«Միջանցք» անվանումը դարձնում են «դյուրացված մաքսային ռեժիմ». դա նույն միջանցքն է դառնալու. քաղաքագետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի Երևան կատարած այցին՝ հայտարարեց, որ հիմնական նպատակն է՝ կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում:

Մինչդեռ գերիների փոխանակումից հետո ադրբեջանական կողմը նորից հայտարարեց, ընդ որում՝ ո՛չ մեկ անգամ, որ պետք է երկկողմ բանակցություններ անցկացվեն՝ ամեն կերպ խուսափելով ներկա գտնվել արևմտյան հարթակներում նախաձեռնված որևէ հանդիպման:

Ավելին, ադրբեջանական կողմը փորձեր արեց նաև Վրաստանը ներգրավելու գործընթացում՝ որպես բանակցությունների հարթակ, ինչը, սակայն, արդյունքներ չգրանցեց:

Քաղաքագետ Արա Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական կողմից ուղարկված պայմանագրի վերջին տարբերակին: Նա համոզմունք հայտնեց, որ այնտեղ, ըստ ամենայնի, առնվազն մինչև այժմ հայկական կողմին ներկայացված տարբերակն ամբողջովին չի արտահայտում ՀՀ այսօրվա իշխանությունների հետապնդած մինիմալ շահերը:

Կարդացեք նաև

«ՀՀ իշխանությունները նաև հավանաբար հասկացել են, որ ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի Ադրբեջանի հետ, չկա երաշխիք, որ այդ երկիրը որևէ պահի պարզապես ինչ-ինչ հանգամանքներ չի օգտագործի՝ Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանք իրականացնելու համար: Վերջերս էլ Բաքվի կողմից շատ է հնչում միտք, որ փաստաթուղթը պետք է հստակ դրույթ պարունակի, որով Հայաստանը կհրաժարվի, և կարգելվի ռևանշի անգամ որևէ միտք Ադրբեջանի նկատմամբ: Սա բավականին վտանգավոր միտք է: Սա նաև հայկական մեդիադաշտում բավականին տարածվեց, եղան մեկնաբանություններ: Բայց Ադրբեջանը շարունակում է իր այս խոսույթը, և վստահ եմ, որ այս կամ այն կերպ, այդ փաստաթուղթը պարունակում է էլեմենտներ՝ նաև սրա վերաբերյալ, ինչն ինքնին կարելի  բնորոշել՝ որպես «կազուս բելլի» (պատերազմի առիթ։- Ն.Ս.)»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այս պարագայում, Հայաստանը որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ առնվազն պետք է վստահ լինի, որ ի վիճակի է լինելու ստիպել հակառակ կողմին՝ կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Իսկ Հայաստանը, ըստ նրա, այս պահին չունի ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական ներուժ՝ դա ինքնուրույն ապահովելու համար: Այս ֆոնին էլ, քաղաքագետի գնահատմամբ, պարզ է, որ Ադրբեջանն ուզելու է ավելին՝ հաշվի առնելով այդ երկրի իշխանությունների հայտարարությունները, որ պարտադիր չէ խաղաղության պայմանագիրը ներառի սահմանազատման ու սահմանագծման հարցը և պետք է լինի սկզբունքների համաձայնեցման մասին: Դա, ըստ նրա, արված էր նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթում, սակայն այն որևէ ձևով խոչընդոտ չդարձավ Ադրբեջանի համար՝ Արցախի Հանրապետությունում էթնիկ զտում իրականացնելու և ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական սադրանքներ սկսելու, տարածքներ զավթելու հարցում:

«Մենք տեսանք, որ այստեղ որևէ փաստաթուղթ ու միջազգային ատյան չաշխատեց: Հետևաբար, ՀՀ իշխանությունները հատկապես այս փուլում շահագրգռված են, որ հատկապես արևմտյան որևէ հարթակում լինեն բանակցությունները, որովհետև հավանաբար գոնե հիմա հասկացան, որ երկկողմ մակարդակում Ադրբեջանի հետ հնարավոր չէ պայմանավորվել:

Ենթադրում եմ, որ հավանաբար հասկացան, որ նույնիսկ Ադրբեջանի այս վերջին ժեստը՝ երկկողմ ձևաչափում գերիների մի մասի փոխանակության հետ կապված, ընդամենը ժեստ էր՝ ՀՀ իշխանություններին բերելու իր դաշտ և համոզելու, որ երկկողմ ձևաչափում կարելի է ավելի արդյունավետ բանակցել»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ հիշեցնելով նաև ԱՄՆ-ի վերջին չկայացած հանդիպումից հետո Ադրբեջանի գործադրած ջանքերը՝ Վրաստանին բանակցություններում ներգրավելու հարցում:

Այս առումով էլ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ դա հենց սկզբից կենսունակ գաղափար չէր, քանի որ Վրաստանն անգամ իր սեփական խնդիրներում չի կարող երաշխավոր լինել:

«Մյուսը՝ տարածաշրջանային 3+3 հարթակն էր, որը դարձավ 3+2: Դրան էլ գոնե ՀՀ իշխանությունները կենսունակություն չհաղորդեցին ու իրականում այն նաև անկենսունակ հարթակ էր, քանի որ այդտեղ կային տարասեռ շահեր: Հայաստանի կենսական շահերի սպասարկման իմաստով թերևս կարելի է վկայակոչել միայն Իրանին: Մնացածը, այդ թվում՝ ՌԴ դեպքում, հարցը նույնպես խնդրահարույց է: Ռուսաստանի տարբերակում էլ ՀՀ իշխանությունները հակված չեն: Հետևաբար, Ադրբեջանի համար ամենանպաստավորն է՝ համոզել Հայաստանին ու բերել երկկողմ ձևաչափում խնդիրները կարգավորելու դաշտ, ինչն էլ, տեսնում ենք, որ հավանաբար հասկացան, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ»,- ասաց քաղաքագետը:

Հարցին՝ իսկ Ադրբեջանին որքանո՞վ է հնարավոր համոզել գնալ արևմտյան հարթակ՝ հաշվի առնելով անցած տարվա ընթացքում այդ երկրի քաղաքականությունն ու արևմտյան հարթակներից խուսափելու մոտեցումը, նա պատասխանեց, որ դա կարող է հնարավոր լինել, եթե այդ գործառույթը ստանձնում է ԱՄՆ-ը՝ բավարար չափով կամք ունենալու դեպքում: Իսկ ռեսուրսներ այդ երկիրն ունի:

«Բայց թե որքանով այդ երկիրը կունենա քաղաքական կամք՝ Ադրբեջանին հարկադրելու, կդժվարանամ ասել: Հատկապես հիմա, երբ Ադրբեջանը հաղթանակից շլացած վիճակում իրեն զգում է՝ որպես Հարավային Կովկասի տեր և, մեծ հաշվով, կարծում է, որ գերտերությունները պետք է հաշվի նստեն նաև իր հետ, ոչ թե ինքը պետք է նախկինի պես հնազանդվի նրանց կամքին: Այս պարագայում պետք է հասկանալ նաև, թե որքանով են ԱՄՆ շահերն այս դեպքում ձեռնտու, ու դա իրականացնելու դեպքում այդ երկիրն օգտագործելու է ի՞ր շահերը, թե՞ ՀՀ կենսական շահերի ինչ-որ բաղադրիչը զիջելու հաշվին»,- ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ հավելելով, որ դրա հաշվարկները պետք է կատարեն կոմպետենտ պաշտոնյաներն ու այդ ամենը մանրամասնորեն ներկայացնեն հանրությանը:

Հանրայինին տված նույն հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով «խաղաղության պայմանագրին»՝ հայտարարեց, որ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկներին: Նա նաև հայտնեց, որ համաձայնություն կա՝ հունվարի վերջին հանդիպում անցկացնելու դելիմիտացիայի հանձնաժողովների միջև:

Այդուհանդերձ, նրա ձևակերպմամբ, «խաղաղության պայմանագրի» կնքման ուղղությամբ բանակցությունների գործընթացում որոշակի հետընթաց է արձանագրվել:

«Կային որոշ հարցեր, որտեղ ևս որոշակի առաջընթացներ էինք գրանցել, բայց «խաղաղության պայմանագրում» այդ առաջընթացը չենք տեսել: Այսինքն, հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, բայց «խաղաղության պայմանագրի» տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել»,- ասել էր Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե իրենք հրաժարվել են ուժի սպառնալիքով «Զանգեզուրի միջանցքը» ձեռք բերելու մտադրությունից՝ քաղաքագետ Արա Պողոսյանը սրան հակադրեց Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

«Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարն էլ հայտարարեց, որ մինչև 2029 թվականը պետք է ամբողջությամբ իրականացվի, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» պրոյեկտը: Սա նշանակում է, որ հրաժարման մասին խոսք չկա, ընդամենը մարտավարական դադար է, առնվազն միայն Ադրբեջանի կողմից: Բայց ծրագիրն առնվազն խոսույթի մակարդակում կա, ու Թուրքիայի գլխավորությամբ փորձում են պահել կենսունակ: Իսկ նպատակն է հետագայում չունենալ կոնկրետություն ու դա ծառայեցնել իրենց շահերին: Չմոռանանք նաև «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը, որին իրենք փորձում են միս ու արյուն տալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ո՛չ անխոչընդոտ անցման հարց:

«Սա նշանակում է, որ «միջանցք» անվանումը փոխվում է «դյուրացված մաքսային ռեժիմ» անվամբ: Էության մեջ սա ինքնին միջանցք է դառնում, որովհետև եթե ՀՀ-ն չի կարող ստուգել և վերահսկել իր տարածքով անցնող ճանապարհը, անձնակազմը, գույքն ու տեխնիկան, նշանակում է, որ ՀՀ-ով անցնում է էքստերիտորիալ տարածք՝ միջանցք: Այնպես որ, անվան փոփոխությամբ փորձ է արվում մոլորություն ստեղծել»,- ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ «մաքսային դյուրացված ռեժիմը» ստանալու դեպքում Ադրբեջանը տարբեր սադրանքների միջոցով փորձելու է վերահսկողությունը տեղափոխել եթե ոչ՝ իր, ապա՝ թուրքական ուժերի ձեռքը:

Իրենց տարբեր հարթակներում, ըստ նրա, անգամ ճանապարհային քարտեզներ են ներկայացվում, թե ինչպես կարելի է, ի վերջո, հասնել վերջնական «միջանցք» ձևակերպման:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս