Իշխանությունները ինչպես Արմեն Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սկսեցին, այնպես էլ շարունակեցին. Արմեն Մաշինյան
Այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց` պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մեղքն ապացուցված է, արարքը ճիշտ է որակված: Դատարանն անցավ լրացուցիչ դատալսումների փուլին։
Արմեն Գրիգորյանի պաշտպանական թիմի անդամ փաստաբան Արմեն Մաշինյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ դատարանի որոշումը կբողոքարկի ՀՀ բոլոր դատական ատյաններում, ապա նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«Իշխանությունները, ինչպես քաղաքական հետապնդումը սկսեցին, այնպես էլ շարունակեցին՝ անկախ հանգամանքից, որ Արմեն Գրիգորյանն արդեն մեզ հետ չէ: Մեզ համար անընդունելի է նման վերդիկտը, դատավաճիռը. պաշտպանական կողմի միանշանակ դիրքորոշումն է, որ Արմեն Գրիգորյանի խոսքում երբևէ չի եղել որևէ հանցակազմ, առավել ևս՝ որևէ հայ մարդու, ազգությամբ հայ լինելու հանգամանքով պայմանավորված, պատիվն ու արժանապատվությունը չի նվաստացվել այդ խոսքով, նրա նկատմամբ ազգային թշնամանքի հարուցում չի եղել: Հետևաբար, դատավաճիռը սահմանված ժամկետներում ստանալուց հետո, պարտադիր կարգով բողոքարկվելու է ՀՀ դատական բոլոր ատյաններում, զուտ նաև՝ սպառելու համար ներպետական բոլոր ատյանները, և այս հարցը ՄԻԵԴ-ում բարձրացնելու համար»,- մանրամասնեց Արմեն Մաշինյանը:
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը մեղադրվում է ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ։ Մեղադրանքի հիմքում դրված էր Արմեն Գրիգորյանի մի ասուլիսը, որը նա տվել էր իրեն կալանավորելուց շուրջ մեկ տարի առաջ։
Արմեն Գրիգորյանին նախ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները մասկի-շոուով ցուցադրական ձերբակալեցին, ապա կալանավորվեց այսօր իր կալանքը կրող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կայացրած որոշմամբ։ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, կալանքի որոշումը թողեց անփոփոխ։