160.000 դրամը ժողովրդի համար «պերեբոռ» է. եթե ուզեին բեռնաթափել քաղաքը, կայանատեղեր կկառուցեին. քաղաքացի
Դեռ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»՝ արագ մոռացան թե՛ Փաշինյանը, թե՛ իր կուսակից պաշտոնյաները: Իսկ արագաչափերը, տեսախցիկներն ու կարմիր գծերը ո՛չ միայն չհեռացվեցին, այլև դրանց համար նախկինում սահմանված վճարն ավելի քան տասնապատիկ ավելացվեց: Այս տարվա հունվարի 1-ից քաղաքացիները կայանատեղիների համար վճարում են՝ ըստ գոտիավորման, սահմանված նոր դրույքաչափերով:
Ա ԳՈՏԻ- Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը, Մաշտոցի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները:
Բ ԳՈՏԻ– Ա ԳՈՏՈՒՑ դուրս գտնվող Երևան քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները:
Եթե նախկինում վարորդները տարեկան վճարում էին միայն 12.000 դրամ՝ կարմիր գծերում կայանելու համար, ապա այժմ սահմանված Ա գոտու վճարովի ավտոկայանատեղիում 1 ժամվա կայանումն արժե 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթը՝ 5000 դրամ, 1 ամիսը՝ 18.000 դրամ, իսկ 1 տարվա կայանման համար վարորդը պետք է վճարի 160.000 դրամ:
Բ գոտում կայանելու համար սահմանված է 1 ժամը՝ 200 դրամ, 1 օրը՝ 1000 դրամ, 1 շաբաթը՝ 2000 դրամ, 1 ամիսը՝ 4000 դրամ, և 1 տարին՝ 24.000 դրամ:
Կայանման համար վճարից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք: Նրանք պետք է տարեկան մեկ անգամ քաղաքապետարան դիմում ներկայացնեն:
Թե որոշման մասին ինչ կարծիք ունեն վարորդները՝ շատ է խոսվել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած հանրային քննարկումների ընթացքում էլ բարձրացվել էին բազմաթիվ խնդրահարույց հարցեր: Որոշման մեջ, սակայն, փոփոխություններ այդպես էլ չկատարվեցին:
«Այդ 300 դրամը գրպանիս վրա շատ չի ազդի, բայց 160.000 դրամը հաստատ չեմ մուծելու: Շատ է, որովհետև իմ մեքենայի գույքահարկն էլ այդքան չէ՝ ԱՊՊԱ-ի հետ միասին հաշված: Այսինքն, ես դա էլ եմ մուծում ու չեմ ուզում մուծել նաև կարմիր գիծը: Հին տարբերակը՝ հարց չկա, 12.000-ը ես միշտ կողմ եմ, բայց 160.000 դրամն, ինձ թվում է, որ ժողովրդի համար «պերեբոռ» է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր զրուցակից վարորդներից մեկը:
Մայրաքաղաքի փոքր կենտրոնը բեռնաթափելու անվան տակ ընդունված Երևանի ավագանու որոշումն անարդյունավետ է համարում նաև վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այդ նույն բեռնաթափման արդյունավետ տարբերակ իրենք արդեն մի քանի տարի շարունակ ներկայացնում են, քայլեր, սակայն, այդ ուղղությամբ այդպես էլ չեն արձանագրել:
«Առաջ, ենթադրենք, իրար կողքի 10 մեքենա շատ մոտ էր կանգնում միմյանց, հիմա 5 մեքենա է կանգնում, բայց դրանց արանքով երթևեկությունը հնարավոր չէ իրականացնել: Դա ավելի շատ է խանգարում: Եթե բեռնաթափում նկատի ունեն՝ լիարժեք երթևեկելու տեսակետից, ապա դա տգիտություն է ու անիրատեսական բան է: Իսկ եթե նկատի ունեն, որ պարզապես հնարավորինս քիչ մեքենա կանգնի, այս ծրագրին այլընտրանք պետք է ներկայացվեր՝ ստորգետնյա կայանատեղիների տեսքով: Դա չարվեց, իսկ մյուս կայանատեղիներն էլ, հարմար առիթ է՝ թանկացան»,- ասաց վարորդների իրավապաշտպանը:
«Չինաստանում էլ այլ, ավելի լավ տարբերակներ կան կայանատեղիների: Իրենք 100 տեղանոց մեծ շինություններ են կառուցել, ավտոն մտնում է շենք ու բարձրանում ազատ հարկ: Եթե գոնե մի կաֆե պակաս կառուցվեր, դա հնարավոր կլիներ անել»,- ասաց մեր զրուցակից վարորդը:
Ըստ վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատուրովի՝ այդպիսի ծրագիր իրականացնել հնարավոր կլիներ, օրինակ, հողհատկացման միջոցով մասնավոր ընկերության հետ գործակցության միջոցով, ինչը պետության համար գրեթե որևէ ֆինանսական ծանրաբեռնվածություն չէր նախատեսի: Այդուհանդերձ, չնայած ավտոկայանատեղիների համար գանձվող գումարի աննախադեպ բարձրացմանը, վարորդներին որևէ ծառայություն նույնպես չի մատուցվում պետության կողմից:
«100 տարի է՝ խոսում էին, որ այդ տեսախցիկներով ապահովում են: Տեսախցիկը կա, հիմա մարդու մեքենան կարմիր գծերում վնասվում է, դիմում է տեսագրությունն ստանալու համար՝ չեն տալիս»,- արձանագրեց վարորդների իրավապաշտպան Արտակ Խաչատրյանը:
Այս պարագայում, մեր զրուցակիցը հնարավոր ռիսկեր է տեսնում՝ խախտումների ու տուգանքի բողոքարկման գործընթացների ավելացման առումով, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծելու վարչական մարմինների ու դատարանների համար:
Ի դեպ, չնայած որոշումն արդեն իսկ ուժի մեջ է մտել, վարորդները բարձրաձայնում են նաև վճարման համակարգում առկա խնդիրները: Քաղաքացիներից մեկն ավելի վաղ հայտնել էր, որ տարեկան 160.000 դրամը վճարելիս քաղաքապետարանից իրեն փոխանցված կոդն անվավեր էր ցույց տվել:
«Այդ վճարումներն անելու մի քանի տարբերակ կա: Խոսքը և՛ ամսական, և՛ տարեկան վճարումների մասին է: Վճարային համակարգերից բացի, հնարավոր է վճարում կատարել նաև բանկային փոխանցման ու բանկային հավելվածի միջոցով: Այս պահին, idram-ի ու Telcell-ի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, ու հնարավոր չէ այդ երկու օպերատորների միջոցով վճարումները կատարել: Բայց դրան զուգահեռ, կան այլ վճարային համակարգեր, ինչպիսիք են easypay-ը, epayment-ը և այլն, որոնցով լինում է իրականացնել այդ գործընթացը: Դրանք տեխնիկական բնույթի խնդիրներ են, որոնք առաջիկայում կարգավորվելու են: Այսինքն, մեկ տարբերակ չէ, որով քաղաքացիները հնարավորություն ունեն կատարելու իրենց վճարումները»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ, դրանից բացի, գործում են նաև 1045 և 5045 կարճ հեռախոսահամարները, որոնց միջոցով կատարվում են ժամային վճարումները:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առաջացած խնդիրը, արդյո՞ք քաղաքապետարանի մշակած ծրագրի խնդիր է, թե՞ օպերատորի աշխատանքի՝ Կոստանյանը դժվարացավ պատասխանել: Միայն հայտնեց, որ կայանատեղիների վճարման կարգի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարելի է գտնել կայանման տարբեր գոտիներում տեղադրված ցուցանակների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան