Կարծում եմ՝ Ադրբեջանում տեղի է ունենում հաշվարկ և ուժերի վերագնահատում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին փոխանցեց իր տեսակետը վերջին երեք տարիների կտրվածքով Հայաստան-Ադրբեջան բանակցությունները դիտարկելու արդյունքում: Ըստ պատգամավորի՝ վերջին զարգացումներից տպավորություն ունի, որ Ադրբեջանը ստանձնած պարտավորությունները կամ խոստումները չի կատարում։
«Սա բերել է որոշակի կոշտ արձագանքի Միացյալ Նահանգների կողմից։ Դրան ի պատասխան՝ երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը ոչ միայն արձագանքում էր տարբեր որակումներին, այլև տեղեկացրեց, որ այդ իրավիճակով պայմանավորված, նպատակահարմար չեն համարում Վաշինգտոնում իրենց արտգործնախարարության մասնակցությամբ հանդիպմանը գնալ։
Այն, որ վերջին երեք տարիներին Ադրբեջանն անընդհատ վարքագծային փոփոխությունների է գնում՝ ակնհայտ է։ Փորձում է հասնել այն առավելագույնին, ինչի հնարավորությունն այսօր տալիս է ՀՀ իշխանությունը»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով Վաշինգտոնում սպասվելիք ԱԳ նախարարների հանդիպմանը Ադրբեջանի չմասնակցելուն և դրա հետևանքներին։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի՝ մեզ համար ծանր հետևանքով եռակողմ փաստաթուղթը, դրանից հետո Ադրբեջանն իջեցրեց նոր պահանջներ։ Եվ այդ ամենը կարծես թե որոշակի խնդիրներ է առաջացրել միջնորդների հեղինակության վրա, որոնց ներկայությամբ կամ միջնորդությամբ տարբեր պարտավորություններ են ստանձնել կողմերը։
«Կոնկրետ այս դեպքում ես դա ընկալում եմ՝ որպես Ադրբեջանի կողմից պարտավորությունների այնպիսի ծավալի չկատարում, որը Միացյալ Նահանգները՝ որպես միջնորդ պետություն, համարել է նաև իր հեղինակությանն ուղղված հարված։ Հետևանքը եղել է այն, որ բառապաշարը բավականին կոշտացրել է, ընդհուպ՝ մինչև անուղղակի կամ գուցե ուղիղ ակնարկ կար, որ Ադրբեջանի կողմից նման գործելաոճի շարունակությունը կարող է բերել նաև որոշակի պատժամիջոցների»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ՝ հատկապես վերջին շրջանում տպավորություն կա, որ Ադրբեջանը խուսափում է բանակցային գործընթացում առարկայական քայլերի գնալուց։
«Կարծում եմ՝ սրանով Ադրբեջանը փորձում է մեկ նպատակ հետապնդել, որոշակի հաշվարկ և ուժերի բալանսի վերագնահատում է տեղի ունենում։ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ։ Վերջին շրջանում բավականին ակտիվ, ըստ էության, խոսում էին, այսպես կոչված, «անկլավների»՝ 8 գյուղերի նկատմամբ իրենց պահանջների մասին։ Գուցե Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը, մաքսիմալ իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղղություններով՝ դիմի՞ ռազմական գործողությունների, թե՞ ոչ»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում