![](/banners/BeFunky-design.jpg)
Իշխանությունը հավատում է 7 տոկոսանոց տնտեսական աճին, ներսի ու դրսի մասնագետները՝ ոչ
![](https://168.am/wp-content/uploads/2021/10/Tadevos-Avetisyan-4.jpg)
Համաշխարհային բանկի՝ «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» նոր զեկույցի համաձայն՝ 2024 թվականին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի՝ հասնելով մինչև 2.4 տոկոսի. պատճառը աշխարհաքաղաքական ռիսկերն են՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունները, կլիմայի փոփոխություններով պայմանավորված խնդիրները:
Համաշխարհային բանկը տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում, այդ թվում, Հայաստանում։ 2023 թվականը, ըստ ՀԲ-ի, կամփոփվի 7.1 տոկոս տնտեսական աճով, 2024-ը՝ 4.7, 2025-ը՝ 4.5 տոկոս աճերով:
Ի դեպ, ի թիվս տնտեսական աճի խոչընդոտների՝ նշվել է նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր շարունակվող լարվածությունը»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը կարծում է՝ այս իշխանությունները բաց են թողել բարձր աճերի շրջանը, որը թեև կապված չէր ներքին տնտեսական ներուժի հետ, բայց կարող էր կապիտալիզացվել:
168.am-ի հետ զրույցում նա նախ նկատեց՝ 2024 թ. արդեն տնտեսական աճի այդ բարձր տեմպերի էական նվազում է կանխատեսվում, և դա կանխատեսում են միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մեր երկրի Կենտրոնական բանկը, ապա հավելեց. «Ակնհայտ է, որ 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը՝ կառավարության թիրախը, որը դրված է «Բյուջե 2024» -ում, հնարավոր չի լինելու ապահովել: Սրանով էր պայմանավորված, որ իշխանություններն այսօր՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի հենց առաջին նիստում, բերել էին հարկային խստացումների և արտոնությունների վերացում նախատեսող նախագծեր:
Լավ օրից չէ, որովհետև իրենք կանխատեսում են, որ այդչափ եկամուտներ չեն ունենալու, չի լինելու 7 տոկոս տնտեսական աճ, և արդեն իսկ սկսել են վերացնել հարկային արտոնությունները: Բայց դրանով խնդիրը չեն լուծելու. լավագույն դեպքում՝ կարճաժամկետ արդյունք կունենան, որովհետև, ի վերջո, եթե ապախթանում են ներդրումները հարկային գործիքով, դա հետագայում բերելու է նաև ներդրումային պրոյեկտների նվազման, հետևանքը լինելու է հարկերի նվազում:
Երկրորդ նախագիծը, փաստացի, մեծ շինարարական բում ապահովող եկամտահարկի վերադարձի նախագծի վերացմանն էր միտված, ինչը նորից պայմանավորված է նույն գործոնով: Այսինքն՝ 2023-ին շուրջ 52 միլիարդ դրամ եկամտահարկ են վերադարձրել ու տեսնում են, որ 2024 թվականին ունենալու են լուրջ դժարություններ (այսինքն՝ կամ պարտքի ավելացման գնով պետք է դա լինի, կամ հարկային խստացումների ներդրմամբ):
Այս համատեքստում անդրադառնալով պետական պարտքի աճող բեռին՝ տնտեսագետը նշեց, որ 2022-2023 թթ. բարձր տնտեսական աճերը բերել են պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության որոշակի բարելավման, սակայն փաստ է, որ պետական պարտքն այս իշխանությունների օրոք բարձր տեմպերով՝ տարեկան 10 տոկոսից ավելի աճում է:
«Այդ բարելավումը եղավ ՀՆԱ հաշվին, որն արտաքին պատահական գործոններով էր պայմանավորված»,- նշեց նա, ապա նկատեց, որ սրան զուգահեռ՝ առկա է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի նվազում, որն այդ գործոնների թուլացման ուղղակի հետևանքն է: