Պատերազմ և մոռացություն․ հիշողության պահը

Վանիկ Աբազյան, Ռոբերտ Բեջանյան, Դավիթ Գևորգյան, Տիգրան Զաքարյան,  Մխիթար Գալեյան, Տարոն Անդրեասյան, Ալբերտ Հովհաննիսյան… չորս հազարից ավելի անուն-ազգանուններ, որոնք լավագույն դեպքում կարելի է գտնել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի անուններն ամփոփող հուշամատյաններում։ Նահատակված երիտասարդներից մի քանի տասնյակի անուններն այս կամ այն չափով հայտնի են հասարակությանը՝ նրանց հարազատների ակտիվության, ընկերների նախաձեռնությունների, ծառայակիցների հերոսապատումների շնորհիվ։

Ռաշիդ Բեգլարյան, Վագիֆ Խաչատրյան, Վիգեն Էուլջեքչյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Բաբայան, Դավիթ Մանուկյան, Ռուբեն Վարդանյան… ևս մի քանի տասնյակ անուն-ազգանուններ՝ վարորդից մինչև նախագահ ու նախարար, ովքեր գտնվում են ադրբեջանական գերության մեջ։

Նրանց մի մասին մենք հիշում ենք, երբ ի հայտ են գալիս տեղեկատվական առիթներ, ընդհանրության մեջ՝ մոռացության ենք մատնել, ինչպես հազարավոր զոհերի հիշատակը։

Անհատական մակարդակում ցավ ապրելով, մենք հավաքականորեն՝ որպես հանրություն, մոռացել ենք նրանց, որովհետև հիշելը կարող է հոգեբանական դիսկոմֆորտ պատճառել առաջինների նահատակության, երկրորդների անձնազոհության շնորհիվ շարունակվող կյանքը վայելելիս։

Կարդացեք նաև

Այո, այդ մոռացումն առաջին հերթին ձեռնտու է իշխանությանը, որի փափկասուն անդամները կեղտոտ քարոզչական նպատակներով առանձնացնում են մի քանի զոհերի, լուսանկարվում են նրանց ծնողների հետ՝ այդպիսով տարանջատում մտցնելով նաև նահատակների հարազատների միջև։

Գերիների մասին մոռացումն առավել ևս բխում է իշխանության շահերից, քանի որ գերիները նրանց խանգարում են գերեվարողի հետ «խաղաղություն հաստատելու» գործընթացում։ Բայց մենք՝ որպես հանրություն, որպես հավաքականություն՝ մեր մոռացությամբ՝ գիտակցված կամ ոչ, նպաստում ենք իշխանական մոռացությանը, որը ոչ միայն ծառայում է նրանց ընթացիկ քաղաքական նպատակներին, այլ ժամանակի մեջ մաքրում է անմաքրելի մեղքը։
Հիշատակված և չթվարկված անուն-ազգանունների կրողները մարդիկ են, անհատներ՝ իրենց ընտանիքներով, հարազատներով, ընդհատված և խեղված ճակատագրերով, փառավոր կենսագրությամբ, առավել քան անորոշ ու մռայլ ապագայով։

Տասնյակ գերիների ճակատագիրն այդպես է ընթացել, հազարավոր զոհերի կյանքը՝ ընդհատվել, այլ անուններ ու ազգանուններ կրող մարդկանց, պաշտոնյաների կայացրած որոշումների, չարդարացված հաշվարկների, փառասիրության, դավաճանության, բազմաթիվ այլ քայլերի պատճառով։

Հազարավոր երիտասարդների մահը և տասնյակների գերությունն ունի պատասխանատուներ, կրկին կոնկրետ անուններով ու ազգանուններով, որոնց զգալի մասը՝ հայկական բանտերում հայտնվելու փոխարեն, նաև հայ ռազմագերիների՝ ադրբեջանական բանտերում հայտնվելու գնով, այսօր գտնվում են կառավարական շենքերում ու աշխատասենյակներում։ Բայց նրանց գտնվելու վայրի ու պատասխանատվության, մեղքի միջև կորելացիա չկա։

Բոլոր այդ որոշումներ կայացնողների արդարացումը կամ փրկությունն ամփոփվում է մեկ բառով՝ «պատերազմ», որի ժամանակ սովորական պայմաններում ցմահ ազատազրկում արժեցող մարդու մահվան մեղքը լղոզվում է վիճակագրության մեջ։ Բայց եթե կա պատճառահետևանքային կապ կայացված որոշումների ու մարդկանց մահվան միջև, չի կարող փրկել անգամ պատերազմը, որում ունեցած մեղավորության համար նորմալ հասարակություններում իշխանությունն առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում։

Հայկական իրականության սատանայականությունն այն է, որ այստեղ մարդկանց մահվան մեջ մեղավորները գոնե քաղաքականապես դատվելու փոխարեն, պահպանեցին իշխանությունն ու իրենք դարձան դատողներ։

Հայտնի է՝ չպատժվող հացնագործությունը ծնում է նոր հանցագործություն։ Եվ որքան մեծ է չհատուցվող մեղքի չափը, այնքան ավելի մեծ կարող է լինել դրա չպատժման արդյունքում կատարելիք նոր հանցագործության ծավալը։

Հատկապես, որ նոր հանցագործությունը կարող է մաքրել նախորդի արյունոտ մեղքը, ինչին մեծապես նպաստում է նաև հանրության հավաքական մոռացումը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս