
Ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչն իրենց պաշտոնները պահպանելու համար ինձ զոհաբերեցին՝ որպես իշխանությունների համար անցանկալի մարդու. Գևորգ Պետրոսյան

Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Իրավագիտության» ֆակուլտետի դասախոս Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր ինձ հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում այլևս ժամեր չունեմ…
Աշխատանքային իրավունքի գծով երկրում միակ դոցենտը լինելով՝ առանց պատճառի զրկվեցի աշխատանքից…
Հալալ ա…»:
168.am-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանն ասաց՝ անուններ չի ուզում տալ, բայց ֆակուլտետից է իմացել, որ իր ժամերը հանվել են:
«Հիմա ես գրություն եմ պատրաստում՝ ԵՊՀ ռեկտորին ուղղված, թե որն է ինձ հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու պատճառը և իրավական հիմքը: Իրենք ոչ մի պատճառ չեն կարողանալու նշել, որովհետև ուսանողների հետ որևէ լարվածություն չունեմ, հետևաբար՝ բողոք լինել չի կարող: Մասնագիտական ունակության առումով նույնպես խնդիր լինել չի կարող. Աշխատանքային իրավունքի գծով ես միակ դոցենտն եմ, գիտությունների թեկնածու, երկու դասագրքերի միանձնյա հեղինակ: Գրել եմ 50-ից ավելի աշխատություններ: Այս առումով նույնպես ինձ պրետենզիա ներկայացնել չեն կարող»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը վավերացրել է «1966թ. սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մասին» դաշնագիրը, որի 7-րդ հոդվածում ուղղակի պահանջ է դրված, որ աշխատանքում խրախուսվի մասնագիտական ունակություններով առաջխաղացման իրավունքը:
«Մեր ֆակուլտետում չկա մեկը, ով կկարողանա ինձ փոխարինել: Սա մեծախոսություն չէ, և ֆակուլտետում դա լավ գիտեն. Չգիտեն՝ թող հարցնեն ուսանողներին»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
ԵՊՀ արդեն նախկին դասախոսի խոսքով՝ ինքը հակված է այս գործընթացում երկու բան տեսնել՝ քաղաքական հետապնդում, որովհետև բոլորին է հայտնի իր քաղաքական կեցվածքը, և ներֆակուլտետային որոշում:
«Ես համարվում եմ անկառավարելի մարդ, որովհետև ես այն դասախոսն եմ, որին երբեք որևէ մեկը, այդ թվում՝ ռեկտոր, դեկան և ամբիոնի վարիչ, չի կարողացել պարտադրել գնահատական նշանակել: Ես ձեռնտու չէի երևի իրենց: Գուցե այստեղ երրորդ, միջանկյալ տարբերակն էլ կա, որ իրենք՝ ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ու ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, իրենց պաշտոններից վախենալով, չեն ցանկացել ռեկտորի հետ առճակատվել: Բարեվարքության սկզբունքը պահանջում էր, որ գոնե ինձ զանգեին, տեղյակ պահեին»,– ասաց Գևորգ Պետրոսյանը:
Ի դեպ, այսօր «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն ասել է. «Գևորգ Պետրոսյանը ԵՊՀ-ում աշխատել է ժամավճարային հիմունքով դասախոս: Հունիսի 19-ին նրա համալսարանական էլհասցեին ուղարկվել է ազատման վերաբերյալ պատշաճ ծանուցում»։
«Ռեկտորին ուղարկված իմ գրության հիման վրա պատրաստվում եմ նաև հայցադիմում ներկայացնել: Այնպես չէ, որ ԵՊՀ-ից ստացած 38 000 դրամն է խնդիրը: Իրականում ես բարեգործությամբ էի զբաղվում, բայց իրենք ինձ զրկեցին անգամ բարեգործությամբ զբաղվելու հնարավորությունից: Վերադառնալու ցանկություն չունեմ, բայց զուտ իմ մասնագիտական պատվախնդրության շարժառիթից ելնելով՝ այդ որոշումը ես բողոքարկելու եմ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Համալսարանի դասախոսի աշխատանքը Համալսարանի համար կրում է մշտական բնույթ, իսկ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումն ասում է՝ մշտական բնույթ կրող աշխատանքների դեպքում գործատուին չի թույլատրվում կնքել ժամկետային պայմանագիր:
«Այսպես թքել մարդու՝ 27 տարիների աշխատանքի վրա, անթույլատրելի է: Կրկնում եմ՝ ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչն իրենց պաշտոնները պահպանելու համար ինձ զոհաբերեցին՝ որպես իշխանությունների համար անցանկալի մարդու: Ես նպատակ չունեմ այնտեղ աշխատել. դատարանից պահանջելու եմ չվերականգնելու դիմաց փոխհատուցում»,- ասաց ԵՊՀ նախկին դասախոսը: