ հիշատակելու մասին մեր հարցադրման պատասխանը չէր. դարձյալ հստակեցրինք հարցադրումը: Ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակը խոստացավ՝ երբ լինի պաշտոնական մեկնաբանությունը, մեզ կուղարկեն:
Մեկնաբանությունը ստանալուն պես, այն կհրապարակենք: