Ողջ ազգին «գործ տվող» դարձրած իշխանության ներկայացուցիչը բողոքում է «Հայոց պատմություն-7» դասագրքի հրապարակային քննարկումներից

Դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը:

Բնականաբար, հարց հնչեց նաև 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» սկանդալային, կեղծիքներով ու պատմության խեղումներով լի դասագրքի վերաբերյալ, որի շուրջ աղմուկը չի դադարում արդեն 4 ամիս:

168.am-ը բազմիցս է անդրադարձել դասագրքին, զրուցել ոլորտի մասնագետների հետ, վեր հանել դասագրքի խնդրահարույց հատվածները, քարտեզները, բովանդակային խեղումները, թուրքական ազգայնական պատմագիտական նկրտումները սպասարկելու միտումները և այդ առնչությամբ ադրբեջանական պրոպագանդայի ցնծությունը:

Դասագրքի վերաբերյալ նաև քննարկում կազմակերպվեց ոլորտային շուրջ 20 գիտնականների մասնակցությամբ: Քննարկմանը հրավիրված են եղել ականավոր պատմաբաններ, նեղ մասնագետներ, հնագետներ, արևելագետներ:

Կարդացեք նաև

Քննարկման արդյունքներով՝ հայտարարության տեքստ է հրապարակվել, որի տակ ստորագրել է գիտնականների պատկառելի կազմ, որոնցից շատերը, մեր տեղեկություններով, անգամ անձնական խնդիրներ ունեն միմյանց հետ: Բայց այս մարդիկ վեր են կանգնել միջանձնային հարաբերություններից, անձնական ամբիցիաներից՝ հանուն երեխաների, հանուն ազգային կրթության ու ազգային նվիրական նպատակների, հանուն պատմության չխեղման: Ընդհանուր առմամբ շուրջ 20 գիտնական Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը հորդորել է կասեցնել աղմկահարույց դասագրքի կիրառումը հանրակրթական դպրոցներում:

«Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն-7» դասագրքին, այս մասով նախարարությունը զբաղվել է և զբաղվել է դեռևս մինչև այն պահը, երբ հարցերը սկսեցին հնչել հանրային տիրույթում… Քանի որ դասագիրքը հանրային որոշակի հնչեղություն ստացավ, և կային նաև մասնագետներ, որոնք ոչ հանրային, սա պետք է հատուկ ընդգծեմ, որովհետև կային մասնագետներ, որ ուղղակի հենց սկզբից դիմել են նախարարություն, եկել են ու ներկայացրել են իրենց մասնագիտական դիտարկումները… Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց, որովհետև եթե մարդն ունի ասելիք, մենք միշտ պատրաստ ենք լսել, և պարտադիր չէ՝ դրա ձևը լինի որոշակի ոճը, որը ընտրվել է շատերի կողմից…»,- մասնավորապես հարցի հանրայնացման վերաբերյալ իր դժգոհությունն էր հայտնել Ժաննա Անդրեասյանը:

Սա ասում է մեկը, ով հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հոխորտում էր, թե՝ համակերպվեք դասագրքի գոյության հետ կապված աղմուկի հետ: Այսինքն՝ անգամ հրապարակային դաշտում բարձրացված աղմուկից հետո ԿԳՄՍՆ-ն չէր ընդունում, որ դասագիրքը, շատ մեղմ ասած, խնդրահարույց է:

Բայց Ժաննա Անդրեասյանի մուննաթի մեջ առավել արտառոց բան կար: Դասագրքի վերաբերյալ հրապարակային քննադատությունից բողոքում էր մի իշխանության ներկայացուցիչ, որն ընդունել է Ազդարարի մասին օրենքը, որի քաղաքական ղեկավարը մարդկանց հորդորում էր լուսանկարել դիմացից ընթացող իրավախախտ վարորդին, և, ի վերջո, որը գրեթե ողջ ազգին կարողացավ դարձնել այնպիսին, որ մարդիկ մտածեն՝ մատով ցույց տալը լավ է ու ճիշտ է:  Ու հիմա հեչ չի նայվում, երբ ազգին «գործ տվող» դարձրած ՔՊ-ական, փաշինյանական իշխանության, ռեժիմի ներկայացուցիչը փարիսեցիաբար բողոքում է իր տիրույթում գտնվող որևէ հարցի հրապարակային քննարկումից:

Տեսանյութեր

Լրահոս