
Երեխաս մի քանի օրից կծնվի՝ դեռ գոնե մի հագուստ չեմ գնել, որ հագցնեմ, ոսկու համար ո՞նց եմ վճարելու. բանկերը հրաժարվո՞ւմ են ընդառաջել արցախցիներին

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսն անդադար բարձրաձայնում են տեղահանվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանվելուց երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Այս բարդ իրավիճակից զատ, մեր հայրենակիցները խնդիրներ ունեն նաև բանկերի հետ: Բանն այն է, որ դեռ Արցախում հայաստանյան բանկերի մասնաճյուղերում գրավադրած ոսկեղենի դիմաց մեր հայրենակիցները վարկ են վերցրել, ու հիմա բանկերի զգալի մասը հրաժարվում է վերադարձնել գրավադրած ոսկեղենը, կամ պահանջում են վճարել վարկային գումարը:
Արցախից սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանված Աքսաննա Հայիրյանը, սակայն, 168.am-ին հայտնեց, որ ինքը գիտի մարդկանց, ում ոսկեղենը բանկը վերադարձրել է՝ առանց որևէ պարտք-պահանջի՝ հաշվի առնելով մեր հայրենակիցների վիճակը:
«Ես Արցախբանկում ոսկու գրավ դրած մարդ գիտեմ, որ 1 մլն 200 հազար դրամի ոսկին ուղղակի վերցրել է հետ: Մերը, որ հաշվենք, շատ ավելի քիչ է, մոտ 300.000 դրամ է կազմում: Որ ճիշտն ասեմ, հիմա մենք այդքան փող չունենք ու հնարավորություն էլ չունենք դա ձեռք բերելու, ինչո՞ւ հնարավոր չէ ընդառաջել: Ես էլի կտայի, բայց հիմա անգամ երեխաներիս համար սնունդն ենք դժվարությամբ հայթայթում, ես այդ գումարը ո՞նց եմ վճարելու, որ ոսկեղենս տան: Քանի անգամ գնացել եմ, ասում են՝ պետք է գումարը տաք, որ հանեք: Բա մնացածներինը ո՞նց է հանել: Մանավանդ, որ գիտեն, որ ամեն ինչ թողել ենք, դատարկաձեռն ստիպված հեռացել ենք մեր տներից: Մի՞թե չգիտեն մեր վիճակը»,- ասաց արցախցի մեր հայրենակիցը:
Մեր հարցմանն ի պատասխան՝ բանկից տեղեկությունը հաստատեցին՝ հավելելով, որ ոսկեղենն ամբողջությամբ անվճար վերադարձնում են, առանց բացառության, բոլոր արցախցիներին:
«Ամբողջ ոսկեղենը կարող են վերցնել Նաիրի մասնաճյուղից»,- մանրամասնեցին բանկից:
Հայիրյանների 5 հոգուց բաղկացած ընտանիքը բռնի տեղահանվել է Ասկերանից: Մինչև Արցախից հեռանալը, անչափահաս երկու երեխաների հետ օրերով ապրել են օդանավակայանում՝ մեքենայի մեջ: Ավելի քան 3 օր ճանապարհներին մնալուց հետո միայն հասել են ՀՀ: Այստեղ էլ արցախցի ընտանիքը բնակվում է վարձով: Միայն բնակարանի համար 200 հազար դրամ են վճարել՝ կառավարությունից ստացած գումարով: Ամուսինն էլ դեռևս չի աշխատում, աշխատանք է փնտրում:
«Հիմա դեռ 5 հոգի ենք: Պետությունից ստացած էդ 250.000 դրամը հազիվ հասցնում եմ տան վարձ տալ, սնունդ առնել ու կոմունալ վճարել: Ամուսինս էլ առողջական շատ լուրջ խնդիր ունի: Պատերազմի մասնակից է: Տազը 12 տեղից ջարդված է: Ինքը չի կարողանում ծանր աշխատանք կատարել: Ես էլ հղի եմ, դեկտեմբերի 12-ին կեսարյան վիրահատությունս է լինելու: Չգիտեմ էլ, թե որոշ ժամանակ անց ինչ ենք անելու, եթե էլ վարձի գումար չմնա: Երեխաներս դրսում կմնան»,- պատմեց բազմազավակ մայրը:
Աքսաննան այժմ էլ երկու անչափահաս երեխա ունի՝ 5 և 3 տարեկան: Ասում է՝ նրանք էլ նորմալ հագուստ չունեն ձմեռը դիմավորելու համար: Արցախից դուրս գալիս հասցրել են միայն մի քանի բան վերցնել:
«Հիմա ես տուն եմ ման գալիս: Ամեն օր, այս վիճակում էլ, ամուսնուս հետ գնում, տուն ենք փնտրում: Հիմա էլ պատրաստվել ենք, որ գնանք, տեսնենք՝ ինչ ենք անում, նորմալ տուն գտնենք, որ երեխան ծնվի՝ նորմալ պայմաններ ապահովենք: Տներն էլ կան, ուղղակի այնքան թանկ են… չեմ հասկանում, թե ինչու է էսպես: Ինձ թանկ ու ճոխ բաներ պետք չեն: Մի հատ անկյուն է պետք, որ կարողանանք մեր երեխաներին նորմալ մեծացնել: Էդ ամեն ինչը քաշելուց հետո գոնե հիմա նորմալ կենսակերպ կարողանանք վարել»,- ասաց Աքսաննա Հայիրյանը: Ընդամենը մի քանի օրից ծնվելու է երրորդ երեխան, ու, բնականաբար, խնդիրները կրկնապատկվելու են:
«Ես անգամ իմ ծախսերը չեմ կարողանում հոգալ: Երեխաս մի քանի օրից կծնվի՝ դեռ գոնե մի հատ հագուստ չեմ գնել, որ ծնվելուց հետո հագցնեմ: Այնքան ծանր է վիճակս: Չեն էլ ուզում հասկանալ, մտնել դրությանս մեջ: Ամուսինս էլ ասում է, որ այդ ոսկիներն անգամ հանելու դեպքում էլ նորից ստիպված ենք լինելու գրավ դնել, որ կարողանանք էրեխու համար մի երկու պարագա առնել: Ո՛չ օրորոց ունի, ո՛չ հագուստ, ո՛չ խնամքի պարագաներ: Չգիտեմ էլ՝ ոնց է լինելու մեր վիճակը: Մի՞թե այդ աստիճանի չեն կարողանում մտնել դժվարության մեջ հայտնված մարդկանց դրության մեջ»,- անհանգստացած ու վրդովված ասաց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցը:
Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կապվեցինք նաև ABB-ի (Հայբիզնեսբանկ) ներկայացուցչության հետ: Մեզ խնդրեցին հետաքրքրող բոլոր հարցերն ուղարկել գրավոր նամակով: Հարցումն ուղարկված է: Բանկից պատասխանը ստանալուն պես այն նույնպես կհրապարակենք:
Տեղեկացնենք, որ Արցախից ՀՀ տեղափոխվելուց հետո Հայիրյանների ընտանիքին միայն երկու անգամ է օգնություն տրամադրվել՝ Կարմիր խաչի ու անհատ քաղաքացու կողմից: Այլ օգնություն չեն ստացել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից: Նրանցից ավելի քան 4000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը: Իսկ բազմաթիվ ընտանիքներ մինչև այժմ էլ ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ կեցավայրերում:
Նազելի Ստեփանյան