Անցած տարվա հոկտեմբերի սկզբին Հայաստան տեղափոխված Հայրիյանները ֆինանսական լուրջ խնդիրների առջև են կանգնած: Երեք անչափահաս երեխայի հայր Նվեր Հայրիյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո ո՛չ գումար ունեն, ո՛չ բնակավայր: Տան վարձը նույնպես չեն կարողանում վճարել:
«Ես Արցախբանկում ոսկու գրավ դրած մարդ գիտեմ, որ 1 մլն 200 հազար դրամի ոսկին ուղղակի վերցրել է հետ: Մերը, որ հաշվենք, շատ ավելի քիչ է, մոտ 300.000 դրամ է կազմում: Որ ճիշտն ասեմ, հիմա մենք այդքան փող չունենք ու հնարավորություն էլ չունենք դա ձեռք բերելու, ինչո՞ւ հնարավոր չէ ընդառաջել: Ես էլի կտայի, բայց հիմա անգամ երեխաներիս համար սնունդն ենք դժվարությամբ հայթայթում, ես այդ գումարը ո՞նց եմ վճարելու, որ ոսկեղենս տան: Քանի անգամ գնացել եմ, ասում են՝ պետք է գումարը տաք, որ հանեք: Բա մնացածներինը ո՞նց է հանել: Մանավանդ, որ գիտեն, որ ամեն ինչ թողել ենք, դատարկաձեռն ստիպված հեռացել ենք մեր տներից: Մի՞թե չգիտեն մեր վիճակը»,- ասաց արցախցի մեր հայրենակիցը:
Բնակարանների վարձավճարների կտրուկ աճ ավելի շատ նկատվում է վերջին երկու շաբաթների ընթացքում: Չեմ կարող ասել՝ դա կապված է Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ, թե ոչ: Բայց գնային աճ, անկասկած, կա: 168.am-ին հայտնեց անշարժ գույքի «Բարս» գործակալության ներկայացուցիչ Մարգարիտա Հարությունյանը: