Երևանի առաջարկն անընդունելի է. Բաքուն զորքերը հետ չի քաշի սահմանից. Բայրամով
Ադրբեջանական կողմը շուտով կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջարկված խաղաղության համաձայնագրի պայմանների վերաբերյալ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այա մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Առաջարկությունների փաթեթը, որը մենք ստացել ենք Հայաստանից, տարբերվում է նախորդից։ Առաջարկների նոր փաթեթն ավելի լավատեսական է»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, նման գործողություններով քայլ առ քայլ հնարավոր է առաջ տանել մի խնդիր, որն ունի բացասական անցյալ։ «Եթե Հայաստանը դրսևորի ոչ թե իր ցանկությունները, այլ հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ, կարելի է դրական արդյունքի հասնել»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը։
Նա արձագանքել է նաև երկու երկրների զորքերը սահմանից դուրս բերելու՝ Երևանի առաջարկին։ «Եթե զորքերը դուրս բերվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ է երաշխավորելու, որ այնտեղ ոչինչ չի լինելու։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները. Համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ»,- ընդգծել է Բայրամովը՝ դա որակելով սխալ նախաձեռնություն մի իրավիճակում, երբ սահմանի վերաբերյալ համաձայնություն չկա։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե քննարկվել է նաև հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը:
«Գիտեք, որ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ: Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը, իսկապես, դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, թե ունենք համաձայնություն, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև կան այլ գաղափարներ, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը, ինչպիսին մենք արդեն ունենք և հիմա կտեսնենք, հուսամ, վերջնական իրականացումը, դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,- ասել էր նախարարը: