Իշխանությունների արկածախնդրության համար վճարում է արտահանող բիզնեսը․ ինչպես միշտ
Նիկոլ Փաշինյանի իշխանության հայտարարած քաղաքական դեմարշը՝ երբեմնի ռազմավարական գործընկերոջ կողմից, ինչպես և սպասվում էր, անպատասխան չմնաց։ Քաղաքական սրացումների արձագանքներն անմիջապես արտահայտվեցին տնտեսական հարթության մեջ։ Հայկական արտադրության որոշ գյուղատնտեսական ապրանքներ հայտնվեցին մաքսային մամլիչի տակ, ու արգելվեց դրանց մուտքը Ռուսաստան։
Իշխանությունը, ինչպես միշտ, կաշան եփեց ու մի կողմ քաշվեց՝ տնտեսվարողներին թողնելով մենակ իրենց խնդիրների ու հոգսերի հետ։
Թե հսկողություն չանցած ապրանքների սեփականատերերն ինչքա՞ն կորուստներ կրեցին այս ընթացքում ու դեռ կկրեն, եթե իրավիճակը սահմանին չփոխվի, դժվար չէ հաշվել։ Խոսքը հսկայական վնասների մասին է։
Բայց դա իշխանություններին կարծես այնքան էլ չի հուզում։ Նրանց արձագանքը բոլորովին ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին, նույնիսկ տարօրինակ է՝ իրականությունից կտրված։ Չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, թե ինչի՞ կարող է բախվել երկիրը՝ իրենց արկածախնդրության պատճառով։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առանց մտածելու, հետևանքները հաշվի առնելու, առանց խնդրի լրջությունը պատկերացնելու, հայտարարում է, թե Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի։ Գուցե իրենց վրա չի ազդի, բայց տնտեսության վրա, արտադրողների վրա, հասարակության վրա հաստատ ազդելու է, այն էլ՝ մեծապես։ Ինչի՞ վրա է հույսը։
«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:
Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- անդրադառնալով հայկական որոշ ապրանքների համար Լարսի փակմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արայիկ Հարությունյանը։
Սա, անշուշտ, իշխանությունների հերթական քարոզչական փուչիկն է, որով ուզում են արդարացնել իրենց անպատասխանատու արարքների տնտեսական հետևանքները։ Այլ բան, թե դա որքանով ընդունելի կլինի նրանց համար, ովքեր գումարներ են ներդրել, ժամանակ են ծախսել, աշխատել ու քրտինք են թափել, արտադրանք են թողարկել, որպեսզի այսօր կարողանան իրացնել ու փակել իրենց ծախսերը, բայց բախվել են նման խնդիրների հետ։
Այդ խնդիրները գուցե չլինեին կամ քիչ լինեին, եթե մեր արտահանման շուկաները դիվերսիֆիկացված լինեին։ Բայց ունենք այն, որ վերջին տարիներին կախվածությունը ռուսական շուկայից նույնիսկ ավելի է մեծացել։
Իսկ ի՞նչ են արել իշխանությունները, որպեսզի այդ կախվածությունը նվազի, հայկական բիզնեսը նոր շուկաներ գտնի այլ երկրներում, ինչպես ասում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Արել են այն, որ կախվածությունն ավելի է խորացել։
Լա՞վ է, թե՞ վատ, բայց այդպես է, ու հաշվի չառնել այս իրողությունը՝ նշանակում է արկածախնդրությամբ զբաղվել։
Թեև դա գործող իշխանություններից հեռու չէ։ Եկել, չեն եկել, Հայաստանը միայն փորձությունների միջով է անցնում։ Ու ամեն անգամ դրանցից մեծ կորուստներով է դուրս գալիս, եթե իհարկե դուրս է գալիս։ Բայց անգամ այդքանից հետո չեն խրատվում։ Երկիրը անընդհատ փորձությունների մեջ են ներքաշում։ Մի բան անելուց առաջ՝ հետևանքների մասին չեն էլ մտածում։
Լավ, ասենք՝ ուզում եք քաղաքական կողմնորոշումները փոխել։ Լավ եք անում, փոխում եք, բայց հաշվե՞լ եք դրա տնտեսական հետևանքը։
Քաղաքական կողմնորոշումները փոխողը պետք է մտածի նաև տնտեսությունը դրան նախատրաստելու մասին։ Այնինչ՝ լրիվ հակառակն է. բազմաթիվ առումներով Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից, եթե նախկինում էլ մեծ էր, վերջին մեկ-երկու տարում սարսափելի մեծացել է։ Դա նկատելի է՝ ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ՝ բազմաթիվ այլ առումներով։
Ռուսաստանից է գալիս ֆինանսական հոսքերի մեծ մասը։
Այն, որ իշխանությունները հպարտանում են զբոսաշրջության աճերով, ցուցանիշներ են հրապարակում, ռեկորդներից են խոսում, ինչի՞ հաշվին են դրանք եղել։
Զբոսաշրջային հոսքերի կեսից ավելին Ռուսաստանից են։ Ու եթե մի օր այդ հոսքերը դադարեն, այս աճերը ոչ միայն կզրոյանան, այլև մեծապես կկրճատվեն։
Նույնը վերաբերում է նաև մյուս ոլորտներին, այդ թվում՝ արտաքին առևտրին ու ֆինանսական հոսքերին։
Եթե քաղաքական լարավածությունը հիմնովին տեղափոխվի տնտեսական հարաբերությունների դաշտ, ապա հետևանքները նախաձելի չեն լինի մեր տնտեսության համար։ Մեկ-երկու նման իրավիճակների ոչ վաղ անցյալում բախվեցինք որոշ ապրանքների, մասնավորապես՝ կաթնամթերքի, կոնյակի արտահանման առումով, ու տեսանք, թե դրանց ազդեցություններն ինչպիսին են։ Դա դեռ կարճաժամկետում, երկարաժամկետում ազդեցությունների մասին ավելի լավ է լռել։
Սրանք իրողություններ են, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Տնտեսությունը հնարավոր փորձությունների մեջ ներքաշելուց առաջ, պետք է գոնե ինչ-որ չափով պատրաստել դրան։ Բայց այդ պատրաստությունը ոչ մի տեղ չի երևում։ Տնտեսության արտադրական հատվածի կարողություններն ու որակը ոչնչով չեն ավելանում ու բարելավվում, որպեսզի հնարավոր լինի ավանդական շուկաները փոխարինել նորերով։
Վերջին երկու տարիների «բուռն աճերի» պարագայում մեր ներքին տնտեսության ոչ միայն արտահանման, այլև արտադրական պոտենցիալը չի ավելացել։ Ներքին տնտեսությունից արտահանումը նվազել է։
Նվազել է նաև արտադրության ծավալը։
Եթե այսքան հնարավորությունների պայմաններում տնտեսությունը չի կարողացել ընդլայնել կարողությունները, դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, երբ խոչընդոտները երկարաժամկետ լինեն ու համընդհանուր։ Իսկ այդպիսի հավանականությունն անհնարին է բացառել՝ այն ակնհայտ քայլերի պարագայում, որոնք անում են իշխանությունները՝ երբեմնի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում, որից կախված ենք տնտեսական բազմաթիվ լծակներով։ Այդ թվում, ինչպես ներսում, այնպես էլ դրսում։
Սա հաշվի չառնել և հույսը դնել նրա վրա, որ քաղաքական լարվածությունը չի տեղափոխվի տնտեսական հարաբերությունների դաշտ՝ նշանակում է առանց մտածելու՝ գնալ ու բաց ճակատով հարվածել երկաթե պատին։ Հետևանքները պատկերացնել է պետք։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ