Հայկական ժողովրդավարության ալիևյան մետամորֆոզները

Հայաստանում ժողովրդավարության դեգրադացումը տեղի է ունենում մոտավորապես նույն արագությամբ, ինչպիսի արագությամբ ՀՀ իշխանությունը զիջում է հայկական շահերն Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Առաջին հայացքից այդ երկու գործընթացների միջև կապեր չկան, իրականում, սակայն, առկա են բազմաշերտ, փոխպայմանավորող, դիալեկտիկական կապեր։

Նիկոլ Փաշինյանն այլասերում է ժողովրդավարությունը ոչ միայն՝ ուղղակի իր իշխանության դիրքերն ամրացնելու համար, այլ նաև այն պատճառով, որ իրական դեմոկրատական հասարակարգում իր հակապետականությունը չի կարող հանդուրժվել։ Իրական, կենսունակ ժողովրդավարությունը լրջագույն խոչընդոտ է ցանկացած իշխանության համար՝ պետության շահերին դեմ քայլեր իրականացնելու ճանապարհին։ Հայկական քաղաքական իրականության կաղապարներով ժողովրդավարության մակարդակի ցուցանիշն ընտրությունների թափանցիկությունն է կամ հավաքների ազատությունը։ Դրանք կարևոր կառուցակարգեր են, սակայն ավելի շատ դեմոկրատական արարողակարգի, քան բովանդակության ցուցանիշներ են։

Բովանդակային հարթությունում, մինչդեռ, գործում են ժողովրդավարության չափման շատ ավելի կոմպլեքս, բազմագործոն կառուցակարգեր։ Դրանցից ամենաինտեգրալը ժողովրդավարության մասնակցայնության աստիճանն է, որն արտահայտում է, թե իրականում քաղաքացիները որ չափով են մասնակցում որոշումների կայացմանը և վերահսկում դրանց կատարման ընթացքը։ Ահա այդ հարթությունում Հայաստանում ժողովրդավարությունը բռնաբարվում է ամենասանձարձակ կերպով ու գրեթե ամենօրյա ռեժիմով։ 

Կարդացեք նաև

Դրա ամենացայտուն արտահայտությունը տեղական ինքնակառավարման մարմիններում կատարվող գործընթացներն են, որոնց արդյունքում իշխանությունը համայնք առ համայնք ուղղակի խլում է իշխանությունն ընտրված ղեկավարներից։ Սա մասնակցային կամ պարտիսիպատիվ ժողովրդավարության ոչ թե ոտնահարում, այլ խեղում է, որի նպատակն է տեղերում հանրային ակտիվության որևէ դրսևորման, քաղաքացիների կողմից իշխանության դեմ հակադրվելու անգամ տեսական հնարավորության բացառումը։

Նույն նպատակադրումը, տարբեր առանձնահատկություններով, գործում է բազմաթիվ ոլորտներում՝ սկսած բուհական համակարգում ներդրվող կուսակցական հոգաբարձուների խորհուրդների նախագահներից, մինչև անվտանգության մարմինների ղեկավարների նշանակում՝ գործադիր իշխանության ղեկավարի կողմից։

Մասնակցային ժողովրդավարության այլասերումը հանգեցնում է իշխանության կենտրոնացման աստիճանի անթույլատրելի բարձրացմանը, այն դեպքում, երբ իրական դեմոկրատիայի մեկ այլ կարևորագույն ցուցանիշ է համարվում հենց իշխանության ապակենտրոնացումը։ Ահա այս երկու ուղղություններով՝ մասնակցային ժողովրդավարության վերացմամբ ու իշխանության գերկենտրոնացմամբ, Նիկոլ Փաշինյանը լուծում է նախ սեփական դիրքերի ամրացման, բայց նաև, իսկ գուցե ավելի մեծ չափով՝ իր կողմից կայացվելիք հակապետական որևէ որոշման դեմ հանրային ընդվզումը կանխելու հարցը։

Ժողովրդավարության այլասերման հարցում Հայաստանում ու Ադրբեջանում առկա է մի ողբերգական տարբերություն։

Ալիևը սեփական դիկտատուրան ամրացնում է Արցախի դեմ տարած հաղթանակը կապիտալիզացնելու համար, Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունն ամեն օր դարձնում է էլ ավելի ավտորիտար՝ սեփական պարտությունը նյութականացնելու, կամ, որ նույնն է՝ Ալիևի հաղթանակի կապիտալիզացիային նպաստելու համար։

Այս համապատկերում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման արհեստական օրակարգի ակտիվացումից կարճ ժամանակ անց Ալիևն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրում։ Պատահականությո՞ւն է։ Հազիվ թե։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս