Խաղաղության համաձայնագիր ստանալու համար ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի ստանձնել Հայաստանի պաշտպանության զգալի մասը․ Փոլ Գոբլ

ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը պատասխանել է 168am-ի որոշ հարցերի։

 – Պարոն Գոբլ, 44-օրյա պատերազմից հետո և հատկապես վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին նկատվում է ջերմացում հայ-ամերիկյան հարաբերություններում գոնե հայտարարությունների տեսքով։ ԱՄՆ-ը ողջունում է ՀՀ-ում, այսպես կոչված, ժողովրդավարությունը, ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, հայտարարում է, թե աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ ՀՀ-ն, որը մեծ կորուստներ կրեց 44-օրյա պատերազմում և սեպտեմբեր ամսին, քանի որ Արցախում բնակվող հայերը բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, կանգնած է նոր անվտանգային մարտահրավերների առջև, որոնք թե ՀՀ սահմաններին են, թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի տեսքով։ Ըստ Ձեզ՝ բացի հայտարարությունները, որոնք լսեցինք նաև սեպտեմբերին, երբ Ադրբեջանը բռնի տեղահանեց հայությանն Արցախից, ինչի՞ է պատրաստ Միացյալ Նահանգները ՀՀ անվտանգության համար՝ զինտեխնիկայի վաճառք Հայաստանին, պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ կամ այլ ի՞նչ միջոցներ, որոնք իրապես կանդրադառնան ռեգիոնում ուժերի հավասարակշռության վրա։ Չէ՞ որ Արևմուտքը փակ դռների ետևում հորդորում է Հայաստանին հեռանալ Ռուսաստանից, նրա երաշխիքներից ու նրա ղեկավարած կառույցներից։ Իրատեսական ի՞նչ կարող են առաջարկել Արևմուտքը և ԱՄՆ-ը Հայաստանին։

– Արևմուտքը՝ հատկապես Եվրոպան, բայց նաև ԱՄՆ-ը կարող են Հայաստանին ռազմական լուրջ օգնություն առաջարկել, եթե իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին կա։ Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիր ստանալու համար ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի ստանձնել Հայաստանի պաշտպանության զգալի մասը։

– Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում բազմաթիվ խնդիրներ կան, երկու կողմերից հնչում են սուր մեկնաբանություններ։ Սակայն ռուս-ադրբեջանական հարաբերությունները միևնույն ժամանակ իրենց հունով ընթանում են։ Ձեր տպավորությամբ՝ Ռուսաստանը հեռանալո՞ւ է Հարավային Կովկասից։

Կարդացեք նաև

– Ո՛չ, Մոսկվան չի պատրաստվում հեռանալ, բայց այն զգալիորեն ավելի թույլ է, քան անցյալում էր, և կշարունակի թուլանալ, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վարում է այնպիսի քաղաքականություն, ինչպիսին Ուկրաինայում է անում։

– Հայաստանում շատ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն իր «Խաղաղության խաչմերուկ» նախագծով իրականացնում է ձեր ծրագիրը, որը հայտնի է «Գոբլի պլան» անվանումով։ Ի՞նչ եք կարծում այս մասին, զուգահեռներ տեսնո՞ւմ եք:

Ես համաձայն չեմ այդ կարծիքներին բացարձակ։ Այսպես կոչված, «Գոբլի պլանը» ենթադրում էր, որ ԼՂ-ն կտրվի Հայաստանին, փոխարենը՝ Հայաստանը Զանգեզուրը/Սյունիքը կտա Ադրբեջանին։ Սա փոխանակություն էր, նման բան տեղի չունեցավ։ Այն, ինչ իրականացնում է Փաշինյանը, դրան չի հասնում։

– Սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած արյունալի օպերացիայից հետո 100 հազար հայ լքեց Արցախը, Արցախը հայաթափվեց, չնայած այն հանգամանքին, որ նույն Արևմուտքից խոսում էին գոնե անվտանգության և իրավունքների մասին։ Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան հիմնահարցի ներկայիս փուլը։ Արդյո՞ք սա այս հակամարտության ավարտական փուլն է, Ղարաբաղյան հակամարտության էջը փակվա՞ծ է, ըստ Ձեզ։

– Ղարաբաղի հարցը փակված չէ այն իմաստով, որ երկար ժամանակ կշարունակի իր արձագանքը գտնել տարածաշրջանում։ Եթե նույնիսկ այլ պատճառ էլ չլինի, ապա գոնե այն, որ կան այդքան շատ փախստականներ և շատ հիշողություններ։ Ես նախընտրում եմ ասել, որ ղարաբաղյան հակամարտության թեժ փուլն ավարտվել է, իսկ սառը` ոչ։

– Դուք նշում եք, որ Ադրբեջանը կարող է ստանալ ամեն ինչ, իսկ Հայաստանը՝ կորցնել ամեն ինչ։ Ի՞նչ նկատի ունեք՝ «ամեն ինչ» ասելով։ Չէ ՞ որ ՀՀ իշխանությունները փոխում են արտաքին քաղաքական վեկտորը և ակնկալում աջակցություն Արևմուտքից։

Այն, ինչ ես նկատի ունեի և կարծում եմ, որ ասացի` այն էր, որ այսքան երկար պահելով ԼՂ-ն նույն իրավիճակում, առանց հաշվի առնելու, թե Երևանն ինչ կարող էր առաջարկել այնտեղ ավելին ձեռք բերելու համար, Հայաստանը կորցրեց իր վերահսկողությունը պահպանելու հնարավորությունը մի վայրի նկատմամբ, որը շատ հայերի մտածելակերպում առանցքային է։

– Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանություններն ավելի քիչ են խոսում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի իրենց գաղափարի մասին և Իրանի հետ առաջ են մղում Հայաստանը շրջանցող և Իրանով Նախիջևանն Ադրբեջանին կապող երթուղու մասին։ Այս առնչությամբ ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել։

– Չեմ կարծում, որ իրանական երթուղին երկարաժամկետ հեռանկարում կայուն է՝ հաշվի առնելով թշնամությունը մի կողմից՝ Իրանի, և մյուս կողմից՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Ամեն անգամ, երբ նման թշնամանքը սրվի, վտանգ կլինի, որ Թեհրանը կփակի այս, այսպես կոչված, «իրանական» ճանապարհը։

– Ըստ Ձեզ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիր մոտ ապագայում հնարավո՞ր է։ Դուք հավատո՞ւմ եք կայուն և երկարատև խաղաղությանը ներկայումս Հարավային Կովկասում։ Դա ո՞ր պարագայում է հնարավոր։

Կարծում եմ, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ որոշ պայմանագրեր, բայց այնքան շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն, որ այլ համաձայնագրերի հասնելու համար շատ ավելի շատ ժամանակ կպահանջվի։

Տեսանյութեր

Լրահոս