Էս բորշչը եփվել է Իրավագիտության ֆակուլտետում. ո՞վ է արել. պարզ է, չէ՞, որ ոչ Բուտրոս Ղալին.Պետրոսյան
Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցի քննության նիստից հետո Գևորգ Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Ես անցանկալի մարդ եմ իրենց համար՝ իմ քաղաքական կեցվածքից ելնելով, որովհետև չեմ գովաբանել Նիկոլ Փաշինյանին, հակառակը՝ քննադատել եմ՝ հանուն ՀՀ, մեր ժողովրդի բարեկեցության և մեր Սահմանադրության կենսագործման: Իրենց համար ես անցանկալի մարդ եմ. իրենց համար ցանկալի չէ այն դասախոսը, որը մտնում է լսարան և հարցնում՝ ովքե՞ր են զոհված ազատամարտիկների երեխաներ (դրա համար ես ստացել եմ դիտողություն): Արժեքներ կան, որոնք պետք է պահպանել. իմ արածը նրա հոր արածի դեմ 0 է»,- գործի համատեքստի մասին 168.am-ի հարցադրումներին անդրադառնալով՝ նշեց Գևորգ Պետրոսյանը:
ԵՊՀ նախկին դասախոսը վստահեցրեց՝ «բորշչը եփվել է» Իրավագիտության ֆակուլտետում, սակայն չնշեց անուններ:
Դատական նիստին անդրադառնալով` իրավաբանը մասնագիտական շեշտադրումներ արեց.
«Եթե այս կերպ շարունակվեց, ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացնեմ, որովհետև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածն ամրագրում է կողմերի հավասար մրցակցությունն ապահովելու դատարանի պարտականությունը, իսկ դուք տեսաք՝ մրցակցություն չկա, դեռ մի բան էլ դատարանը կողմին հուշում էր՝ հաջորդ նիստին ինչ փաստաթղթեր ներկայացնել»:
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ Գևորգ Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: 168.am-ի հետ զրույցում նա ասել էր՝ իրեն անգամ չեն տեղեկացրել, որ ազատում են աշխատանքից: Նույն օրն «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն ասել էր. «Գևորգ Պետրոսյանը ԵՊՀ-ում աշխատել է ժամավճարային հիմունքով դասախոս: Հունիսի 19-ին նրա համալսարանական էլ.հասցեին ուղարկվել է ազատման վերաբերյալ պատշաճ ծանուցում»։
Գևորգ Պետրոսյանը հակադարձել էր՝ Համալսարանի դասախոսի աշխատանքը Համալսարանի համար կրում է մշտական բնույթ, իսկ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումն ասում է՝ մշտական բնույթ կրող աշխատանքների դեպքում գործատուին չի թույլատրվում կնքել ժամկետային պայմանագիր:
«Այսպես թքել մարդու՝ 27 տարիների աշխատանքի վրա, անթույլատրելի է: Կրկնում եմ՝ ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչն իրենց պաշտոնները պահպանելու համար ինձ զոհաբերեցին՝ որպես իշխանությունների համար անցանկալի մարդու: Ես նպատակ չունեմ այնտեղ աշխատել. դատարանից պահանջելու եմ չվերականգնելու դիմաց փոխհատուցում»,- ասել էր ԵՊՀ նախկին դասախոսը: