Ադրբեջանը պատմական շուրջ 6 գերեզմանոց է վերացրել, որտեղ առկա են 12-13-րդ դարերի խաչքարեր. մշակութաբան

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և 2023թ. սեպտեմբերի 19-ից արցախցիներին իրենց հայրենիքից բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանը շարունակեց պատմամշակութային ժառանգության ոչնչացումը՝ խախտելով միջազգային բոլոր նորմերը: Ի՞նչ նորմեր են խախտվել, ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել և այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք մշակութաբան Արմինե Տիգրանյանի հետ:

Ադրբեջանը, այսպես ասած՝ մարսեց Ջուղայի խաչքարերի վերացումը, Գանձակի, Շահումյանի, Նախիջևանի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, որոշ չափով՝ նաև սեփականաշնորհումը, և նույնը հիմա շարունակում է Արցախի դեպքում: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:

– Այն, որ Ադրբեջանը ցանկանում է ոչ միայն Հայաստանի տարածքային յուրացման ճանապարհով հասնել իր գերնպատակին, այլև ոչնչացնել այդ տարածքում ապրող հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի ինքնությունը, պատմությունը, լինելիության ապագան, արձանագրված փաստ է, որի մասին խոսում են ոչ միայն հայկական իրականության, այլև եվրոպական խորհրդարանի տիրույթում, և 2023թ. հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ բանաձևով հստակ արձանագրվեց, որ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը նոր իրողություն չէ, և այն Ադրբեջանի 100-ամյա քաղաքականության բաղկացուցիչ մի մասն է:

Բացի այդ, բանաձևը հստակ նշեց, որ Ադրբեջանի քաղաքականությունը համակարգված հանցագործությունների շարք է, այդ թվում կան կասկածներ՝ էթնիկ զտման հիմքով: Այս կտրվածքով կարող ենք ասել, որ Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է նյութական կառույցները և վնաս հասցնում նյութական օբյեկտներին և արժեքներին, այլև դրանց ոչնչացմամբ ցանկանում է հերքել տարածաշրջանում Արցախի ժողովրդի ապրելու պատմությունը և շարունակականության հնարավորությունը: Այդ պատճառով Ադրբեջանը փորձեց բռնի տեղահանության, տոտալ հայաթափման ենթարկել ողջ Արցախը, որպեսզի հնարավորություն չտա վերստեղծելու մշակութային ինքնությունը:

Կարդացեք նաև

Շինարարության անվան տակ էլ վերացնում են հայկական գերեզմանոցները:

– Այո, սա նոր քաղաքականություն չէ: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ Ադրբեջանի կողմից բռնազավթվեց Արցախի տարածքի մեծ մասը, Ադրբեջանը գլոբալ ճանապարհաշինարարական աշխատանքների անվան տակ փորձեց ոչնչացնել պատմական մի շարք գերեզմանոցներ, այդ թվում՝ Շուշիի, Սղնախի գերեզմանոցները: Վերջերս Ադրբեջանը ոչնչացրեց Շուշիի երկու պատմական գերեզմանոցներ՝ 18-19-րդ դարերի, որտեղ առկա են 12-13-րդ դարերի խաչքարեր, բազմաթիվ տապանաքարեր, որոնք փաստում էին ոչ միայն արցախահայերի գոյությունը, այլև հարուստ տեղեկատվություն՝ արցախյան կենցաղի, հարուստ պատմության մասին: Սա ծանր կորուստ է, որովհետև պատմական գերեզմանոցների ոչնչացումը հենց այն թիրախային ուղղությունն է, որով Ադրբեջանը փորձում է վերացնել հայերի ներկայությունը փաստող նյութական ապացույցները: Վերացվել է շուրջ 6 պատմական գերեզմանոց:

Օկուպացված Արցախում կան մի շարք թանգարաններ, պատկերասրահ, շատ ցուցանմուշներ, բնականաբար, հանել հնարավոր չի եղել: Այս ամենն Ադրբեջանը սեփականաշնորհելու է, ու իրենց գոյության 100 տարին մոռանալով՝ ներկայացնելու են, որ չգիտես՝ որ դարից է ու իրենցն է: Շատ մասնագետներ ունենք, գրքեր ենք տպագրում, բայց պայքարը նաև սոցիալական ցանցերում է: Ի՞նչ են անում մեր մշակութաբանները:

– Այն, ինչ Ադրբեջանը չի կարողացել պատմականորեն ստեղծել՝ այսօր փորձում է արդեն իսկ ստեղծվածը յուրացնել և վերագրել իր պետությանը: Այն, որ օկուպացված տարածքներում թողել ենք բազմաթիվ թանգարաններ, հազարավոր ցուցանմուշներով՝ մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական օկուպացիայի ժամանակահատվածը, կարող էինք խոսել շուրջ 20.000 թանգարանային ցուցանմուշների ու 12 թանգարանի մասին, բայց, ցավոք, պետք է արձանագրենք, որ սեպտեմբերի 19-ից հետո թանգարանների, ցուցանմուշների թիվը համալրվեց: Կորուստը ոչ միայն այդ արժեքավոր ժառանգությունն է, այլև այն, որ վտանգվում է մշակույթի իրավունքի իրացման կոնցեպտը, որը սերտորեն առնչվում է ինքնության, կրթության իրավունքին:

Նշեմ, որ 44-օրյա պատերազմից հետո ակադեմիական հանրույթը՝ հնագետ Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, սկսեց Արցախի մշակութային ժառանգության մոնիտորինգ նախաձեռնությունը, ստեղծվեց կայք, որը համագործակցում է միջազգային տարբեր գործընկերների հետ, այդ թվում՝ Կովկասի ժառանգության միջազգային կենտրոնի, որն արբանյակին տվյալներ է փոխանցում: Կայքում ներկայացվում է Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը, ցույց է տրվում, թե Ադրբեջանն ի՞նչ ուղղություններով է փորձում դա ոչնչացնել, և դրան տրվում է համարժեք պատասխան: Պայքարը գնում է նաև իրավաբանական ոլորտում: 2021թ. դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը որոշում հրապարակեց՝ փորձելով Ադրբեջանին արգելել ոչնչացնել հայկական ժառանգությունը:

Այսօր, երբ Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի և հայկական պատմական այլ քրիստոնեական եկեղեցիների պատմությունը կեղծվում է, և դրանք համարվում են աղվանական, սա հարված է ոչ միայն Արցախի ժողովրդին, այլև քրիստոնեական ողջ հանրությանը, և սա հանցագործություն է՝ ուղղված ողջ մարդկությանը, քանզի Արցախի ժառանգությունը մոլորակի մշակութային ժառանգության յուրօրինակ գույնն է, իսկ ժողովուրդն այսօր հնարավորություն չունի վերստեղծել իր ժառանգությունը: Սա մոլորակի մշակութային աղքատացում է: Հռոմի ստատուտը նշում է, որ ժառանգության ոչնչացումը նաև մարդկության արժանապատվության դեմ ոտնձգություն է համարվում:

– Կարծում եք՝ փաստաթղթերը կամ դատարաններն ազդեցություն կունենա՞ն Ադրբեջանի վրա:

– Երբ Հաագայի դատարանը 2021թ. հորդորեց զերծ մնալ ոչնչացումներից, Ադրբեջանը որոշ իմաստով փորձեց զսպել ժառանգության ոչնչացման և պատմության յուրացման իր քաղաքականությունը և բացահայտ դա չանել: Իսկ երբ Ադրբեջանի Մշակույթի նախարար Քերիմովը հայտարարեց, որ պատրաստվում է հանձնաժողով ստեղծել՝ եկեղեցիների արձանագրությունները ոչնչացնելու հետ կապված, միջազգային կոշտ արձագանքը ստիպեց, որ Ադրբեջանը հետ կանգնի այդ որոշումից և հանձնաժողովի գոյությունը բացահայտ դադարեցվի: Լավագույն լուծումը կլինի, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն անկախ փորձագիտական այց կազմակերպի Արցախ: Գործընթացը դադարեցվում է, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր առաքելությունն իրականացնելու փոխարեն՝ շարունակում է Ադրբեջանին «խրախուսել» ու նրան նշանակել իր գլխավոր կոնֆերանսի փոխնախագահող երկիր: Միջազգային օրենքների ոչ ճիշտ գործարկումը չի նշանակում, որ մասնագետները չպետք է շարունակեն աղաղակել այս ոչնչացումների մասին:

– Միջազգային կառույցների ներկայացուցիչներն են ուզում գնալ Արցախ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեպքում Ադրբեջանն իր ճանապարհն էր առաջարկել, բայց նրանք հրաժարվել էին: Այդ փորձագետները որքանո՞վ են անկախ, ճիշտ չէ՞ր լինի, որ նրանց թվում նաև հայ լինի:

– Ազգային կողմնորոշումը գիտության մեջ այնքան էլ կարևոր չէ, որովհետև գիտնականը պետք է վեր լինի ազգային պատկանելությունից, չեզոք ու արդարացի քննի հարցը, բայց ճիշտ եք. այն ներկայացուցիչները, որոնք ՄԱԿ-ի կողմից ներկայացված էին և սեպտեմբերի 19-ից հետո եկել էին տարածաշրջանում իրողությունը գնահատելու, կարելի է ասել, որ քաղաքականացված հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ այդքան էլ բռնության հետքեր չկան, ու զարմացել են, թե ինչո՞ւ է Արցախի ժողովուրդը լքել այն: ԵԽԽՎ բանաձևում էլ նշվել էր, որ Արցախի ժողովուրդն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում, կյանքի տոտալ սպառնալիքից ելնելով, վախի մթնոլորտում լքել է իր պատմական հայրենիքը: Ունենք իրարամերժ երկու ուղղություն: Բայց օրակարգում մնում է հարցը, որ իսկապես անկախ փորձագետներ են պետք, ու եթե նրանց թվում հայեր լինեն՝ դա կնպաստի երևույթի ճշմարտացի ներկայացմանը: Իսկ եթե լինեն միջազգային փորձագետներ, որոնք չեն ներկայացնի խավիարային դիվանագիտություն, այս պարագայում կարող ենք խնդրի փոքր-ինչ լուծման որոշակի հույսեր ունենալ:

– Ունենք նաև Արցախի բարբառի պահպանման խնդիր: ԿԳՄՍ նախարարությունը նշեց, որ Հադրութի բարբառը ցանկանում են գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում, բայց դա հարցի լուծո՞ւմ է:

– Բարբառը համարվում է ոչ նյութական մշակութային ժառանգություն, ու այն պահպանելու համար անհրաժեշտ է կիրառել, փոխանցել սերունդներին: Այդ արժեքի հանրահռչակումը կարող է որոշակի դերակատարում ունենալ: Հադրութի բարբառը շատ յուրահատուկ, կոլորիտային ինֆորմացիա է պարունակում, կարծես թե կոդավորել է այդ համայնքի կարևոր մշակութային առանձնահատկությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս