Ադրբեջանը բացահայտ ասում է, որ վերացնելու է Արցախում վերջին 30 տարիներին կառուցված կոթողները. ՀՀ իշխանություններն այդ հարցում քաղաքականություն չեն վարում Համլետ Պետրոսյան
Ադրբեջանի կողմից մարդկային ու պատմակրոնական հուշակոթողների ոչնչացման քաղաքականության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Այդ մասին տեղյակ են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ աշխարհի տարբեր երկրներում:
Ցավոք, սակայն, գրեթե միշտ ստացվում է այնպես, որ թե՛ ցեղասպանությունների կանխարգելման, թե՛ հուշակոթողների պահպանության մասին միջազգային հարթակներում հիշում են միայն այն ժամանակ, երբ երկու գործողություններն էլ իրականացված-ավարտված են լինում:
Իսկ հստակ զսպող գործիքակազմ, որպես այդպիսին, իրականում չի էլ առաջարկվում:
Օրերս հայտնի դարձավ, որ կրոնական ազատության լուրջ խախտումներ իրականացնելու մեջ ներգրավման կամ դրանք հանդուրժելու հիմքով ԱՄՆ-ը Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում:
Թե սա ինչ ձևով կարող է ազդել ադրբեջանական գործելաոճի վրա, ու ինչ գործիքներ են կիրառվելու այդ երկրի ուղղությամբ՝ հուշարձանների ոչնչացումը կանգնեցնելու համար՝ որևէ բան չի հաղորդվում:
Monument watch գիտական ծրագրի ղեկավար Համլետ Պետրոսյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում ամերիկյան կողմի այս քայլը բնորոշեց որպես արձագանք՝ նաև իրենց թողտվությամբ իրականացված ու իրականացվող իրադարձություններին:
«Ես հակված եմ տեսնել երևույթներ, որոնք անմիջապես կապված են միջազգային հանրույթի այն շփոթմունքի հետ, որ իրենք թույլ տվեցին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը: Կարծեք թե ինչ-որ փորձ է արվում հումանիտար զանազան մոտեցումներով ու ֆինանսական ու մշակութային զանազան աջակցությամբ մի փոքր մեղմելու իրավիճակը: Սա սկզբունքային քաղաքականություն չէի անվանի: Ավելի շատ սա արձագանք է՝ արդեն իսկ տեղի ունեցածին: Բայց ամերիկյան այս արձագանքը կարևոր եմ համարում, կարծում եմ, որ դա բոլոր դեպքերում լուրջ նախազգուշացում է, քանի որ իրենք հետաքրքրված են Արցախի հուշակոթողների պահպանությամբ ու մշտադիտարկման խնդիրներով»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Monument watch ծրագրի ղեկավարի խոսքով՝ իրենք այս թեմայի շրջանակներում վերջերս մի քանի հանդիպում ու քննարկում են ունեցել: Առաջիկայում էլ ԵՊՀ-ն համաձայնագիր կկնքի Կոռնելի համալսարանի հետ: Դրա շրջանակներում էլ Monument watch-ն ու Կոռնելի համալսարանի ներկայացրած ծրագիրը պետք է գործակցեն՝ նաև այս հարցում միավորելու հնարավորություններն ու պայքարելու հուշարձանների ոչնչացման դեմ:
Ինչ վերաբերում է ամերիկյան արձագանքին, փորձագետը հույս հայտնեց, որ սա Արցախի հայաթափումից հետո ՄԱԿ-ի առաքելության այցի սցենարի կրկնությունը չի լինի: Իսկ դրա համար, նրա խոսքով, մեծ անելիք ունեն նաև թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում առկա հայապահպան կազմակերպությունները:
«Այստեղ իրադարձությունները պետք է դիտարկել երկու կողմով, մի կողմից՝ շեշտվում է նյութականացված ժառանգությանը հասցված ու հասցվող վնասները, բայց ինձ համար ո՛չ պակաս, գուցե ավելի կարևոր է նաև կրոնական համայնքին հասցվող տրավմայի դիտարկումը: Այսինքն, խոսքն այս դեպքում այն մասին չէ, որ այս հուշարձաններն այս կամ այն ձևով փորձում են փոխել, վերագործարկել կամ համարել ոչ հայկական, մյուս կողմից էլ՝ գործ ունենք Արցախում գոյություն ունեցած ամենամեծ քրիստոնեական համայնքի հանդեպ Ադրբեջանի նման կոշտ վերաբերմունքի հետ: Այսինքն, պետք է արձանագրել, որ ադրբեջանական գործողությունների հետևանքով ավելի քան 120.000-անոց հանրույթը զրկվեց իր պաշտամունքային վայրերից»,- արձանագրեց պատմական գիտությունների պրոֆեսորը՝ հավելելով, որ ամերիկյան արձագանքը վերաբերում է հատկապես կրոնական ավելի լայն գաղափարախոսությանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ է՝ կիսաքանդ վիճակում է պահում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, վերջերս քանդեցին նաև Հադրութի Սուրբ Սարգիս եկեղեցին, Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում տեղադրված խաչքար-հուշաղբյուրը՝ նվիրված Օմարի լեռնանցքում զոհված մեր տղաներին:
Ադրբեջանական իշխանություններն ամբողջությամբ փոխում են նաև Հադրութում արցախյան հայկական բնակավայրերի հատակագծերը՝ հայկական քրիստոնեական հետքն ամբողջությամբ այդ տարածքներից վերացնելու համար:
Համլետ Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանը հայկական հուշակոթողների ոչնչացումն իրականացնում է հատուկ մշակած հայեցակարգով և դրանց մասին, ի դեպ, հայտարարում է բացեիբաց:
«Առաջինը կոչվում է «օկուպանտական ժառանգություն»: Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ բոլոր այն հուշարձանները, որոնք կանգնեցվել են վերջին 30 տարիների ընթացքում՝ «օկուպանտական» են, ու դրանք «միանշանակ վերացվելու են»: Այսինքն, նա դա չի էլ թաքցնում: Եվ քանի որ դրանց մի մասն Արցախում ստեղծվել է Հայրենական պատերազմի հուշարձաններին կից, իրենք ձեռքի հետ վերացնում են նաև դրանք: Պետք է նկատել, որ այդ հարցում միջազգային հանրությունն Ադրբեջանին շատ ավելի դժվար կկարողանա մեղադրել: Դա մեր խնդիրն է:
Երկրորդ՝ Ադրբեջանը գտնում է, որ այդ հուշարձանների մի զգալի կամ հիմնական մասը հայկական չէ, բայց հիմա ինքը ձեռնպահ է մնում դրանք ինչ-որ ձևով փոփոխելուց: Մինչև դա Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք դիմելու են միջազգային զանազան փորձագետների, խմբեր են կազմելու, այդ փորձագետներն «ապացուցելու» են, որ այս հայկական հետքերը «կեղծ» են, հետո նոր որևէ գործողություն անի»,- նկատեց Համլետ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ այդպիսի եկեղեցիների ու կոթողների շարքում են նաև Շուշիի եկեղեցիները՝ Ղազանչեցոցն ու Կանաչ ժամը:
Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանը ճանապարհներ է փորձարկում՝ հասկանալու համար, թե ինչ կարող է անել՝ դրանք հայկականությունից զրկելու համար:
«Ու քանի որ նրանք Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծելուց, Ղազանչեցոցի վեղարն ընկնելուց հետո քանդել ու տեսել են, որ այնտեղ կլորավուն գմբեթ կա՝ դա «նմանեցնում են» ռուսական Ուղղափառ եկեղեցիների գմբեթներին: Այս համատեքստում ինձ համար ամենատարօրինակն ու վիրավորականը մեր, այսպես կոչված, ռուս քույր եկեղեցու պրոադրբեջանական պահվածքն է: Ադրբեջանի ռուսական Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները լիակատար աջակցություն են հայտնում՝ հայտարարելով, թե այս հուշարձանները ոչ թե «հայկական, այլ աղվանական են»»,- ցավով արձանագրեց մեր զրուցակիցը:
Ստացվում է, որ հայկական կողմը որևէ գործիք չունի՞ ադրբեջանական մշակութային ցեղասպանությունը կանգնեցնելու համար:
«Հայաստանյան իշխանություններն այդ հարցում քաղաքականություն չեն վարում: Իրենք զգուշանում են, որոշակի հեռավորություն են պահում և այդ ամենը թողել են մի քանի մասնագետների ու խմբերի հույսին: Մենք էլ հիմա փորձում ենք քայլեր ձեռնարկել այնքան, որքան մեր ուժերը պատում են»,- ասաց պատմական գիտությունների պրոֆեսորը՝ հավելելով, որ Ադրբեջանի նպատակն է առաջնային վերացնել միջազգային հանրությանը դեռևս անհայտ հուշակոթողները, որոնց ոչնչացմանը հնարավոր չէ հետևել արբանյակային դիտարկմամբ:
Նրա խոսքով՝ այս պարագայում հայկական կողմի հիմնական անելիքն այս դեպքում մնում է հետևել այս ուղղությամբ ադրբեջանական բոլոր գործողություններին ու հնարավորինս ակտիվ լուսաբանել, տարածել դրանք՝ փորձելով նաև միջազգային հանրության մոտ ստեղծել կարծիք՝ ադրբեջանական անհանդուրժողական քաղաքականության վերաբերյալ:
Պաշտոնական տվյալներով, Արցախում գրանցված 4000-4500 հուշարձան կա՝ ներառյալ ոչ քրիստոնեական հուշարձանները, մինչ քրիստոնեական հուշարձանները, ռազմահայրենասիրական հուշակոթողները և այլն: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ հուշարձանների թիվը հասնում է 6000-ի:
Համլետ Պետրոսյանի խոսքով՝ Արցախում առկա այս հուշարձաններից որևէ մեկն այսօրվա դրությամբ չի գտնվում միջազգային մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող որևէ կազմակերպության հոգածության ներքո:
«Արցախի որևէ հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված չէ: Վերջերս փորձ են արել Դադիվանքը ներառելու այնտեղ, բաց դեռ պարզ չէ՝ դա իրականանալո՞ւ է, թե՞ չէ: Ադրբեջանն իրավունք ունի իր տարածքի հուշարձանները ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Ադրբեջանը ժամանակին Շուշին ներկայացրել էր, բայց կարծես թե դա էլ մնացել է նախնական ցանկում: Այսինքն, Հայաստանը չի կարող նման բան անել: Միջազգային կառույցները կարող են դիմել այդ հարցով, բայց հազիվ թե կարողանան որևէ արդյունքի հասնել»,- ցավով համոզմունք հայտնեց պատմական գիտությունների պրոֆեսոր, Monument watch գիտական ծրագրի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Նազելի Ստեփանյան