Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ Միրզոյան
Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև համաձայնագիրը վստահության կառուցման միակ գործընթացը չէ։
«Սա վստահության կառուցման միակ համաձայնությունը չի, որ քննարկվել է։ Քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ գաղափարներ ևս։ Օրինակ՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ։ Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ կան այլ գաղափարներ ևս, որոնք քննարկվում են։
ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։
«Հիմնական գործընթացը, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։ Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան հանդիպումների ձևաչափով։ Առիթ ունեցել ենք ասելու, որ գործի մեծ մասն արված է, և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների շուրջ»,- ասաց Միրզոյանը։