Մեր հարևանները համոզված են՝ հարձակվելու մտադրություն չունենք. Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, վստահություն հայտնեց, որ Հայաստանի բոլոր հարևան երկրները համոզված են՝ Հայաստանը որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի։
«Այս առումով մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստություններն անկեղծ չեմ համարում երկու պատճառով։ Նախ, յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է՝ բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք։
Երկրորդ՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել և ըստ էության շարունակում են այդպիսին մնալ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, կրկնապատկել են կապիտալ ծախսերը՝ 2018 թվականի համեմատ, որպեսզի շարունակեն կառուցել ջրագծեր, ճանապարհներ, էլեկտրագծեր, մանկապարտեզներ, դպրոցներ, ինչը խաղաղության օրակարգի ֆինանսատնտեսական արտահայտությունն է։
«Մենք ավելի քան կրկնապատկում ենք կրթության ծախսերը, համեմատությունը բոլոր դեպքերում 2018 թվականի նկատմամբ է, որովհետև համոզված ենք՝ կրթության ոլորտն է, որ մեզ պետք է օժտի մեր բոլոր հարցերին պատասխանելու գիտելիքով, կարողությամբ ու կամքով։ Մենք հստակ ձևակերպել ենք, թե ինչ ենք ուզում մեր կրթական համակարգից, մեր դպրոցից։ Մենք ուզում ենք, որ երեխան այնտեղից դուրս գա մտքով, ֆիզիկապես և հոգեբանորեն ուժեղ։ Մենք ուզում ենք, որ երեխաների մտքում բյուրեղանան շատ կոնկրետ արժեքներ, և այդ արժեքների արժեքը պետք է լինի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում