
«Իրավիճակը բարդ է. պետք է փորձել ինչ-որ ձևով Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել՝ գերիների հետ կապը պահպանելու համար». Վահրամ Բալայան

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որի ներկայացուցիչները միակն էին, որ կարող էին այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց և Հայաստանում գտնվող հարազատների միջև կապը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին օրերս 168.am–ի հետ զրույցում ասել էր, որ Կազմակերպության կենտրոնակայանի միջոցով փորձեր շարունակաբար կանեն՝ Ժնևի գրասենյակի և Ադրբեջանի իշխանությունների միջև երկխոսությունը պահպանելու ուղղությամբ, որպեսզի կարողանան ընձեռել հնարավորություն որևէ այլ ձևաչափով շարունակելու աշխատանքը։ Սակայն այս պահին որևէ հստակություն չկա. փաստն արձանագրել են, որ կազմակերպությունը դուրս է եկել Ադրբեջանից, ներկայություն չունի։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների ու հարազատների միջև կապ չկա, գործընթացը դժվար էր և ավելի է դժվարացել Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո։
«Իրավիճակը բարդ է, կարծում եմ՝ պետք է շարունակել միջազգային կառույցների հետ ակտիվ աշխատել և փորձել ինչ-որ ձևով Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի կարողանանք գերիների, պատանդների հետ կապը պահպանել, նրանց կարողանանք համապատասխան իրավական օժանդակություն ցուցաբերել։
Ինչ վերաբերում է այս գործընթացում ՀՀ իշխանությունների անելիքներին, ապա սեպտեմբերի 2-ին Արցախի ԱԺ հայտարարությամբ էլ նշել էինք, որ Հայաստանի իշխանությունները պետք է պարտադիր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում այս հարցն առաջնային դարձնեն քննարկման առարկա»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։
Նա շեշտեց՝ Արցախի ԱԺ-ն որոշակի աշխատանքներ տանում է, սակայն Հայաստանի Հանրապետությունն է միջազգայնորեն ճանաչված երկիր, բնականաբար ՀՀ-ի խոսքն այլ կարող է լինել։
«Սպասումներ չկան, բայց իշխանությունն այս հարցում պետք է ակտիվություն ցուցաբերի, թեպետ գիտենք, որ «խաղաղության պայմանագրում» գերիների հարցին որևէ անդրադարձ չկա։ Դրա համար մենք փորձում ենք գոնե մեր ռեսուրսներն օգտագործենք՝ խնդրի բարձրաձայնման համար, հիմնականում Հայ դատի գրասենյակի, Արցախի ԱԺ հանձնաժողովի միջոցով։ Ամեն միջոց մենք փորձում ենք, մեր ուժերով ամեն ինչ անում ենք որոշակի արդյունք ունենալու համար»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։