Գունավոր հեղափոխությունները նախապատրաստում է Արևմուտքը, շահում է Ռուսաստանը. Աբրահամ Գասպարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Տարածաշրջանը գտնվում է վառվող տակառի վրա, և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հոկտեմբերի 19-ի հրամանագիրն Արցախի լուծարումը լուծարելու մասին՝ կամ կոչված է կանխել հնարավոր պատերազմը, կամ ընդհակառակը, հրահրել նոր պատերազմ։
- Ադրբեջանի ձգտումներին ի պատասխան՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը և նախագահ Սամվել Շահրամանյանը մինչև վերջ պնդել են՝ Ազգային ժողովը չի կարող Արցախը լուծարելու որոշում ընդունել, վավերացնել։ Ի վերջո, Սամվել Շահրամանյանն իր վրա վերցրեց դա, ու ինչպես ստորագրել էր, այնպես էլ կատարեց հակընդդեմ քայլը՝ այսօր չեղարկելով Արցախը լուծարելու մասին հրամանագիրը:
- Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրեց այնտեղ, որ մենք սեղանի տակ բանակցենք։
- Արևմուտքը որդեգրել է նեոանակոնդայի քաղաքականություն։ Ռուսաստան-Արևմուտք առճակատման, պրոքսի պատերազմները մի քանի ճակատներով են լինում։ Ռուսաստանը չի կարող բաց թողնել իր շահերը, օրինակ՝ 12.3 տրիլիոնանոց գազի փաթեթը։ Կոնֆլիկտների թեժացման պոտենցիալը դեռ չի սպառվել։ Այս համատեքստում է պետք դիտարկել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը։
- Ես չգիտեմ՝ ով է Սամվել Շահրամանյանի կամ արցախյան կողմի արտաքին կուրատորը, ո՞ւմ հետ են նրանք կապ հաստատում, բայց Արցախի ճակատագրի հետ կապված՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում հասկանում են, որ պետք է լուծում, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, լուծում չէր։
- Չեմ բացառում, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև կոնսենսուս լինի Արցախի կարգավիճակի հարցում։
- Արցախի հարցի կարգավորումը չի լինելու առանց կարգավիճակի հստակեցման։
- Արցախի հարցը չի փակվել, և միայն ՀՀ գործող իշխանությունն է իր ագիտպրոպով խեղդում այդ հարցը։
- Արևմուտքը Հայաստանից ժեստ է պահանջում՝ կոնկրետ քայլերի տեսքով։
- Ես լավ եմ հիշում, երբ 2017թ․նոյեմբերի 24-ին CEPA-ի թարմացված պայմանագիրը ստորագրվեց Բրյուսելում, մեր դիվանագետները բանակցությունների սրահից դուրս եկան առավոտյան ժամը 06:00-ին։ Ու եվրոպացիներն ասում էին՝ հալալ է ձեր դիվանագետներին։
- Այս իշխանությունների գործողությունների արդյունքում Հայաստանը կարող է դառնալ ոչ վստահելի, մարգինալ պետություն: Երբ դու դառնում ես մարգինալ պետություն, հեղինակազրկվում ես, դառնում ես անցանկալի տարածաշրջանի պետությունների համար։
- Ի՞նչ է նշանակում՝ ես Արևմուտքին կգցեմ․ դու ո՞վ ես, որ նման բան մտքովդ անցկացնես… Քանի որ Նիկոլը «իզմ»-եր չունի, նա մեկ այստեղ է թռչում, մեկ՝ այնտեղ, բայց դեռևս ընդունելի է բոլոր կողմերի համար։
- Արցախը հիմա կարող է դառնալ Ուկրաինայում ռազմական գործողությունների փոխակերպման առաջամարտիկն այս տարածաշրջանում։ Հիմա խաղաքարտեր են խառնվում։
- Պասը տվեց Լուկաշենկոն, Նիկոլը վերցրեց, պատասխանեց Հ1-ին տված իր հարցազրույցով…
- Վատ չէր լինի, եթե Երևանից Սամվել Շահրամանյանը հայտարարեր, որ պատրաստ է եվրոպական որևէ երկրում Ադրբեջանի հետ քննարկել արցախցիների վերադարձի պայմանները։ Ու դա պետք է անել միջազգային հովանոցի ներքո։
- Ադրբեջանի գլխին այս տարածաշրջանում մեծ աղետ կարող է պայթել, որովհետև ոչ ոք չի կարող մարսել մեկ գիշերում 120.000 մարդու տեղահանությունն իր հայրենիքից։
- Քանի Արցախը կա, Հայաստանը հետաքրքիր է միջազգային հանրության համար։
- Իրանը խնդիր ունի իր հյուսիսային սահմաններից՝ Սյունիքից քշել Ադրբեջանի ներխուժման իրական սպառնալիքը։
- Արցախն ու Սյունիքը կարող են դառնալ հակաիրանական ագրեսիայի պոլիգոն։
- 2016թ.-ից Նիկոլ Փաշինյանը կատարում է այնպիսի գործողություններ, որոնք համահունչ են Ռուսաստանի՝ Հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ վարած քաղաքականությանը։
- Զելենսկին ո՞ւմ մարդն է… Արևմուտքի։ Բայց արդյունքը եղավ այն, որ ՆԱՏՕ-ի ամենամեծ հակահարձակումը տապալվեց, որը լինելու էր ՌԴ-ի համար Նոր Ստալինգրադ։
- Գունավոր հեղափոխությունների պատմությունը ցույց է տալիս, որ դրանք նախապատրաստում է Արևմուտքը, բայց դրանցից շահում է Ռուսաստանը։
- Կա պլան, և կա կապիկության հատված… Հայաստանի իշխանությունների հակառուսականությունը դրա մասին է։
- Ռուսաստանն իր ձեռքում է ուզում պահել Արցախյան խնդիրը՝ հակազդելու համար Ադրբեջանի թյուրքացմանը և նրա ազդեցության՝ տարածաշրջանում մեծացմանը։
- Արցախի ժողովուրդը ֆորս-մաժոր ստեղծեց բոլորի համար, առաջին հերթին՝ Ռուսաստանի։ Ռուսաստանը շահագրգռված է, որ արցախցիները վերադառնան։ Եթե դա տեղի չունենա, ՌԴ-ին սպասում է ղարաբաղացում, և հայտնի չէ, թե այդ ֆեդերատիվ պետության սահմանադրաիրավական ճակատագիրն ինչպիսին կլինի։
- Ռուսաստանը պահել է և հիմա էլ պահում է Փաշինյանին ու կպահի դեռ։ Արևմուտքը՝ նույնպես։ Սա այն կոնսենսուսային թեկնածուն է, որ ձեռք է տալիս, Հայաստանից բացի, բոլորին։
- Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա լուծել Հայաստանում արևմտյան, այսպես կոչված, հիմնադրամների ֆինանսները վերահսկելու հարցը, նա կմնա վարչապետ՝ Ռուսաստանի համաձայնությամբ։
- Նիկոլը ՔՊ-ում հիմա ունի 3 անձ, ում վստահում է, և ովքեր գիշեր-ցերեկ աշխատում են նրա համար՝ Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան ու հայտնի մականունով Ռոմանոսը։ ՔՊ-ի ներսում Նիկոլը շատ քիչ մարդիկ ունի, և հենց ՔՊ-ի մեծամասնությունը տեսնի՝ Նիկոլի դիրքերը թուլանում են, անմիջապես ճամբարափոխ կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։