Արցախում տեղի ունեցածի մասին իրական տեղեկատվության 99 տոկոսին Հայաստանի հասարակությունը չի տիրապետում. կվերլուծենք ու կներկայացնենք. Արշակ Աբրահամյան

Սեպտեմբերի 19-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախահայերը փորձում են տարբեր միջոցներով իրենց իրավունքների մասին բարձրաձայնել  ու հասցնել միջազգային կառույցներին։

Արցախից բռնի տեղահանված մի խումբ երիտասարդներ՝ Արցախի տարբեր կուսակցությունների երիտթևերի, հ/կ-ների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող ակտիվիստներ, միավորվել ու ստեղծել են «ԱՐՄԱԴԱ» վերլուծական կենտրոնը:  Նպատակն է՝ ուսումնասիրել ու վերլուծել անցածն ու ներկան,  բարձրաձայնել արցախահայության իրավունքները միջազգային հարթակներում։

168.am հետ զրույցում կենտրոնի համահիմնադիրներից Արշակ Աբրահամյանն ասաց, որ մինչև կենտրոնի հիմնադրելը, նույն թիմով զբաղվում էին Արցախից բռնի տեղահանված արցախահայության խնդիրներով՝ ճշտում էին վարձով տների հասցեները և դրանք փոխանցում արցախցիներին։ Օգնության կարիք ունեցողների հասցեներն էին ճշտում և փոխանցում օգնություն հատկացնողներին։ Սոցիալական հարթակներում ևս՝ հավաքագրում էին խնդիրները, փոխանցում համապատասխան հ/կ-ներին։

«Այդ ամենից հետո միտք ծագեց ստեղծել կենտրոն, որպեսզի իրարից չկտրվենք, կարողանանք խնդիրների լուծմանն այսպես միասնական մոտենալ։ Մեր կենտրոնն արդեն գրանցված է՝ ՀՀ բոլոր օրենքներին համապատասխան։ «ԱՐՄԱԴԱ» կենտրոնն իրականացնելու է հետազոտություններ և վերլուծություններ, ձգտելու է բարձրացնել համազգային դիսկուրսի մակարդակը, քաղաքականության կայացման գործընթացում փորձելու ենք բարձրացնել նաև արցախցիների ներգրավվածության աստիճանը, որովհետև հասկանալի է, որ այսպես ապատիկ վիճակում հասարակությունը չի կարող երկար շարունակել։ Մշակել, վերլուծել ենք նաև օրենսդրական նախագծեր՝ մարդու իրավունքների վերաբերյալ, քանի որ ուժի կիրառմամբ բռնի կերպով 120 հազար արցախահայեր տեղահանվել են»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այս ամենին ՀՀ իշխանությունների վերաբերմունքին, մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանի իշխանությունն արցախցի երիտասարդներին իրեն մրցակից չի համարում, այդ պատճառով էլ կարծում է՝ նրանց աշխատանքին չեն խոչընդոտի։ Չնայած, չեն բացառում, որ իշխանությունները կփորձեն  խոչընդոտել։

«Մեր շարքերում եղած արցախցի երիտասարդները դեռ չեն հատել տարիքային այն շեմը, որպեսզի ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցնեն, այդ պատճառով իշխանությունը մեզ մրցակից չի տեսնում։

Մեր երիտասարդներից շատերն Արցախի վերաբերյալ այնպիսի իրավիճակների են ականատես եղել, որն այստեղ որևէ մեկին հայտնի չէ, այսինքն՝ հնարավոր է՝ ժամանակի ընթացքում բացվեն փակագծեր այն ամենի մասին, ինչի միջով մենք անցել ենք Արցախում։ Դրա մասին վերջին ամիսներին մենք լռում ենք, որովհետև լռում է նաև Արցախի ղեկավարությունը։ Այսպիսի որոշում է կայացվել, նաև նախագահ Սամվել Շահրամանյանն է իր հարցազրույցում ասել, որ դեռ լայն կոնտեքստով փակագծեր չեն բացի։ Բնականաբար, այդ բոլոր պայմանավորվածությունները, որոնք կան, չենք անտեսելու։ Ժամանակի ընթացքում երբ լինեն համապատասխան որոշումներ, նաև Արցախի երիտասարդությունն իր խոսքը կասի, այդ ժամանակ էլ կտեսնենք՝ ՀՀ իշխանության ռեակցիան ինչպիսին կլինի։ Այս երիտասարդները դեռևս Արցախում են հայտարարել, որ դեմ են ՀՀ իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականությանը։ Որևէ իշխանություն այս աշխարհում հավերժ չէ»,- հավելեց Արշակ Աբրահամյանը։

Թվարկելով, թե Արցախի ո՞ր կուսակցությունների երիտթևի ներկայացուցիչներից են ընդգրկված կենտրոնում, Արշակ Աբրահամյանն ասաց՝ 4 կուսակցություններից են՝ «Արդարություն», «Ազգային ժողովրդավարություն», «Արցախի պահպանողական» և «Միացյալ Հայաստան կուսակցություն»։

Մենք նախ պետք է Արցախում տեղի ունեցածը վերլուծենք ու ներկայացնենք հասարակությանը, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է իրականում կատարվել, քանի որ Հայաստանի հասարակությունը տեղեկատվության 99 տոկոսին չի տիրապետում։ Մատուցման ճիշտ եղանակ պետք է ընտրենք ու մատուցենք այդ տեղեկատվությունը։

Եթե ամփոփեմ, ապա պետք է ասեմ, որ մեր կենտրոնում հավաքված են երիտասարդներ, որոնց համար Արցախի հայկականության էջը փակված չէ, իրենք շարունակելու են իրենց պայքարը, ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախը կրկին վերադառնա իր հայկական կարգավիճակին»,- եզրափակեց Արշակ Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս