Անցումների սարսափից
Հասարակության տարանջատումը, տարբեր շերտերի հակադրումը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու ու ամրապնդելու գործիքակազմի մի մասն են միայն։ Դրանք, իհարկե, մինչ այս պահն արդյունավետ կերպով լուծում են խնդիրը, բայց առանց այլ՝ ավելի անտեսանելի կերպով իրականացվող քայքայիչ քաղաքականության չէին կարող ու չեն կարող ծառայել իշխանության պահպանման հակապետական նպատակին։
Հասարակության բարիկադավորումը կարող է կենսունակ լինել որոշակի ժամանակահատվածի կտրվածքով՝ ամիսներ, գուցե մեկ-երկու տարի։ Բայց ավելի երկարաժամկետ հատվածում հանրությունն ինքը՝ թեկուզ ինքնապահպանման բնազդով, կարող է փորձել դուրս գալ հակադրության «բոլորն ընդդեմ բոլորի» ռեժիմից և միավորման ձևեր ու մեթոդներ գտնել։ Իսկ հանրության համար միավորող, համախմբող գործառույթի դեր կարող են կատարել այնպիսի գաղափարներն ու սուբստանցիաները, որոնք վեր են տարանջատման հիմքում ընկած՝ պակաս նշանակալի, անցողիկ արժեքներից։ Օրինակ, մարդիկ կարող են ինչ-որ պահի դադարել առաջնորդվել «արդար աղքատներ-անարդար թալանչիներ», «խեղճ քայլարածներ-հանցավոր նախկիններ» և այլ պարզամիտ կաղապարներով և իրենց հարաբերությունների հիմքում դնել վերառօրեական, վերմատերիական արժեքներ։ Այդպիսիք կարող են լինել, օրինակ, հայրենիքի գաղափարը, պատմությունը, անցյալի նվաճումերը, հավատը, Հայ Առաքելական եկեղեցին։
Իշխանությունը շատ լավ հասկացել է դա, և ամենևին պատահական չէ, որ հետևողական, մեթոդական պայքար է մղում հենց վերը նշված գաղափարների ու արժեքների դեմ՝ գիտակցելով, որ դրանք ցանկացած պահի կարող են դառնալ այնպիսի գաղափարախոսության հիմնասյուներ, որոնք հեշտորեն կսրբեն իրենց սեփական աթոռներից։ Դրա համար էլ պետական ողջ քարոզչական ռեսուրսը ծախսվում է հայրենասիրության վարկաբեկման ու ծաղրի, պատմության նենգափոխման, դպրոցական ծրագրերից գրականության՝ ազգային տարրեր պարունակող գործերի դուրսբերման, Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի, բանակի դերի նսեմացման վրա։
Իշխանության համար այս վերօգտապաշտական կատեգորիաները վտանգավոր են ոչ թե ուղղակի, ինքնին, այլ հենց հասարակության համար համախմբող, միավորող նշանակությամբ։ Առնվազն վերջին երեսուն տարիներին այդպիսի դեր ու նշանակություն ուներ Արցախն ու ավելի լայն իմաստով՝ Արցախի գաղափարը, որն իշխանությունն իր կարծիքով՝ հաջողությամբ կարողացավ զրոյացնել՝ այդպիսով ղարաբաղյան հարցը դուրս դնելով հանրային մոբիլիզացիայի ներուժ ունեցող արժեքների ցանկից։ Արցախն այլևս հայկական չէ, բայց դեռևս հայկական է մարդկանց մտածողությունն ու աշխարհայացքը, ինչն ինքնին վտանգավոր է իշխանության համար։
Հենց դա է պատճառը, որ Արցախի հարցը լուծված համարելով՝ հիմա իշխանությունը զբաղված է բոլոր այն արժեքների կազմաքանդմամբ, որոնք որևէ ազդեցությամբ, որևէ պահի կարող են դառնալ հանրային միավորման ու համերաշխության աղբյուր։ Այսպիսով, իշխանությունը մի կողմից՝ հանրությանը բարիկադավորում է ֆիզիկապես՝ մարդկանց բաժանելով արհեստական ու հակադիր խմբերի, մյուս կողմից՝ նրանց մտքերում ու հոգիներում արժեզրկում է այն գաղափարները, որոնք կարող են նպաստել «բոլորն ընդդեմ բոլորի» քայքայիչ ռեժիմից «բոլորը հանուն բոլորի» ստեղծարար ռեժիմ անցմանը։
Իշխանությունը սարսափում է այդ հեռանկարից, որովհետև այդ անցման ժամանակ պարզվելու է, որ դրա թիվ մեկ խանգարողն իշխանությունն է։ Իսկ դա այն անցումներից չէ, որոնց ժամանակ ձիերին չեն փոխում։ Հատկապես, որ ձիերը ներսում հանդես են գալիս՝ առյուծի, դրսում՝ նապաստակի կերպարանքով։
Հարություն Ավետիսյան