
«Բաց սահմանն ավելի լավ է, քան փակ սահմանը». ՊԵԿ նախագահը՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարող կոնկրետ գումարի չափ ասել, որը ՀՀ բյուջե կմտնի Մարգարայի անցակետը բացելուց հետո: Միևնույն ժամանակ, տեղեկացրեց, որ տվյալ պահին դրա վերաբերյալ իրականացվում են հաշվարկներ։
«Ինքս մեկ անգամ արդեն ասել եմ և կարծում եմ՝ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակ սահմանը։ Իհարկե, այստեղ կան թե դրական կողմեր, և կարող են լինել բացասական որոշակի կողմեր։ Բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Մարգարայի կամրջով բեռնատարների մուտքի կամ ելքի վերաբերյալ քննարկում չի եղել, խոսքն այն մասին է, որ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը մոտ 29 միլիոն դրամով գնում է կատարել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ից, որով իրականացնելու է Մարգարայի հայ-թուրքական սահմանի անցակետի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները։
Ըստ մայիսի 25-ին կնքված պայմանագրի՝ անցակետի կառուցումը նախատեսվում է իրականացնել խիստ սահմանափակ ժամկետում, ուստի անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ կատարել նաև անցակետի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները։