Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» ակունքը 1990-ականներին Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսության մեջ պետք է փնտրել. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայում և Ադրբեջանում հայ սպանելը հերոսացման ամենակարճ ճանապարհն է. այդպես եղել է 100 տարի առաջ, այդպես է նաև մեր օրերում, և ասվածի ապացույցը օրերս թուրքական բանտից ազատ արձակված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամաստի ազատ արձակումն է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Սա ցույց է տալիս, թե Թուրքիան ինչպիսի՞ նկարագիր ունեցող պետություն է, հետևապես՝ Թուրքիայի հետ հարաբերվելիս պետք է առաջին հերթին լավ ճանաչել այդ պետությունը։ Թուրքիան 30 տարի Հայաստանի հետ սահմանը բացելու կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար ներկայացրել է նախապայմաններ, որոնցից մեկն Արցախի հանձնումն էր Ադրբեջանին։ Հիմա հարց է առաջանում, արդյո՞ք Արցախը կորցնելուց և այսքան զոհեր ունենալուց հետո լավ լուր է հայ-թուրքական սահմանի բացումը, այն էլ՝ 3-րդ երկրի քաղաքացիների համար։ Ի դեպ, այդ քաղաքացիների համար սահմանը որ բացում են, արդյո՞ք հաշվարկել են անվտանգային ռիսկերը, և արդյո՞ք Հայաստանը կարող է այդ ռիսկերը վերահսկել»,- ասաց Մելքոնյանը։

Կարդացեք նաև

«Հայ ոչնչացնողները Թուրքիայում հերոսացվելու են անգամ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո»,- ասաց թուրքագետը` ընդգծելով՝ Հայաստանի իշխանությունը մանիպուլացնում է ժողովրդին՝ հրամցնելով, թե Թուրքիան հրաժարվել է Հայաստանը նվաճելու իր ծրագրից, և հասարակության զգոնության բթացմանն է միտված նաև «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին հայտարարություններն այն ժամանակ, երբ մեր շուրջը եռում է, և երկրները ռազմականացվում են։

«Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» տեսությանը, որի հեղինակը, ենթադրում եմ, որ անձամբ Փաշինյանն է, ծիծաղ է առաջացնում այն դեպքում, երբ մեր շուրջբոլորը պատերազմ է։

Ի դեպ, մի հրապարակախոս է եղել՝ վաղամեռիկ Տիգրան Հայրապետյան, որի ազդեցությունը, կարծեմ թե, կա Փաշինյանի վրա։ Որքան ինձ պատմել են ականատեսները, Փաշինյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Տիգրան Հայրապետյանի հետ։ «Խաղաղության խաչմերուկի» ակունքը Տիգրան Հայրապետյանի 1990-ականների հրապարակախոսությունների մեջ պետք է փնտրել, որտեղ Հայրապետյանը նշում է՝ եթե Հայաստանը չի կարողանում վերահսկել, այդ խաչմերուկը դառնում է տարանցիկ ուղի ընդամենը»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի նոր տեսությունը կարող է լինել ընդամենը նրա հրապարակախոսական պրպտումների արդյունքը, որը, սակայն, չունի քաղաքական և քաղաքագիտական հենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս