«Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը կարևոր է Թուրքիայի համար՝ իր համամոլորակային ամբիցիաներն իրականացնելու. Ռուբեն Սաֆրաստյան

Նոյեմբերի վերջին ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին և անդրադարձել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի նահանջի՝  Զանգեզուրն Ադրբեջանի մաս լինելու գաղափարից։

«Ղարաբաղյան հարցը դեռևս ավարտված չէ, այն դեռ երկար կմնա մեզ հետ։

Հաշվի առնելով այն փաստը, որ 100 հազար հայ մեկնել է Հայաստան կամ այլ երկրներ, իսկ ավելի վաղ մոտավորապես 700 հազար ադրբեջանցի ստիպված է եղել փախչել այնտեղից և ներկայումս  ցանկանում է վերադառնալ։ Սա նպատակ է ապագայի համար։ Այստեղ խոսքը հակամարտության միայն մեկ փուլի ավարտի մասին է։ Այս բոլոր դժվարությունները մեզ հետ կմնան դեռ երկար ժամանակ։ Մարդիկ, ովքեր կորուստներ են կրել, նրանց հարազատները երկու կողմերից էլ չեն պատրաստվում հեշտությամբ համակերպվել։

Կարդացեք նաև

Ես շատ անգամներ եմ ասել, որ Ղարաբաղյան հարցն  ավելի մեծ խնդրի մի մասն էր, և դա Հարավային Կովկասում ժողովուրդների ու տարածքների բաշխման գործընթացն էր»,- ասել է Գոբլը՝ հավելելով, որ նմանատիպ խնդիրներից մեկն էլ «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։

«Եթե հիմա Հայաստանը չգնա լուրջ զիջումների, կդառնա ավելի մեկուսացված, և Սյունիքով ճանապարհի փոխարեն՝ Իրանի ճանապարհը լինի դեպի Նախիջևան, Հայաստանին կդնեն ավելի ոչ շահավետ իրավիճակի մեջ»,-  ասել է հայտնի վերլուծաբանը։

Ի՞նչ մեսիջներ  է պարունակում Փոլ Գոբլի հարցազրույցը՝ հատկապես «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ, ի՞նչ սպասել։

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ Գոբլի հարցազրույցը չի կարդացել, սակայն այնպես չէ, որ վերջինս նորություն է ասել։

«Վաղուց եմ ասում, որ Ադրբեջանը և առաջին հերթին՝ Թուրքիան երբեք չեն հրաժարվի «Զանգեզուրի միջանցքի» իրենց ծրագրից, որովհետև կարծում եմ՝ դա առաջին հերթին Թուրքիայի համար է կարևոր։ Կարևոր է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև Կենտրոնական Ասիայի թուրքական երկրների հետ կապ ունենալու համար, նաև Թուրքիայի համար հնարավորություն  է՝ իր համամոլորակային ամբիցիաները իրականացնելու համար։ Թուրքիան, Էրդողանի կառավարման վերջին տարիներին, տեսնում ենք, որ փորձում է դուրս գալ տարածաշրջանային պետության շրջանակներից՝ այնպիսի դերակատարում ստանձնել, որը կարող է ազդել համաշխարհային գործընթացների վրա»,- շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Այս համատեքստում մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Թուրքիան ցանկանում էր միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ակտիվ դերակատարում ունենալ Գազայում Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի պատերազմը հանգուցալուծելու հարցում։ Իսկ ուղղակի կապը Կենտրոնական Ասիայի երկրների հետ նշանակում է, որ Թուրքիան հնարավորություն է ստանում օգտագործել տնտեսական պոտենցիալը. եթե վերցնենք Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսությունները, ապա  տարեկան արտադրանքը 1 տրիլիոն դոլար է։ Այդ ամենը Թուրքիան կօգտագործի իր ամբիցիաներն ուժեղացնելու համար, աշխարհում սեփական դիրքերն ուժեղացնելու համար։

«Թուրքիան աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների վրա հաստատել իր ազդեցությունը։ Փաստորեն, սա Թուրքիայի համար ոչ միայն կոնկրետ պանթուրքիստական նպատակների համար է, այլ իր համաշխարհային ամբիցիաներն ավելի հասանելի դարձնելու»,- հավելեց ակադեմիկոսը։

«Մարգարա» սահմանային անցակետն արդեն պատրաստ է՝ այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» գրավոր հարցմանը պատասխանել էին ՀՀ ԱԳՆ-ից: Թե երբ այն կսկսի գործել՝ հարցին  Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ Թուրքիան կսպասի մինչև այն պահը, երբ  կստորագրվի պայմանագիր՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ Մինչև չստորագրվի այդ պայմանագիրը, կամ Թուրքիան ակնհայտ չտեսնի, որ այն ստորագրվելու է, որևէ քայլ չի ձեռնարկելու»։

Տեսանյութեր

Լրահոս