
Հետաքրքիր է՝ այսօրվա աղքատ և անօգնական վիճակում գտնվող գյուղացիությունից քանի՞ մարդ հնարավորություն ունի օգտվելու այդ լիզինգային վարկից․ Սարգիս Սեդրակյան

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կրկնապատկելու մասին կառավարությունը շաբաթներ առաջ որոշում էր կայացրել։ Կառավարության մայիսի 15-ի նիստում ընդունված որոշման նպատակն, ըստ պաշտոնական պարզաբանման, գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում միասնական-համանման քաղաքականության մշակումն է՝ ի նպաստ գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնման։
Սրանով լիզինգառուին հնարավորություն կտրվի ձեռք բերել մինչև 500,0 մլն դրամ արժեքով լիզինգի առարկաներ՝ նախկին 250,0 մլն դրամի փոխարեն, ինչը, ըստ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հիմնավորման, «կնպաստի գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման և ծախսերի կրճատման միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծմանը»։
Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ Սարգիս Սեդրակյանը, սակայն, կառավարության այս որոշումը ամենևին չի բնութագրում որպես օժանդակություն, աջակցություն գյուղատնտեսին։
«Երբ երկրի իշխանության լծակները և ֆինանսական միջոցները հայտնվում են փողոցից եկած պատահական և գործից չհասկացող մարդկանց ձեռքում, պետության առկա ֆինանսական միջոցները հիմնականում ծախսվում են անարդյունավետ և ոչ նպատակային,- 168․am-ի հետ զրույցում նշեց մասնագետը՝ պարզաբանմամբ,- Մեր աղքատ և ագրարային երկրում այս իշխանությունները լուծարեցին գյուղատնտեսության նախարարությունը, ավելի վաղ՝ օպտիմալացման անվան տակ, վերացրել էին նաև գյուղատնտեսության մեքենայացման վարչությունն ու տեսչությունը, ու այժմ փոխանակ օգնեն գյուղացուն, թեթևացնեն նրա բեռը՝ ինչպես խոստացել էին իրենց նախընտրական բազմաթիվ ելույթներում, գյուղացուն ուղղում են դեպի նոր, ավելի ծանր բեռի տակ՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ստացման դաշտ:
Առանց այն էլ գյուղատնտեսական տեխնիկան թանկ արժե, տեխնիկայի վաճառքի գնին գումարվում է նաև բանկերի վերադիր տոկոսները, լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Այս գործարքում պետությունը սուբսիդավորում է լիզինգի ստացման վարկի որոշակի մասը, սակայն այն իրականում շատ չնչին տոկոս է կազմում»։
Մասնագետը շեշտեց՝ օտարերկրյա փորձը ցույց է տալիս, որ պետությունը գյուղացուն գյուղատնտեսական տեխնիկան տրամադրում է տեխնիկայի իրական գնի կեսի չափով:
«Հետաքրքիր է՝ այսօրվա աղքատ և անօգնական վիճակում գտնվող գյուղացիությունից քանի՞ մարդ հնարավորություն ունի օգտվելու այդ լիզինգային վարկից: Գյուղացիության ճնշող մեծամասնությունը խրված է բանկերից վերցրած տարբեր վարկերի ու դրանց տոկոսների մեջ: Նշեմ նաև, որ սեփականաշնորհման գործընթացի արդյունքում միջինը 1,37 հա հողատարածք ստացած գյուղացու համար ցանկալի չէ գյուղտեխնիկա գնելը: Քաղաքում, իրենց կաբինետներում նստած՝ կառավարության չինովնիկները պատկերացնո՞ւմ են, թե ինչ դժվարություններով է գյուղացին գյուղմթերքներ արտադրում: Մի կողմից՝ գյուղատնտեսական նյութատեխնիկական միջոցների (դիզվառելիք, պարարտանյութ, թունաքիմիկատներ, տեխնիկա և այլն) թանկ գները, մյուս կողմից՝ բնական աղետները (կարկուտ, անձրևներ, հեղեղումներ, ցրտահարություն և այլն), մեկ այլ կողմից՝ իշխանությունների՝ երկրում իրականացված և իրականացվող սխալ ագրարային քաղաքականությունը գյուղացուն այսօր հասցրել են անելանելի վիճակի: Կարծում եմ, որ նշված լիզինգից կարող են օգտվել ընդամենը մի քանի հարուստ, ունևոր մարդ, բայց հիմնականում՝ ոչ գյուղացի»,- ասաց Սարգիս Սեդրակյանը։
Վերջինս առաջարկում է այդ գումարները ներդնել գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքներին աջակցող կամ սպասարկող միավորումներում՝ նոր տիպի «մեքենա-տրակտորային կայաններ»-ում: Նա հիշեցրեց՝ նմանատիպ ծրագիր էր մշակվել, սակայն չէր հասցրել իրագործվել դեռ նախկին իշխանությունների օրոք։
«Նոր տիպի մեքենա-տրակտորային կայանների աշխատակիցները գյուղացիների հետ կկնքեն պայմանագրեր և գյուղացու հողատարածքում կիրականացնեն վարի, ցանքի, բերքահավաքի և այլ տիպի մեքենայացված աշխատանքներ, որոնց սակագների մի մասը կսուբսիդավորվի պետության կողմից: Ես դա ասում եմ՝ որպես ոլորտին քաջատեղյակ մարդ, որպես «Գյուղտեխնիկա» միավորման նախկին աշխատակից, Գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենաների ամբիոնի նախկին դասախոս, Մոսկվայում և Ուկրաինայում գիտական աշխատանքներ իրականացրած անձնավորություն: Եվ ընդհանուր առմամբ, խորհուրդ կտայի իշխանություններին սկզբից լավ մտածել, նոր իրականացնել, և ոչ թե՝ իրականացնել, հետո՝ մտածել: Ամփոփելով՝ ասեմ, որ իրենք գործից չեն հասկանում, մասնագետի կարծիքն էլ հաշվի չեն առնում․․․»,- հավելեց փորձագետը։