Ես 5-րդ շարասյան տեղը չգիտեմ. թող Փաշինյանն ասի` ովքեր են. Տիրան Խաչատրյան
ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը համոզված է՝ «Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա և հետագայում լուծվի բանակցությունների միջոցով կամ ուժային ճանապարհով:
Ազգային ժողովի մոտ ի աջակցություն «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ՝ Տիրան Խաչատրյանը մանրամասնեց. «1989 թվականից ի վեր եղել են Արցախը Հայաստանին վերամիավորելու հիմքերը, և հիմա դրանից հրաժարվելը նշանակում է հարցը միանգամից փակել»:
168.am-ը Տիրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, թե բանակում ազատվել է 5-րդ շարասյունից:
Ի պատասխան՝ ռազմական գործիչը նշեց. «Ի՛նքը պետք է ասի: Ես այդ 5-րդ շարասյան տեղը մինչ օրս էլ չգիտեմ, եթե ինքը գիտի, ինչի՞ կոնկրետ չի նշում: Եթե հայտարարություն են անում, թող բացեն. մերկապարանոց հայտարարություններն ուղղակի հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում»:
Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ և պահանջում, որ ԱԺ-ն ընդունի Լեռնային Ղարաբաղի հանձնումը քրեականացնող օրինագիծը, որն այժմ քննարկվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովում։