«Փաշինյանի հայտարարությունը շատ վտանգավոր է, և առաջինը չէ». Արտակ Բեգլարյան
Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված արցախահայության խնդիրների, Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված անձանց հայրենիք վերադարձնելու հնարավորությունների, ինչպես նաև արցախահայության հետագա ճակատագրի վերաբերյալ 168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։
– Պարոն Բեգլարյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ու զարգացումը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Ձեր կարծիքով, ինչո՞վ կարող են այդ ինստիտուտները սպառնալ Հայաստանի անվտանգությանը։ Արցախի որևէ պետական ինստիտուտ չպահպանելով՝ չի՞ նշանակում ընդմիշտ փակել Արցախի հարցը։
– Թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ինչ խնդիրներ կստեղծի Հայաստանի անվտանգության համար, թող իրենք մեկնաբանեն։ Առ այսօր ես մանրամասն, հիմնավորված փաստարկ չեմ լսել, ընդհանրական հայտարարություններ եմ լսել։ Կարծում եմ՝ որևէ էական անվտանգային ռիսկ չի կարող ստեղծել, այստեղ կարևորը հասկանալն է, թե պահպանել ասելով՝ ինչ նկատի ունեն իրենք, մենք ինչ նկատի ունենք։ Ես կարող եմ ասել, թե ինչու պետք է պահպանվի, և դա այլընտրանք չունի։
Առաջին հերթին Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները պահպանելը, դա ՀՀ իշխանությունների գործառույթը չէ ֆորմալ, եթե իրենք չեն ուզում աջակցել՝ տարբեր ռիսկեր հաշվի առնելով, երևացող կամ առերևույթ, կարող են չաջակցել։ Բայց խանգարելը, թե, օրինակ, Ադրբեջանն ու Թուրքիան ինչ պահանջ կարող են դնել, թե ինչպես իրենք պետք է խանգարեն։ Եթե Արցախի Հանրապետության գործող իշխանությունները՝ նախագահ, ԱԺ-ն, նախարարները և այլն, Հայաստանում շարունակում են իրենց գործունեությունը, հանդիպումներ են ունենում, հայտարարություններ, միջազգային այցեր են անում։ Իրենք լինելով փախստականներ, ինչպես բոլորս, Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր մարդ, ՀՀ իշխանությունը նրանց եթե չի դիտարկում իշխանություն, գոնե դիտարկի որպես սովորական փախստական և նույն Ադրբեջանին ասի, որ իրենք մեզ համար սովորական փախստականներ են, անձինք են, չենք ֆինանսավորում, բայց հո չե՞նք կարող ասել՝ ինչ անեն կամ չանեն։ Սա այն նվազագույն շեմն է, որը Հայաստանի իշխանությունները կարող են պահել։
Իհարկե, ես կուզեի ավելին լիներ, աջակցություն լիներ, և կարծում եմ՝ պետք է այդպես լինի, որովհետև միշտ այնպես է ստացվում, որ ՀՀ իշխանությունները, անընդհատ Ադրբեջանից եկող ազդակները դիտարկում են որպես ազգային անվտանգության սպառնալիք, ու անընդհատ նշաձողն իջեցվում է ու իջեցվում, ինչ-որ պահի վերացվում է ու մշտապես զիջումներ են անում։ Այս ամենի վերջը չի երևում, ինչպես Նիկոլ Փաշինյանը մի օր խոստովանեց, որ չգիտեն, թե մինչև որ կետը պետք է զիջումներ անեն։ Հետևաբար՝ սա այնպիսի հարց է, որը ոչ մի զիջման ենթակա չէ։
– Ինչո՞ւ, սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
– Նախ, Արցախի Հանրապետության ժողովուրդն ընտրել է իր իշխանություններին և որպես ժողովուրդ՝ ունի հավաքական իրավունքներ, կապ չունի՝ Արցախի Հանրապետությունո՞ւմ, թե՞ դրանից դուրս, հետևաբար՝ այդ իրավունքները պետք է պահվեն։ Այդ իրավունքները պահելու, ներկայացնելու, հետևողական հնարավորինս պաշտպանելու և հատկապես ներկայացուցչական ձայն ունենալու հարցում Արցախի իշխանությունները բացառիկ դեր ունեն։ Օրինակ, ինձ մոտ բնական հարց է առաջանում, Ադրբեջանի իշխանությունների հետ, միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների հետ, Արցախի ժողովրդին առնչվող հարցերով ո՞վ պետք է բանակցի, եթե չլինի Արցախի իշխանություն։ ՀՀ իշխանությունը կատեգորիկ հրաժարվում էԱրցախի ժողովրդի հետ առնչվող ոչ հումանիտար բնույթի հարցերի շուրջ բանակցել, օրինակ, վերադարձի իրավունք և մի շարք այլ իրավունքներ։ Իսկ այստեղ մնում է միայն մեկ ներկայացուցչական մարմին՝ դա Արցախի իշխանությունն է։
Ի դեպ, այդ ազդակները ստացել եմ միջազգային տարբեր դերակատարներից և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներից՝ իրենք էլ են կարծում, որ պետք է իշխանություն գոյություն ունենա՝ որպես ներկայացուցչական մարմին։ Իսկ հասարակական խմբերն ու կազմակերպություններն այդ ներկայացուցչությունը չեն կարողանալու ապահովել։
– Նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ Արցախի հարց գոյություն չի ունեցել 1996 թվականից։ Եթե Արցախի հարց գոյություն չուներ, 30 տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ էր բանակցում։
– Ինձ համար դա շատ վտանգավոր հայտարարություն է, և առաջինը չէ։ Ինձ համար հենց հիմա էլ Արցախի հարց գոյություն ունի։ Եթե այսպես չենք քննարկում, ապա գոնե Մադրիդյան սկզբունքներ, դրանից առաջ բանակցություններ և այլն, դրանք բոլորը բավականին հայտնի միջազգային սկզբունքներ են եղել, գործընթացներ են եղել։
Այո, դրանք բավարար չափով չեն երաշխավորվել միջազգային հանրության կողմից, բայց հստակ ընկալումը, դիրքորոշումը եղել է գերտերությունների կողմից նույնպես, որ ինչ-որ լուծում պետք է լինի և այդ լուծման հիմքում երկու հիմնարար սկզբունք կա, որոնք առնվազն կիրառվում էին մեր օգտին։ Մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, մյուսը՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը և ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը։
Այս ուղղությամբ Ադրբեջանին լավ էլ ճնշել են, բայց ոչ բավարար, ինչպես մենք կուզեինք։ Այո, միջազգային իրավակարգը, աշխարհաքաղաքական հարաբերությունները, մեր թուլությունը՝ և՛ Հայաստանի և՛ Արցախի, թույլ չտվեցին, որպեսզի մենք այդ սկզբունքները կյանքի կոչենք։ Սակայն, առնվազն այս բոլոր գործընթացները, փաթեթները հաշվի առնելով, ինքս այդ հիմքը չեմ տեսնում, որ որևէ մեկն ասի, թե Արցախի հարց գոյություն չի ունեցել։ Կարող են այլ ձևակերպումներ տալ, որ մենք միջազգային հանրության առջև այդ պահին միայնակ էինք և այլն, բայց հետագա գործընթացները ցույց տվեցին, որ ակնհայտ ընկալում ձևավորվեց, որ պետք է քննարկել Ադրբեջանի կազմից դուրս հնարավոր տարբերակներ կամ միջանկյալ լուծումներ, որոնք այդպես էլ քննարկվել են։
– Փաստացի այս պահին ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ, որն ամբողջովին հայաթափվել է։ Ադրբեջանը հայությանը բռնի տեղահանելուն զուգահեռ՝ Արցախում իրականացրել է ռազմական հանցագործություններ, սպանել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների։ Հայակական կողմն այս մասին պաշտոնական մակարդակով բարձրաձայնո՞ւմ է միջազգային կառույցներում։ Խնդիրն այսպիսով հետզհետե չի՞ մարում։
– Մարելը՝ մարում է, բայց խնդիրն աղաղակելու, աղմուկ հանելու մասին չէ, սա նույնպես պետք է լինի, որոշակի գործընթացներ իհարկե կան, սակայն այդ ամենը բավարար չէ։ Ամենակարևորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հստակ դիրքորոշում ձևակերպի Արցախի մասով, Արցախի հարցը պահի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ որպես հստակ սկզբունք, երբեմն իրենք ասում էին՝ «կարմիր գծերը» պարտադիր են, և որևէ կերպ այս էջը չփակել։ Ես հակառակ պրոցեսն եմ տեսնում, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախի հարցը վերացել է։ Եթե մինչև այս անվտանգության և երաշխիքների մասին էին խոսում, որ պետք է պոտենցիալ համաձայնագրում նշվի, ապա հիմա դրա մասին էլ խոսք չկա։
Որքան հասկանում եմ, տարբեր մտավախություններ հաշվի առնելով, և հատկապես Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարարությունները հիմք ընդունելով, նաև ենթադրում եմ, որ այստեղ գաղափարական, սկզբունքային անհամաձայնություններ կան։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում ասվում է, որ Արցախը Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար մարտահրավեր ու բեռ է։ Սա ամենամեծ կոնցեպտուալ, գաղափարական, գաղափարախոսական խնդիրն է ինձ համար, որից էլ բխում են բոլոր հայտարարություները, դիրքորոշումները։ Այս մտածողությունը պետք է փոխվի, քանի որ հակառակն է՝ Արցախը Հայաստանի համար միշտ եղել է լրացուցիչ վահան, չհաշված ինքնության համար կարևոր հանգամանքներ և այլն, ինչպես նաև աշխարհաքաղաքականության մեջ լրացուցիչ լծակ։ Ավելին՝ եթե Հայաստանին շատ դեպքերում հարգել են կամ հաշվի են նստել, նաև արցախյան հաղթանակի շնորհիվ են հաշվի նստել։ Սա չի նշանակում, որ որոշակի բացասական երևույթներ չեն եղել, Արցախն աշխարհաքաղաքական միջոց չի եղել նաև ուրիշների ձեռքին ազդեցության համար, բայց դրանք բոլորը շատ ավելի փոքր բացասական հետևանքներ են ունեցել։
– Ադրբեջանը խոսում է ինտեգրացիայի մասին, որ «մեծ ծրագիր» է իրականացնելու այդ ուղղությամբ։ Ձեր կարծիքով՝ Արցախից բռնի տեղահանված արցախահայությունն ի՞նչ պայմաններով պետք է վերադառնա իր բնօրրան։
– Սա ծանր հարց է, ինքս հիմա դժվարանում եմ սպառիչ և ամբողջական պատասխանել, ես իմ մտորումներն ունեմ։ Բայց սա շատ լուրջ փորձագիտական, նաև հանրային քննարկումներ է ենթադրում։ Իմ պատկերացմամբ, եթե հակիրճ ձևակերպեմ, ապա պետք է լինեն միջազգային բարձրագույն երաշխիքներ՝ Արցախի ժողովրդի Արցախում ապրելու համար, մինչև հիմա ամենբարձր եղածը ՄԱԿ խաղաղապահներն են։ Երկրորդ՝ արժանապատիվ և իրավունքների պաշտպանության բարենպաստ միջավայր ունենալ, որը նշանակում է՝ չպետք է Ադրբեջանի կառավարման տակ լինի։ Հետևաբար՝ կարող է օպտիմալ լուծումը լինել միջազգային ադմինիստրացիան, ինչպես, օրինակ, երկար տարիներ եղել է Կոսովոյում։ Միջազգային բոլոր նորմերը սա են ենթադրում։
Եթե կա ժողովուրդ, որը ենթարկվել է ցեղասպանության և նույնիսկ լրացուցիչ ցեղասպանության ռիսկի առջև է կանգնած, այդ ժողովրդին չեն կարող հպատակեցման պարտադրել մի պետության, որտեղ նրան ցեղասպանություն է սպառնում։ Ցավոք, միջազգային իրավունքը, նորմը շատ անկարևոր են, ինչպես նաև Ալիևն է ապացուցել՝ հիմնական գործոնը ուժն է։ Հետևաբար, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք, հնարավորինս մեր իրավունքները, ինքնությունը պահելով, և դրա հիման վրա մեր պայքարը շարունակելու։ Երբ կարողություն ունենանք, կկարողանանք նաև պարտադրել լուծումներ։ Սա իմ պատկերացրած լուծումն է։
– Այս պահին ադրբեջանական գերության մեջ են Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը և բազմաթիվ հայեր, նրանց Ադրբեջանն անհեթեթ մեղադրանքներ է առաջադրել։ 90-ականներից մինչև այս տարվա սեպտեմբերի 20-ը Ադրբեջանն իրականացրել է բազմաթիվ հանցագործություններ, ինչո՞ւ հայկական կողմը դրա մասին պաշտոնապես չի բարձրաձայնում։ Այդ մարդկանց ինչպե՞ս է հնարավոր վերադարձնել հայրենիք։
– Ասում ենք, բայց բավարար չափով չենք ասում, հետևողական չենք։ 90-ականներից ի վեր Հայաստանի ու Արցախի, մասնավորապես Հայաստանի իրավապահ համակարգը՝ որպես առաջնահերթություն, այդ ուղղությամբ բավարար չի զբաղվել։ Տեղյակ եմ՝ ինչ-որ գործընթացներ 2020 թվականից եղել են, սակայն բավարար չեմ համարում։ Դիվանագիտական ճանապարհով կարող են այլ երկրների համոզել, որ իրենք դիմեն Միջազգային քրեական դատարան, այդպես 43 պետություն դիմել էր դատարան՝ Ռուսաստանի դեմ, սա ավելի շատ քաղաքական էր, քան իրավական, բայց միևնույն է, դրա հետևում կա բավականին մեծ դիվանագիտական աշխատանք։ Այս առումով բավականին շատ տեղ կա աշխատելու։