Ալեն Սիմոնյանը չգիտի՝ ՀԱՊԿ-ն ինչ աջակցություն է առաջարկել, բայց մեկնաբանում է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չգիտի՝ իրատեսակա՞ն է Հայաստանի եվրաինտեգրումը, թե՞ ոչ, սակայն այն մի ուղղություն է, որի առնչությամբ ինքն անձամբ շատ դրական տրամադրվածություն ունի։

«Այդ արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, դրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք ինձ համար անկեղծ անսպասելի, բայց այսօր հանդիսացան մեր երկրի անվտանգային համակարգը։ Ոչ մեկը չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերներն աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում, օրինակ, երբ Ադրբեջանը ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ, 15 կողմից հարձակում էր սկսել, մեր դաշնակիցը հայտարարում և ասում էր, թե կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը։ Դրանով փաստացի ցանկություն ունենալով կողմ դարձնել Հայաստանին։ Բայց մենք տեսնում ենք, որ այլ տեղերից հասցեական հայտարարություններ և զսպում կար այդ գործողությունների ժամանակ։ Մեկնաբանությունները, կարծում եմ՝ այսքանից հետո ակնհայտ են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու աջակցության փաթեթն ի՞նչ էր իրենից ենթադրում, այնտեղ սպառազինություն կա՞ր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, ամենայն հավանականությամբ, չի եղել։

«Եվս մեկ բան այդ սպառազինության հետ կապված, հիմա մեր հարևան երկիրն այն դեպքում, երբ մենք պաշտպանողական ինչ-որ բաներ ենք ձեռք բերում, փորձում է մեծ աղմուկ բարձրացնել։ Կարծում եմ՝ այստեղ մեր լրատվական դաշտը, կայքերը նույնպես անելիք ունեն, Հայաստանը, ենթադրենք, 1-2 ավտոմեքենա է գնում, սկսում են աղմուկ բարձրացնել։ Իրենք, բացի ատոմային ռումբից, կարելի է ասել, ամեն ինչ ունեն և աշխարհին հիմա փորձում են ներկայացնել, որ Հայաստանն իբրև զինվում է, հարձակվում է։ Հիմա ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը որևէ երկրի նկատմամբ հարձակվելու մտադրություն չունի։ Ադրբեջանն այն սպառազինությունը, որ միլիարդավոր դոլարներով գնում է, միջազգային հանրությունը դրա նկատմամբ պետք է ուշադիր լինի և մեկ հարց տա՝ ինչի՞ համար է Ադրբեջանին պետք այդ քանակությամբ զենք, զինամթերք։ Կոչ եմ անում մեր լրագրողներին, քաղաքական ուժերին՝ դրա մասին խոսեն»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ այս ամենը չի՞ նշանակում, որ Ադրբեջանը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր, Ալեն Սիմոնյանը հարցին հարցով պատասխանեց՝ ինչո՞ւ պետք է քննարկեն, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Ապա առաջարկեց, թե դրա փոխարեն պետք է քննարկեն՝ հայկական կողմն ինչ է ուզում։

«Մեր ուզածն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Եթե Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն ուղղակի հայտարարություններ չեն, միտված չեն թոզ փչել միջազգային հանրության աչքերին, դա պետք է ամրապնդված լինի գործողություններով։ Ռեալ, եթե Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, դրա ապացուցման համար կան բազմաթիվ քայլեր՝ սկսած գերիներին բաց թողնելուց, վերջացրած տարածքային այն սկզբունքներից, որոնք համաձայնեցված են։

Եթե իրենք ռեալ խաղաղություն են ուզում, ռեալ քայլեր են պետք, իսկ Հայաստանը պատրաստ է և բազմաթիվ քայլեր է արել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս