Այժմ էլ պատրաստ են հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքները՝ խաբելով ժողովրդին, թե սա է խաղաղության ճանապարհը. Լարիսա Ալավերդյան

Խաղաղության պայմանագրի մասին հայկական և ադրբեջանական կողմի պաշտոնական հերթապահ հայտարարություններից հետո Իլհամ Ալիևն իր նախընտրական հարցազրույցում ներսի ու դրսի հանրությանը հասկացրեց՝ իր համար այդ խաղաղության պայմանագրի գործընթացը Հայաստանի տարածքի օկուպացիայի պլան է: Բաքվի բռնապետն ակնհայտ պահանջներ հնչեցրեց Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ խաղաղություն փաթեթավորմամբ բոլոր կարգախոսները սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը:

«Այդ ցեղասպանական գործողությունները սկսվել են անցյալ դարի 18 թվականից. պատահական չէ, որ 2015 թվականին «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ներկայացվեց ֆիլմ՝ «Ցեղասպանության մեկ դար» անվանումով: Այդ ցեղասպանական գործողությունները եղել են Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և 320-ից ավելի բանկավայրերում,- արձանագրեց Լարիսա Ալավերդյանը և հավելեց, –

Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը մեզ չի խոստանում որևէ խաղաղություն, այլ հստակ թելադրում է իր պահանջները, իսկ  դրանք, փաստորեն, նկրտումներ են ՀՀ պետության հանդեպ, ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ, դա Ադրբեջանին չպատկանող տարածքների վրա կայացած Արցախի Հանրապետության հանդեպ  ագրեսիան  և օկուպացիան է:

Կարդացեք նաև

Այս իրավիճակում չբարձրացնել հարց ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի օկուպացված տարածքների մասին, դա խաղաղության ճանապարհ չէ, այլ  պարզապես նահանջողական քաղաքականություն, որի ականատեսն ենք մի քանի տարի շարունակ, ու որը տարբեր անուններ ու բնութագրեր է ստանում»:

Ամփոփելով՝ իրավապաշտպանը նկատեց՝ օրվա իշխանությունները նահանջողական այս քաղաքականության ներքո այժմ էլ պատրաստ են հանձնել անգամ ՀՀ ինքնիշխան տարածքները՝ խաբելով ամբողջ ժողովրդին, թե սա է խաղաղության ճանապարհը:

Անդրադառնալով հենց Բաքվի ջարդերի 34-րդ տարելիցին՝ նա հիշեցրեց, որ ջարդերի մեկնարկի օրը պատահական չէր ընտրվել ջարդարարների կողմից:

«Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրը. Այսինքն՝ դա մեր սուրբ օրերի մեջ է, և այդ օրը դեռ ցարական Ռուսաստանից սկսած՝ այս տարածքում, մասնավորապես՝ Բաքվում, դա հայերի ու ռուսների համար սուրբ օր էր:

Երբ Սովետական Միությունը հաստատվեց, երբ փոխվեց տոմարը, դրանից հետո էլ 13 հունվարը սկսեցինք նշել Քրիստոսի անունը չտալով՝ որպես հին տոմարով Նոր տարի: Եվ հենց այս օրն էր ընտրվել ցեղասպանական գործողությունների համար. որևէ պատահական ամսաթիվ, տարեթիվ  չի լինում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրականացման համար»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

34 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հերթական ոճրագործությունը կատարվեց. 1988թ. փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում սկսվեցին հայության հետապնդումները, ապա 1990 թ. hունվարի 13-19-ը՝ իրականացվեցին զանգվածային ջարդեր: 1990 թ. հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ:

Տեսանյութեր

Լրահոս