Պրահայի հայտարարությունը դարձավ անկյունաքարային հետագա ողջ գործընթացի համար. Աննա Կարապետյան
««ԵԱՀԿ. Ղարաբաղյան դոսյե» գիրքն ամփոփել է հիմնականում ԵԱՀԿ ներքո ընթացող գործընթացը՝ հանգելով նրան, որ, փաստացի, արդեն 2023 թվականի հունվարի դրությամբ չունենք գործընթաց ԵԱՀԿ շրջանակներում, փոխարենը՝ ունենք երկու մրցակցող միջնորդություն՝ արևմտյան և ռուսական, որոնք գործընթացը դուրս են բերել այն իրավական հիմքերից, տրամաբանված շրջանակներից, որի ականատեսն ենք եղել տարիների ընթացքում»,- «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը՝ 2024 թ. նախաշեմին» խորագրով միջոցառման ժամանակ «Բանակցային գործընթաց. միջնորդական պայքար» զեկույցում նշեց գրքի հեղինակ, քաղաքագետ Աննա Կարապետյանը:
Աննա Կարապետյանի դիտարկմամբ՝ ՌԴ-Արևմուտք պայքարը տարածաշրջանի համար սրվեց Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, ու այդ պայքարը տեղափոխվեց նաև դեպի Արցախյան հակամարտություն:
Ըստ նրա՝ այդ հարցում անմասն չէին նաև ՀՀ գործող իշխանությունները, որոնց փորձերն այդ հակասությունների վրա խաղալու և դիվիդենտներ քաղելու հարցում քաղաքագետը համարեց ձախողված:
«Ականատեսը եղանք նրա, որ երկու միջնորդական ձևաչափերը սկսեցին ճնշում գործադրել ՀՀ-ի վրա՝ փորձելով կորզել նոր զիջումներ, և դրանք ամրագրել՝ որպես սեփական հաջողություն բանակցային գործընթացում:
Այսինքն՝ ստացվում է, որ երկու առանձին միջնորդներ ճնշում են գործադրում ՀՀ վրա՝ կորզելով նորանոր զիջումներ՝ դրա հաշվին փորձելով առաջ մղել սեփական մոտեցումները:
Դրա ակնառու դրսևորումներից մեկը դարձավ 2022 թվականի վերջում Պրահայի հանդիպումը, որի ժամանակ հղում կատարվեց Ալմա Աթայի հռչակագրին, և դրա հիման վրա կողմերը պայմանավորվեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու դրա հիման վրա իրականացնել դեմարկացիա և դելիմիտացիա: Եվ փաստացի այդ հայտարարությունը կարծես դարձավ անկյունաքարային հետագա ամբողջ գործընթացի համար, որովհետև մենք տեսանք՝ չնայած նրան, որ այդ հայտարարությունն արվեց Բրյուսելի միջնորդությամբ, այդուամենայնիվ ՌԴ-ն վերցրեց էստաֆետը,: ՌԴ-ն սկսեց դրա վրա հղվելով՝ իր գործընթացն առաջ մղել՝ ասելով, որ հենց Պրահայում է Հայաստանը համաձայնել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ փաստացի ճանաչել է Արցախն Արդբեջանի մաս. հետևաբար՝ ձեր խնդիրները մեզ հետ չեն»:
Անդրադառնալով բանակցային հետագա գործընթացներին՝ Աննա Կարապետյանն արձանագրեց, որ 2023 թվականը մեկնարկեց բանակցային որոշակի փակուղային իրավիճակով: Նա հիշեցրեց, որ Արցախի շրջափակումից հետո Արարատ Միրզոյանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայի հանդիպմանը, և միայն մայիսին ԱՄՆ ջանքերով բանակցային գործընթացը վերսկսվեց.
«Բայց աբսուրդային էր, որ բանակցությունների թեման ոչ թե ապաշրջափակումն էր, այլ հակամարտության կարգավորմանը վերաբերող գլոբալ օրակարգը»:
Անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան հակամարտության էությանը՝ քաղաքագետը հիշեցրեց՝ Արևմուտքի համար կոնֆլիկտի կարգավորումը կարևոր է, առաջին հերթին՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու կոնտեքստում, իսկ ՌԴ-ի համար կարևոր է իր շարունակական ներգրավվածությունը կոնֆլիկտում.
«Եթե կոմունիկացիաները բացվում են, ապա լինի նոյեմբերի 9-ի տրամաբանության ներքո, եթե դելիմիտացիա է իրականացվում, լինի իր առաջարկած քարտեզների հիման վրա»:
Բանախոսի կարծիքով՝ այս մրցակցությունը, ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ՝ նոր հնարավորություններ է ընձեռում:
«Հնարավորություն կստեղծեր, եթե ունես այնպիսի իշխանություն, որն առաջնորդվում է ազգային պետական շահերով և փորձում է այդ մանևրի դաշտերն օգտագործել սեփական օրակարգերն առաջ մղելու համար, սակայն մենք հակառակ իրավիճակն ունենք այսօր. բախվում ենք մրցակցության մարտահրավերի հետ»,- հավելեց Աննա Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում