Փաստացի պատգամավորը քրեական հետապնդման է ենթարկվում առանց ԱԺ-ի համաձայնության. Սլավիկ Պողոսյան
«Կարծում եմ՝ այս դեպքում առհասարակ չպետք է նախաձեռնվեր քրեական վարույթ, որովհետև ողջամտորեն հարցաքննության հատկանիշներ առկա չէին: Ես կարծում եմ, որ հայոց լեզվին տիրապետող անձինք շատ լավ պատկերացնում են՝ ինչ է ասել Մամիջանյանը: Նրա խոսքում կոչ չկա: Ինձ թվում է՝ եթե հրապարակային կոչի համար են վարույթ նախաձեռնել, ինքը կոչ է անում, որ իրենց նկատմամբ բռնությո՞ւն գործադրվի»,-այսօր Քննչական կոմիտեում (ՔԿ) Հայկ Մամիջանյանի հարցաքննությունից հետո ասաց վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Սլավիկ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Մամիջանյանի խոսքից ակնհայտ է, որ անձը իր նկատմամբ հրապարակային բռնության կոչ չի անի, ոչ էլ կարդարացնի իր նկատմամբ բռնություն գործադրելը, ոչ էլ բռնության կոչ կանի: Հետևաբար այս վարույթն առհասարակ չպետք է նախաձեռնվեր:
«Ես գտնում եմ, որ սույն պարագայում խախտվումէ Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը, որովհետև Հայկ Մամիջանյանը փաստացի հարցաքննվեց կասկածանքի շուրջ, ինչը քրեական հետապնդում է: Ավելին ասեմ, վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ նաև վերջինիս անունն է նշված որպես ենթադրյալ հանցանք կատարող, ինչը Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ համարվում է փաստացի քրեական հետապնդման հարուցում»,-ասաց Սլավիկ Պողոսյանը:
Վերջինս նշեց՝ այս պարագայում նախքան վարույթ նախաձեռնոլը, Հայկ Մամիջանյանին հարցաքննության կանչելը պետք է պատգամավորի անձեռնմխելիությունը հաղաթահարելու հարց բարձրացվեր Ազգային ժողովում (ԱԺ), ինչը չի արվել:
«Այս մասին ես նշեցի նաև հարցաքննության ընթացքում, քննիչին ներկայացրեցի, որ հիմա փաստացի ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում: Այն, որ քրեական հետապնդում էիրականացվում Հայկ Մամիջանյանի նկատմամբ, քննիչն էլ չժխտեց, այնքան որ դա պարզ էր»,-ասաց Սլավիկ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: