Արժե՞ր արդյոք սրա համար հատուկ կառույց ստեղծել ու միլիոններ ծախսել այն պահպանելու համար
Անցած տարվա վերջին, երբ էկոնոմիկայի նախարարը չհաստատեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»՝ ԱՆԻՖ-ի տարեկան հաշվետվությունը, ակնհայտ էր, որ այս կառույցի շուրջ խմորումներ են տեղի ունենում։ Հաշվետվության չհաստատումը թեև պատճառաբանվեց նրանով, որ դրանում ճիշտ չի ներկայացվել ֆոնդի և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը, այնուհանդերձ պարզ էր, որ դա ընդամենը առիթ էր ինչ-որ գործընթացներ սկսելու համար։
Արդեն այս տարվա սկզբին հաշվետվության չհաստատմանը հաջորդեցին ԱՆԻՖ-ում ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխությունները։ Այն, կարելի է ասել, հայաֆիկացվեց։ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, տնօրենների խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենին փոխարինեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։
Նշանակվեցին տնօրենների խորհրդի նոր անդամներ՝ ի դեմս փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի գրասենյակների ղեկավարների։
Վաղաժամ դադարեցվեցին ԱՆԻՖ-ի երկարամյա տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։
Այս փոփոխություններից հետո խորհրդի կազմից ընդհանրապես հեռացավ խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը։ Հեռացավ նաև տնօրենների խորհրդի մեկ այլ երկարամյա անդամ՝ Իսիդորո Լուչիոլան։
Դրանով, սակայն, ԱՆԻՖ-ը լքողների շարքը չավարտվեց. հեռացան նաև ներդրումային կոմիտեի արտասահմանյան նախագահն ու անդամներից մեկը։
Թե ո՞րն էր այս փոփոխությունների պատճառը, այդպես էլ պաշտոնական որևէ մեկնաբանություն չտրվեց։ Բայց այն, որ դա տեղի ունեցավ, արդեն շատ բան է ասում կառույցի ու դրա արդյունավետ աշխատանքի մասին։
ԱՆԻՖ-ի պահպանումը բավական թանկ է նստում պետության վրա, իսկ արդյունավետությունն այնքան էլ տեսանելի չէ։
Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրով այս կառույցին բավական կլորիկ գումար հատկացվեց՝ ըստ էության պահպանման ծախսերի համար։ Խոսքը 1,8 մլրդ դրամի մասին էր, ինչը համարժեք է գրեթե 4-4,5 մլն դոլարի։
Այդ գումարից շուրջ 833 միլիոնը նախատեսված էր՝ աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարների, 45 միլիոնից ավելին՝ գրասենյակային և այլ ծախսերի, 27 միլիոնից ավելին՝ խորհրդատվական ծառայությունների, 10,5 միլիոնը՝ ներկայացուցչական ծախսերի և հանրային միջոցառումների համար։
Եվս 414 միլիոնը նախատեսված էր ուղղել ԱՆԻՖ-ի կողմից հիմնադրված կառույցներին։
Տնտեսության մեջ ներդրումներ, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, պետություն-մասնավոր համագործակցության ծրագրեր իրականացնելու համար 4 տարի առաջ կառավարությունը մեծ շուքով որոշեց ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը», որը հետագայում վերանվանվեց ԱՆԻՖ։
Կառույցի ստեղծման հետ կապված՝ իշխանությունները մեծ ակնկալիքներ ունեին կամ գոնե այդպես էին ներկայացնում։ Սակայն մի քանի մանր-մունր տեղական ծրագրերից բացի, չորս տարվա ընթացքում այն կարողացել է դրսից Հայաստան բերել ընդամենը 2 ներդրումային ծրագիր։ Այն էլ դեռ հարց է, թե ինչպիսի՞ն է այդ ծրագրերի արդյունավետությունը և արդյո՞ք դրանք չէին լինի, եթե ԱՆԻՖ-ն ընդհանրապես չլիներ։
ԱՆԻՖ-ի նախաձեռնած ծրագրերից մեկով էլ Հայաստանում պիտի ստեղծվեր ավտոբուսների հայ-կորեական համատեղ արտադրություն։ Ժամանակին այս ծրագիրը մեծ շուքով ներկայացվեց, հայտարարվեց, թե Հայաստանում ուր որ է ավտոբուսներ են արտադրվելու՝ Եվասիական տնտեսական միության շուկաներում իրացնելու համար։
Ավտոբուսների արտադրության հայ-կորեական ձեռնարկությունը պիտի սկսեր գործել արդեն 2020թ.։ Համաֆինանսավորման համար կառավարությունը նույնիսկ գումար հատկացրեց, բայց այդ ծրագրի մասին շատ վաղուց արդեն խոսք չկա։
Առաջին հայացքից ԱՆԻՖ-ի միջոցով չորս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ դրսից 200 միլիոնից ավելի ներդրումներ են ներգրավվել։ Սակայն գումարի հիմնական մասը մեկ ծրագրի շրջանակներում է, որը, հայտնի էլ չէ, թե ի՞նչ փուլում է գտնվում, ընդհանրապես ինչքա՞ն ներդրումներ են կատարվել դրա շրջանակներում մինչև հիմա, և ե՞րբ ծրագիրը կսկսի աշխատել ու արդյունք տալ։
Խոսքն «Այգ-1» արևային կայանի կառուցման մասին է։ Ծրագրի գինը 174 մլն դոլար է։ Գումարի շրջանակներում Թալին և Դաշտադեմ հայմայնքներում պիտի կառուցվի արևային կայան։
Հայաստանում արևային կայաններ կառուցելու նկատմամբ արտաքին ներդրողների հետաքրքրությունները, սակայն, Հետաքրքրությունների ֆոնդի աշխատանքով չէ, որ պայմանավորված է։ Այդ հետաքրքրություններն առաջացան այն բանից հետո, երբ ստեղծվեց անհրաժեշտ օրենսդրական դաշտ՝ արևային կայաններ կառուցելու համար։
Հիշեցնենք, որ դա ոչ թե իշխանափոխությունից հետո էր, այլ առաջ։ Դեռ այն ժամանակ գրեթե գործանական փուլ էր մտնում 50 մեգավատտ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը, որին պիտի հաջորդեր ևս մեկը՝ կրկին 50 մեգավատտ հզորությամբ։
Իշխանափոխությունից հետո, կառավարության դանդաղկոտության ու կասկածամտության հետևանքով, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, այս ծրագիրն էլ հետ ընկավ։
Բայց դրանից հետո էլ հետաքրքրությունները Հայաստանում արևային կայաններ կառուցելու նկատմամբ չնվազեցին։ Արտաքին ներդրողները միշտ էլ հետաքրքրված են եղել այդ ոլորտում ներդրումներ անելու համար՝ հաշվի առնելով՝ ինչպես ստեղծված նպաստավոր միջավայրը, այնպես էլ՝ կլիմայական պայմանները։
Հայաստանն արևային էներգիայի արտադրության ոլորտում բարվոք երկիր է համարվում՝ հատկապես արևային օրերի քանակով։ Այդ պատճառով ոչ միայն ներսի, այլև դրսի ներդրողների համար այս ոլորտում միշտ էլ նախընտրելի է եղել ներդրումներ անելը։ Մեծ բան պետք չէր՝ դրսի ներդրողների հետաքրքրությունները շարժելու համար։ Առանց ԱՆԻՖ-ի էլ այդ հետաքրքրությունները եղել են ու կան։
Հայաստանի հետաքրքրությունների ֆոնդի կողմից դրսի ներդրողի միջոցով իրականացված մյուս խոշոր ծրագիրը՝ Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումն էր:
Այս ընկերության կարճատև գործունեության ընթացքում բազմիցս խնդրահարույց իրավիճակներ են առաջացել։ Անցած տարվա վերջին նույնիսկ եղավ տեղեկատվություն, այսպես կոչված, ազգային փոխադրողի կողմից թռիչքների կասեցման կամ ընդհանրապես դադարեցման վերաբերյալ։ Իհարկե, հետո դա հերքվեց և պատճառաբանվեց տեխնիկական խնդիրներով։ Բայց դրանով հանդերձ, մտահոգություններն այս ընկերության հետ կապված ոչ թե փարատվեցին, այլ ավելացան։
Սրանք են եղել ԱՆԻՖ-ի այն հայտնի հիմնական ծրագրերը, որոնք անցած չորս տարիներին օտարերկրյա ներդրողների հետ իրականացվել են կամ գտնվել են իրականացման փուլում։
Հարց է, արժե՞ր արդյոք դրա համար հատուկ կառույց ստեղծել ու պետության կողմից տարեկան մի քանի միլիոն դոլար հատկացնել այն պահպանելու նպատակով։ Այդ ի՞նչ հատուկ աշխատանքներ են արվել կառույցի կողմից, որ չէր կարող անել, ասենք, էկոնոմիկայի նախարարությունը կամ պետական մեկ այլ կառույց։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ