Անձնագրայինում հրահանգ կա՝ արցախցիների համար որևէ գործընթաց չմեկնարկելու. Իրավապաշտպանը՝ իր ստացած ահազանգերի մասին
Արցախում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ-ում մեծաթիվ խնդիրների առջև են կանգնում: Վերջին շրջանում հատկապես այդ խնդիրներն ավելանում են՝ ՀՀ քաղաքացիություն «չունենալու» ու 070 կոդով անձնագրերը փոխելու վերաբերյալ ներկա իշխանությունների կողմից ներկայացվող պահանջի առումով:
Նախօրեին էլ արցախցի մեր հայրենակիցներից մեկը 168.am-ին հայտնել էր, որ ինքը դեռևս 30 տարի առաջ առաջին անձնագիրը ստացել է ՀՀ-ում, այնուհետև, Արցախ տեղափոխվելուց ու անձնագրի ժամկետը լրանալուց հետո, հենց այնտեղ երկու անգամ վերաթողարկել և ստացել է 070 կոդով կապույտ անձնագիր:
Արցախյան վերջին իրադարձություններից հետո տեղափոխվել է ՀՀ ու կանգնել փաստի առաջ: Անձնագրայինում նրան հայտնել են, որ ինքը ՀՀ քաղաքացի է, և իրավունք չունի օգտվելու արցախցիների համար նախատեսված կառավարության օժանդակության ծրագրերից, միևնույն ժամանակ հայտնել են, որ պետք է 070 կոդով անձնագիրը փոխելու գործընթաց սկսի:
Քաղաքացին արդարացի հարց էր հնչեցրել. «եթե ՀՀ քաղաքացի է, ինչո՞ւ պետք է փոխի անձնագիրը»:
Իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը 168.am-ի հետ զրույցում տեղի ունեցածը գնահատեց որպես քաղաքական կամքով ու նպատակահարմարությամբ լուծվող իրավիճակ և հատուկ ուշադրություն հրավիրեց խնդրի վերաբերյալ արցախցիներից ստացած մի շարք ահազանգերի ուղղությամբ.
«Ըստ շրջանառվող տեղեկությունների, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության անձնագրային բաժանմունքները հրաժարվում են արցախցիների համար որևէ գործընթաց մեկնարկել՝ պատճառաբանելով, որ հրահանգավորված են այդպես վարվել: Այսինքն, մարդիկ ցանկացել են վարորդական վկայական ստանալ, իրենց ուղղակի չեն տվել՝ փորձելով քաղաքակիրթ ձևով հասկացնել, որ հրահանգ է տրված՝ չանել դա: Որպես եզրահանգում, ստացվում է, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո այստեղ փաստացի հրաժարվել են մարդկանց դե յուրե նախատեսված ծառայությունները մատուցել: Իհարկե, մի կողմից հասկանալի էր, որ յուրօրինակ իրավիճակի առջև էինք կանգնած՝ թե՛ պետությունը, թե՛ քաղաքացիները, բայց այս սպեցիֆիկ իրավիճակները, բոլորն էլ համակարծիք կլինեն, որ պետք է լուծվեն հօգուտ մարդկանց, քաղաքացիների՝ հաշվի առնելով իրավունքի գերակայության սկզբունքն ու մարդու հիմնարար իրավունքի կոնվենցիոն սկզբունքները»,- ասաց իրավաբանը:
Ըստ Գոհար Մելոյանի, ստացվում է, որ կառավարության՝ բնագավառը կարգավորող համապատասխան որոշումը լրջագույն կոլիզիոն իրավիճակների է հանգեցնում: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մարդկանց կա՛մ ստիպում են փոխել անձնագրերն ու նոր անձնագրեր ստանալ, կա՛մ փախստականի կարգավիճակ ձեռք բերել:
«Մեծագույն խնդիրն այն է, որ քաղաքացիություն ստանալու պարագայում մարդուն զրկում են օգնություն ստանալու և մի շարք այլ իրավունքներից: Այս առումով նաև հետազոտություն կարելի է իրականացնել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները չեն փորձում վտանգավոր իրավիճակ ստեղծել, որ մարդիկ արհեստականորեն հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Եվ երկրորդ հարցն է գալիս, թե ինչ միտումով է դա արվում»,- խնդրի շուրջ ծավալվող անհասկանալի զարգացումները շեշտելով՝ ասաց մասնագետը:
Այս ամենից, ըստ նրա, կարելի է եզրակացնել, որ ՀՀ ներկա Կառավարության նպատակն է արցախցիներին զրկել կոնկրետ քաղաքական իրավունքներից: Սա, առաջին հերթին, նշանակում է զրկվել ընտրելու իրավունքից՝ հաշվի առնելով նաև հնարավոր արտահերթ ընտրությունների մասին տարածվող խոսակցությունները:
«Արցախցիներն իրենց մաշկի վրա զգացին այս իշխանության կատարած քայլերի հետևանքները, ու այն փաստը, որ Արցախն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, մենք կորցրել ենք մեր բազմահազարամյա հողերը, որոնք երբևէ չէին եղել օտարի լծի տակ՝ Հադրութը, Մարտակերտը, Մարտունին…, փաստ է, որ գործող իշխանության քաղաքական պատասխանատվության ու գործունեության հետևանքն է, որքան էլ իրենք փորձեն արդարանալ: Հետևաբար, իրենց համար ակնհայտ է, թե ինչպիսի քաղաքական կամք կդրսևորեն արցախցիները: Ուստի, հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով, կարելի է դիտարկել վարկածը, որ փորձում են ուղղակի այս մարդկանց զրկել իրենց այդ ընտրելու իրավունքից»,- ասաց Գոհար Մելոյանը:
Մեր տեղեկություններով՝ դեռևս 2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, արցախցիները Հայաստանում իրավական առումով որևէ խնդրի չեն բախվել: Մեր զրուցակից Արեգա Հովսեփյանի փոխանցմամբ՝ ինքն անգամ 070 կոդով անձնագրով մասնակցել է 2021 թվականի Հայաստանյան համապետական ընտրություններին ու ընդունվել է պետական աշխատանքի: Իրավաբանն անդրադառնալով այս փաստին, պարզաբանեց, որ արցախցիները նախկինում ևս օգտվել են ՀՀ քաղաքացու իրավունքներից, իսկ քաղաքական իրավունքն իրացնելու համար այստեղ ընդամենը գրանցում են ձևակերպել:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք հիմա նույն գործընթացը հնարավոր չէր իրականացնել՝ իրավապաշտպանը բացասական պատասխան տվեց՝ պարզաբանելով, որ հստակ հրահանգ կա դա չանելու:
«Եզրահանգումն այն է, որ սա քաղաքական նպատակահարմարության հարց է դարձել, որի արդյունքում հազարավոր մարդկանց իրավունքներ են ոտնահարվում»,- եզրափակեց իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Նազելի Ստեփանյան