«Դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա»․ Աննա Վարդապետյանը՝ 168.am-ի հրապարակած սկանդալային ձայնագրության մասին

Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցում անդրադարձավ 2021 թվականի մարտի 10-ին 168.am-ի հրապարակած սկանդալային ձայնագրությանը, որտեղ ակնհայտորեն երևում էր, որ իրավաբան խորհրդականը միջամտում էր գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ կազմված գործերի գրավոր նյութերի մեջ ուղղումներ կատարում: Լրագրողների հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը պարզաբանեց, թե ինքն ընդամենը մասնագիտական կարծիք է հայտնել․

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, ես 15 տարի աշխատում եմ իրավական համակարգում, բոլոր իմ ընկերները, այդ թվում՝ փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են և շարունակում են ունենալ։ Իմ կարծիքը որևէ մեկի համար պարտադիր չէ, ես որևէ կերպ որևէ ազդեցություն չեմ ունենում որևէ հարցի վերաբերյալ, դա ինձ համար նաև մասնագիտական էթիկայի խնդիր է, և այդ շահարկումները երևի նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»։

Լրագրողի դիտարկմանը, որ ինքը ոչ թե մասնավոր ընկերությունում է աշխատում, այլ վարչապետի խորհրդականն է, և, որ դա թույլ է տալիս պնդել, որ իր արարքն ուղիղ միջամտություն է արդարադատությանը, Վարդապետյանն այսպես արձագանքեց․

«Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ զուտ մասնագիտական կարծիք հարցնելու․․․»։

Աննա Վարդապետյանը նաև հավելեց, եթե իրեն ի պաշտոնե դիմեն, ինքը կմերժի խնդրանքը,  ապա շեշտեց, որ իրեն ի պաշտոնե չեն դիմել:

«Ես ինքս և բացատրություն եմ գրել հարցի վերաբերյալ, և պատրաստ եմ եղել ցանկացած հարցի պատասխանել․․․ Եթե այստեղ հանցակազմ լիներ, կարծում եմ՝ գործ կհարուցվեր, բայց Գլխավոր դատախազը հստակ այդ հարցին պատասխանեց»,- կատարվածի մասին լրացուցիչ պարզաբանմամբ եզրափակեց միտքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդականը:

Տեսանյութեր

Լրահոս