ԵՄ դիտորդները կլքեն Հայաստանը պատերազմական գործողությունների դեպքում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանի իշխանությունը հավատացել է Արևմուտքի տված խոստումներին և դրանցով պայմանավորված՝ Ադրբեջանին է հանձնել Արցախը, որպեսզի ստանա խաղաղություն, սակայն հիմա հայտնվել է խաբվածի կարգավիճակում, որովհետև Ադրբեջանին է հանձնել այն, ինչն ուզում էր՝ Արցախը, հայտարարությունների մակարդակով՝ Տավուշի գյուղերը, սակայն այդպես էլ չի ստանում խաղաղություն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը տեսնում է, որ իր պահանջները բավարարվում են՝ առանց որևէ պայմանագրի, առանց զիջումների, հետևապես, ինչո՞ւ պետք է գնա արևմտյան հարթակներում որևէ հարցով բանակցի, կամ որևէ բան ստորագրի։
«Հիմա, եթե վաղն Ադրբեջանը հարձակվի Տավուշի մարզի վրա, որևէ մեկը նրան դրա համար չի քննադատի։ Եթե կարծում ենք, որ կարող է քննադատել, օրինակ, ԱՄՆ-ը, ապա դա ասողները թող հիշեն, որ այդ երկիրն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, թե Արցախի հարցով ուժային լուծումն անընդունելի է, սակայն այդ հայտարարությունից հետո Ալիևը գնաց ուժային լուծման, իսկ այդ նույն ԱՄՆ-ը որևէ բան չարեց։ Նույն տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը Գրանադայում Ալիևին տվեց իրավական հիմք, որից հետո Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ կարող է ուժ կիրառել Տավուշի գյուղերը վերցնելու համար»,- ասաց Մելքոնյանը։
Հայաստանին սպառնացող պատերազմը, ըստ Մելքոնյանի, չի կարող կանխել որևէ երկիր՝ ընդհուպ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը, որովհետև 2018 թվականից հետո Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով մեր դաշնակիցները դարձել են Ադրբեջանի դանակիցներն Ադրբեջանի արդյունավետ աշխատանքի շնորհիվ, ավելին՝ Հայաստանն անգամ իր բնական դաշնակից Իրանի հետ է հարաբերությունները փչացրել, փոխարենը՝ Իրանի հետ լավ հարաբերությունների է հասել Ադրբեջանը։
«Արևմուտքում մտածում են՝ զրո Իրան, քիչ Ռուսաստան։ Տարածաշրջանում վակուումը կարող է լցնել Թուրքիան՝ Իրանից և Ռուսաստանից հետո»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի իշխանությունը Հայաստանը տանում է հենց այս ուղիով՝ փորձելով գործարկել թուրքական խաչմերուկը, որը կոչում է խաղաղության խաչմերուկ, իսկ այդ հարցում ունի Արևմուտքի աջակցությունը։
«Հայաստանը քննադատում է Ռուսաստանին, կստանա Արևմուտքի աջակցությունը, որից կզրկվի, եթե դադարեցնի քննադատությունը։ Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների աջակցությանը, ապա էստեղ պետք է հիշեցնեմ ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերի խոսքը՝ ռազմական գործողությունների դեպքում կլքեն ռազմական գործողությունների վայրը, դրանց շարունակվելու դեպքում՝ պետք է լքենք պետությունը»:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում