Փաշինյանը լավ դերասան է, բայց ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ թատրոն չէ, մահն էլ խաղ չէ, որ ծափահարություններից հետո ծաղիկ ստանաս. Արթուր Աթանեսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նույն պատմությունն ունենալով, նույն ազգից լինելով՝ հայերս շատ տարբեր ենք։ Մեր հասարակության այս վիճակը ես կպայմանավորեի պոստտրավմատիկ շոկով․ոմանք գերակտիվ են դառնում, ոմանք մեկուսանալով են արձագանքում տրավմատիկ սթրեսին… Բայց բոլոր սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ որևէ մեկն անտարբեր չէ երկրում տեղի ունեցողի նկատմամբ։ Բոլորը և անտարբեր չեն, և տառապել են, բայց ի ցույց դնելուց յուրաքանչյուրն իր ձևով է արձագանքում երկրում տեղի ունեցածին…
- Արժեքների փոփոխությունն այդքան հեշտ տեղի չի ունենում։ Մեր պատմական, առասպելական, հիմնականում՝ տղամարդ հերոսներն այսօր էլ իդեալականացվում են։ Բոլորի համար իդեալական հայը նույնն է։ Որևէ մեկի համար հերոս չէ մարդու, հերոսի այն տեսակը, ով իրեն ու բացառապես իր շահն է պաշտպանում։ Մեր այսօրվա դրական հերոսները դարձյալ Սասունցի Դավիթն ու Նժդեհն են, Մոնթեն։ Բացասական կերպարներ են Քաջ Նազարը, Անբան Հուռին, այսինքն՝ դավաճան, անբան, անօգուտ մարդիկ։
- Հայը զիջող է, բարի, ոչ հաշվարկող։ Գիտության մեջ այդ հատկանիշը չի խրախուսվում, բայց մեր ընկալումներում դրանք դրական հատկանիշներ են։
- Այսօրվա բազում հետազոտություններ, տալով այն հարցի պատասխանը, թե ո՞վ է մեր այսօրվա հերոսը, շատերն ասում են՝ մեր հերոսը զինվորն է։
- Պետական մակարդակում հերոս չկա։ Սա ասում են բոլորը, ցանկացած մարդ։ Այսինքն՝ մարդիկ այսօր պետական մակարդակներում հերոսներ չեն տեսնում: Այսօրվա հայաստանցին հերոս է ընկալում ազնիվ ու ժողովրդին ծառայող մարդուն։
- Յուրաքանչյուր բան հաշվարկվում է և ներքին, և արտաքին քաղաքականության մեջ։ Երբ ոչինչ չանելով, ծրագրային ոչինչ չունենալով՝ մտածում ես, որ մի օր լավ կլինի, դու չես կարող գրագետ մարդ համարվել։
- Անվտանգությունը եռամակարդակ երևույթ է՝ մարդու, խմբի, պետության միասնություն։ Դու չես կարող պաշտպանված մարդ լինես, եթե պետությունդ պաշտպանված չէ։
- Պետական անվտանգություն մենք չունենք, ունենք որոշ մարդկանց ու խմբերի պաշտպանվածություն։
- Նեգատիվ հերոսներ են նշվում, դրական հերոսների տեղը թափուր է։
- ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սովետական մտավորական էր, հաջորդ առաջնորդները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական, ռազմական առաջնորդներ էին ու շատ էֆեկտիվ։ Յուրաքանչյուրն իր ժամանակի ներկայացուցիչն էր՝ ժամանակի միտումներն իր մեջ կրող։ Նրանք ուժեղացրին մեր տնտեսությունը, մեր բանակը։
- ՀՀ այսօրվա լիդերը՝ Փաշինյանը, տուրք է տալիս քաղաքական գործչի այն միտմանը, որ պետք է պարզապես դուր գալ ընտրողին։ 21-րդ դարի միտումը շոումեններ ստեղծող մոտեցումն է, և Հայաստանի այսօրվա լիդերը ըստ էության դրա պրոդուկտն է:
- Զելենսկին խաղում է զինվորական առաջնորդի դեր, բայց դեր խաղալով, միևնույն է, զինվորական չեն դառնում, ոչ էլ երկիր են պահում: ՀՀ ներկայիս առաջնորդը՝ Փաշինյանը, անընդհատ փորձում է մի նոր դեր խաղալ. փորձեց խաղալ զինվորականի դեր և պարտվեց պատերազմում։ Եթե դու հրանոթի ձայնը չես տարբերում, եթե ունակ չես կառավարել տղամարդկանց խումբ կամ կոլեկտիվ, դու չես կարող խաղալ այդպիսի դեր։
- Մենք նախկինում եղել ենք կայուն պետություն, իսկ հիմա, ցավոք, ղեկավարում են միտումներով։
- Պիտի ղեկավարվենք առաջնորդներ ստեղծող ներքին «գործարաններով»։ Մեզ կայուն ազգային լիդերներ են պետք։
- Քաղաքականության մեջ, պայմանական ասած՝ շենքի ներսն ու փողոցը հավասարապես են ազդում քաղաքական գործընթացների համար։ Վատն այն էր, որ 2018 թվականին փողոցի ստեղծած լիդերին չհակադրվեց շենքի լիդերը։
- Ինչքա՜ն հայ կին ամեն ինչ արեց, որ իր տղան վախենա բանակից, բանակն ընկալի՝ որպես վտանգ, զզվի բանակից։ Եթե քեզ պաշտպանող ամենակայուն կազմակերպությունը՝ բանակը, յուրայինդ դառնում է վտանգ, դու դառնում ես քո թշնամու բանակի զոհը։
- Դերասանն այն երևույթն է, երբ դու ապրում ես մի կյանքով, բայց խաղում ես բազում-բազում կերպարներ, և այդ կերպարը ոչինչ չի ասում քո մասին՝ որպես մարդու: Դու կարող ես լինել աղքատ, համեստ ապրես մի սենյականոց բնակարանում, կեղտոտ խոհանոցով, միայնակ, ճանճերով ափսեների վրա՝ լվացարանում, սակայն բեմի վրա թագավոր խաղաս և շատ համոզիչ լինես… Կամ շատ երջանիկ մարդու դեր խաղաս, երբ դու սգի մեջ ես: Եվ հակառակը. լավ դերասանը դա է: Փաշինյանը շատ լավ դերասան է: Ես փորձում եմ իր անունը չտալ, որ իրեն PR չանեմ, որովհետև ինքն այսօր շատ PR արված մարդ է, երևի հետսովետական լիդերների մեջ Սահակաշվիլին էր միայն այդքան պոպուլյար:
Զելենսկու վրա շատ միջոց էր ներդրված, որ ինքը պոպուլյար լինի: Փաշինյանը խաղում է վարչապետ, նախկինում խաղում էր ընդդիմություն, հիմա խաղում է վարչապետ, տարբեր դերեր՝ լավ հայր, անգամ գրքի գրող… Նա խաղում է, բայց միգուցե իր տանը, իր մտածողության, հոգու մեջ, իր տանը փնթի, կեղտոտ ապրող մարդ է, ով չի կարող անգամ իր նասկիները հագնել ինքնուրույն: Կամ հակառակը, միգուցե նա շատ հայրենասեր է, որ հիմա խաղում է սրիկա սուտասանի դեր: Մենք դա չենք կարող ասել: Բայց մենք շատ հստակ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ պրոբլեմների առաջ է կանգնած: Սա մեր պետությունն է:
Պետությունը դեր չի, թատրոն չի, և պետության ղեկավարը չպետք է դերասանություն անի, որպեսզի ներկայանա՝ որպես ղեկավար: Պետությունը շատ խոշոր ու դժվար կատեգորիա է, որը չի ենթադրում այսօր բեմի վրա թագավորություն անել, վաղը ստրուկ լինել: Այն պիտի սկզբունքներ ենթադրի և արժեքներ հետապնդի: Նա պիտի նպատակ դնի և հասնի դրան: Եվ եթե դու անկեղծ ու ազնիվ չես քո միակ դաշնակցի հետ, քո հասարակության հետ, որովհետև քաղաքական գործիչն այլ դաշնակից չունի, բացի սեփական ժողովրդից, և եթե դու նրան չես ասում՝ ինչ է տեղի ունենում, երբ մեր ղեկավարների անգրագիտության պատճառով հաճախ տեսնում ենք, որ գաղտնիքներ են հրապարակվում բացահայտ, եթե դու քո միակ դաշնակցին՝ հասարակությանը, այսօր մի բան ես ասում, վաղն՝ այլ բան, դու մոռանում ես, որ դու այսօր բեմի վրա չես, պետության ղեկավարն ես: Նաև չպիտի ստանձնել այնպիսի դերեր, որոնք խաղ չեն ենթադրում: Օրինակ՝ պատերազմը: Այն խաղ չէ: Այն իրական է:
Խաղի մոդելավորմամբ է իրականացվում, խաղի պես է, բայց մարդու կյանքն է դրվում զոհասեղանին, ու մարդիկ են զոհվում քո դերի, քո խաղի արդյունքում… Մահը խաղ չէ, որ ծափահարություններից հետո գնաս ու ծաղիկ ստանաս: Կինոն ավարտվեց… Եվ եթե դու մտածում ես, որ կարող ես գնալ ու Գլխավոր գերագույն խաղալ, չե՛ս կարող. դա մահ է բերում:
- Զելենսկին խաղում է զինվորական առաջնորդի դեր, բայց դեր խաղալով, միևնույն է, զինվորական չեն դառնում, ոչ էլ երկիր են պահում: Նիկոլ Փաշինյանը փորձեց խաղալ զինվորականի դեր և պարտվեց պատերազմում։ Եթե դու հրանոթի ձայնը չես տարբերում, եթե ունակ չես կառավարել տղամարդկանց խումբ կամ կոլեկտիվ, դու չես կարող խաղալ այդպիսի դեր։
- Երբեմն մտածում եմ՝ միգուցե լա՞վ է, որ այսօրվա ղեկավարությունը հանդես է գալիս հակապետական մեսիջներով։ Այդ կերպ միգուցե մենք ամրապնդենք մեր պետականամետությունը, միավորվենք պետականամետ գաղափարների շուրջ, որովհետև նախկինում, երբ մեր ղեկավարությունը հանդես էր գալիս պետականամետ մեսիջներով, մենք հակապետական էինք դառնում։
- Մարդկանց պետք է համախմբել բարի գործ, լավ բան անելու շուրջ։ Միավորող սոցիալական, մշակութային, տեղեկատվական և այլ պրոյեկտներ են պետք, որոնց շուրջ մարդիկ կմիավորվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։