«Մասնատիր, որ տիրես». իշխանությունների քաղաքականությունը դա է». Շիրակցին՝ ՀՀԿ ԳՄ անդամներին

ՀՀԿ ԳՄ անդամների ու Ամասիայի բնակիչների հանդիպման մասնակիցներին միավորող կարևորագույն հարցերը կրկին երկրի անվտանգությունն  էր ու դրանից բխող հետևանքների գիտակցումն արթնացնելը: Հավաքվել էին, որպեսզի միասին տարբերակ գտնեն՝ դրանցից խուսափելու համար:

«Թվում է, թե արդեն բոլոր ողբերգությունները եղել են, էլ ի՞նչ ողբերգություն: Բայց նրա ամեն վայրկյան մնալը նոր ողբերգություններ կարող է բերել մեր երկրին: Կա՞ն դրա ռեալ հիմքերը, այո՛, կան: Սկսած «անկլավներից», վերջացրած «միջանցքով»՝ Սյունիքով: Հետագայում նաև հարց են դնելու, որ գան, բնակվեն այնտեղ, որտեղ «բնակվել են»: Դրանից հետո ասելու են, որ անվտանգության ուժեր գան, որպեսզի «անվտանգությունն ապահովեն իրենց մարդկանց»: Դրանք միայն խոսակցություններ չեն, այլ այդ մտքերը հստակ հնչեցվում են: Իսկ այսօր իշխանության գլխին գտնվողներն արդեն ամեն ինչին համակերպվել են, համաձայն են: Իրենց խնդիրը հետևյալն է. ժողովուրդը հանկարծ չընդդիմանա, դա դանդաղ են անում: Երկրորդ՝ իրենց իշխանությունը պահեն: Իսկ մեր խնդիրն է՝ վերջիվերջո ցույց տալ, որ մենք ազգ ու պետություն ենք, արժանապատվություն ունենք, և այս ամեն ինչի վերջը մի օր կտանք»,- հույս հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը:

Իրենց ապազգային ծրագրերն իրականացնելու ճանապարհին ներկա իշխանությունների հաջորդ քայլը, ըստ ՀՀԿ ԳՄ անդամների, կարող է լինել հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Մեկ անգամ՝ 2021 թվականին, արդեն սխալ գործել են: Իրենց օրակարգը կարողացել են թելադրել ընդդիմությանը, որին մենք, իհարկե, կատեգորիկ դեմ ենք եղել: Հիմա այդ նույն պրոցեսը գնում է, ու դրա վառ վկայությունն է Վանաձորի քաղաքապետի կալանավորումը: Այսինքն, եթե հաղթում ես ու ՔՊ չես, պետք է կալանավորվես: Ալավերդու քաղաքապետին անվստահություն հայտնելը, կարմիր բերետավորներով գործողություններ իրականացնելը… Որևէ դժգոհություն չի եղել, որևէ քրեական գործ չկարողացան հարուցել: Բայց, պարզապես, քանի որ ՔՊ չէ, նրան պետք է վտարել՝ կարմիր բերետավորներով: Հաջորդ փուլն էլ Գյումրիում է սպասվում… սա ի՞նչ է նշանակում. «ժողովրդավարության բաստիոն» համարվող ՀՀ-ում մարդու իրավունքների ամենակոպիտ ոտնահարումն է իրականացվում: Եթե մեր ժամանակներում այդպիսի բաներ լինեին, ամբողջ միջազգային հարթակները կաղմկեին, թե ոտնահարվում են մարդու իրավունքները, և այլն: Հիմա որևէ ձայն չկա, որովհետև իրենց թույլ իշխանությունները ձեռնտու են, ամեն մեկն իրենն է վերցնում: Գերտերություններն ինչո՞ւ պետք է ցանկություն ունենան այստեղ ուժեղ ղեկավարություն տեսնել: Այնպիսին, ինչպիսին եղել են մեր նախկին նախագահները»,-  արձանագրեց ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

ՀՀԿ ԳՄ անդամը նաև վստահեցրեց. Փաշինյանի ստորագրած որևէ թուղթ ու ձեռք բերած որևէ պայմանավորվածություն չի կարող իրավական որևէ ուժ ունենալ:

«Արցախի անունից խոսելու իրավունք նա չուներ: Մեկ ասում է՝ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, մեկ էլ գնում է Պրահա ու Արցախը ճանաչում է՝ որպես Ադրբեջանի տարածք: Դրանք իրավական ուժ չունեն: Բացի այդ, Սահմանադրությամբ ցանկացած տարածքային փոփոխություն որոշվում է հանրաքվեով, այդպիսի որևէ գործընթաց նույնպես այս ընթացքում տեղի չի ունեցել»,- հիշեցրեց Բաղդասարյանը:

Արցախում տեղի ունեցածով հայ ժողովրդի խնդիրները ոչ  միայն չավարտվեցին, այլև կրկնապատկվեցին.  փաստեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Իսկ «խաղաղության» մասին խոսակցություններն, ըստ նրա, որևէ կապ չունեն թուրքական «խաղաղության» հետ:

«Իրականության մեջ, սա դժբախտությունների շղթա է եղել, որը նաև տեղ է բացել Հայաստանի գլխին կախված հետագա նոր սպառնալիքների համար: Այս վերջին տարիներին տեսել ենք, որ այն ընթացքում, երբ Հայաստանը բանակցում էր Ադրբեջանի հետ, անընդհատ ինչ-որ հարձակումներ էին տեղի ունենում Արցախի ուղղությամբ, ՀՀ տարբեր բնակավայրերի՝ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի ուղղությամբ: Հիմա շատերը դրանց մասին չեն խոսում, բայց այդ հարձակումների հետևանքով մեր երկիրը խոշոր վնաս է կրել՝ ո՛չ միայն մարդկային ու տարածքային կորուստների տեսքով, այլև ադրբեջանական կողմը, մեծ թվով ուղղություններով, նաև վերահսկողություն է հաստատել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր հատվածների նկատմամբ: Այս քաղաքականությունը շարունակվում է: Այսինքն՝ այն, որ մեզ անընդհատ փորձում են համոզել, թե՝ գիտե՞ք, մենք գնում ենք «խաղաղության» ճանապարհով, Ադրբեջանը շատ հստակ սահմանել է, թե ինչ է իր համար այդ «խաղաղությունը»: Մենք այսօր էլ տեսնում ենք, թե իրենք ինչ են փոխանցում, ու տեսնում ենք նաև, որ նույնությամբ էլ իրականացնում են: Ադրբեջանն ասում է հետևյալը, ասում է՝ նպատակ ունեմ հասնելու տարածքային իմ բոլոր հավակնությունների իրացմանը, որոնց մասին հայտարարել եմ: Հիմա Հայաստանը դա կսահմանի փաստաթղթով, կռիվ չի լինի, ամեն ինչ կհանձնեն իրենց, թե Ադրբեջանն ինչ-որ տեղերում կգնա ռազմական արկածախնդրության՝ ժամանակի հարց է: Շատ բան նաև կախված է մեզնից»,- իրավիճակը գնահատեց ԱԺ պատգամավոր և ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Դրա համար պետք է անընդհատ խոսել, միավորվել ու գործել՝ հանուն միասնական նպատակի՝ հայրենիքի փրկության՝ արձագանքեցին հանդիպման մասնակիցները:

«Չեմ պատկերացնում կնոջ, ով հանգիստ ապրում է այս երկրում ու չի մտածում իր երեխայի ապագայի մասին: Մեր բոլորի երեխաների ապագան շատ մեծ վտանգի տակ է: Ամեն ինչ արդեն ասվել  է իշխանությունների մասին: Բոլորդ գիտեք, թե այս ազգադավ ծրագիրը որտեղից է գալիս և ուր է տանում: Բայց ընկերներս խոսեցին նաև արժանապատվության մասին: Միջազգային կառույցներում, արտասահմանում անընդհատ խոսվում է հայ ազգի մասին՝ որպես ժողովրդի, որը հանձնում է իր երկիրը: Արդեն երկրորդ անգամ ընտրված վարչապետով, հիմա էլ, փաստորեն, այնպիսի իրավիճակ է, որ նորից ուզում են արտահերթ ընտրություններ անցկացնել: Այսինքն, հնարավոր է՝ մի օր զարթնեն ու օր նշանակեն: Այս բոլոր ֆորսմաժորներին մենք պետք է պատրաստ լինենք: Հուսով եմ, որ իրականում բոլորս գիտակցում ենք դա, և այն բոլոր մարտահրավերները, որոնք մեր առջև կան այսօր: Հուսահատվել չկա, դրանք պետք է հաղթահարել»,- հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը:

Հստակ, նպատակաուղղված ու միասնական քայլեր չիրականացնելու դեպքում ՀՀ-ին էլ սպառնում է Արցախի նույն ճակատագիրը. շարունակեցին հանդիպման մասնակիցները: Այս փաստի հետ համակերպվել՝ նշանակում է համակերպվել երկրի ու նաև ազգային ինքնության կորստի հետ:

«Առաջինը պետք է պայքարենք մեր ավանդույթներն ու պետականությունը պահելու համար, ոչ թե մտածենք իշխանության ու չգիտես ինչերի մասին: Դրանով իրենք փորձում են մասնատել բոլորիս: «Մասնատիր, որ տիրես». Իրենց քաղաքականությունը դա է»,- նկատեց հանդիպման մասնակիցը:

«Մեր տներում նստած՝ սրա լուծումը գտնել չենք կարող: Եվ այս հանդիպումներն իրականում նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ ու ցանկությամբ են իրականացվում: Արդեն 6 մարզերում եղել ենք մինչև Շիրակ գալը, մենք հասկացել ենք մի կարևոր ճշմարտություն, որը ճակատագրական է մեր ժողովրդի համար: Մեր ժողովուրդը չի ուզում թրքանալ, մեր ժողովուրդը չի ուզում ապրել թուրքական գաղութում, իսկ ինքը տանում է սրան: Ինքն Արցախը հանձնել է, պարտադրված պատերազմով բացել է թուրքի առջև, ինքն ասում է՝ երախտամոռություն է ասելը, թե ինքը հանձնել է Արցախը, ես Արցախը պահել եմ: Ինքը վաղը նույն բանն ասելու է նաև Գյումրիի մասին, Շիրակի ամբողջ մարզի մասին, որովհետև կպած ուզում են ռուսներին հեռացնել այստեղից, նույնն ասելու է նաև Երևանի մասին»,- իրողությունը ներկայացրեց  Մարգարիտ Եսայանը:

«Այդ ծրագիրը ներկա իշխանություններն իրականացնում են՝ սկսած դպրոցական դասագրքերից, ընտանեկան ավանդույթների վրա ներազդելու և սահմանային  գյուղերում դպրոցները փակելու միջոցով»,- ասաց Թուրքիայի հետ սահմանամերձ Մեղրաշատ գյուղի բնակիչներից մեկը, ապա հնչեցրած տեսակետը հիմնավորեց   ահազանգով. Հայաստանի կրթական գերատեսչությունը որոշումներ է կայացնում՝ առանց հաշվի առնելու հետևանքները:

Խոսքն այս դեպքում ՀՀ ամբողջ տարածքում գործող, ընդհանուր թվով 232 դպրոցների մասին է: ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցների միավորման ծրագիրն իրականացնել մինչև 2026 թվականը: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը հասնում է 48-ի: Տեղի բնակիչները մտահոգված են, որ գյուղի դպրոցը փակելու դեպքում բնակիչները նույնպես կարող են լքել սահմանային բնակավայրը:

ՀՀԿ ԳՄ անդամ ԱԺ պատգամավորները խոստացան հարցը բարձրացնել խորհրդարանում:

Հայաստանում նախկին էյֆորիայից հիմա շատերն են դուրս եկել: Դրա վառ ապացույցը, ըստ ՀՀԿ ԵԿ նախագահի, Երևանի վերջին ընտրություններն էին, երբ իշխող ուժը ստացավ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 9 տոկոսի ձայնը: Նույն գիտակցությունը, ըստ ՀՀԿ ԳՄ անդամների՝ պետք է արթնացնել նաև համազգային գործընթացներում առկա իրավիճակը փոխելու համար:

«Հարցումների ստատիստիկ տվյալներով՝ Հանրապետության 18-35 տարեկան սեգմենտն ամենադժգոհն է, իսկ 75 տոկոսը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է: Իսկ ընդհանուր ՀՀ գրեթե 25 տոկոս բնակչությունը, այսինքն, ամեն չորրորդ մարդը նրան դավաճան է անվանում: Մենք այսօր պարարտ հող ունենք՝ երիտասարդության ներուժն օգտագործելով՝ ազատվել նիկոլիզմից»,- ասաց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Այս նպատակով պետք է հանրությանն իրազեկել առկա իրավիճակի մասին՝ ասացին ՀՀԿ ԳՄ անդամները: Խոստացան նման  հանդիպում- քննարկումները շարունակել ու հանրությանը մանրամասն ներկայացնել իրական պատկերը՝ երկրում առկա խնդիրները, ու համատեղ գտնել դրանց լուծման ճանապարհները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս