Հայոց ցեղասպանության փաստը հերքողը չպետք է մեզ բարոյականություն թելադրի․ Յաիր Լապիդը՝ Էրդողանի մասին

«Իշխանություն ստանձնելու դեպքում առաջին գործը կլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչելը»,- այս մասին ասել է Իսրայելի Քնեսեթի ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Յաիր Լապիդը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին հայտարարություններին՝ այն մասին, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է, որը երեխաներ է սպանում։

Լապիդի խոսքով՝ նման բան ասում է մի մարդ, որը հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, աջակցում է Իրանին ու «Հըզբոլլահ»-ին Սիրիայում, որտեղ պատերազմում մահացել է կես միլիոն խաղաղ բնակչություն։

«Այդ մարդը չպետք է մեզ բարոյականություն թելադրի։ Մերձավոր Արևելքում չեն հարգում նրանց, ովքեր չեն հարգում իրենք իրենց։ Էրդողանն անցել է ողջամտության սահմանները։ Նրա գործողություններն ու արտահայտություններն աննկատ չեն կարող մնալ»,- ընդգծել է Լապիդը։

Իսրայելցի քաղաքական գործիչն ասել է, որ եթե իր կուսակցությունը ստանձնի իշխանությունը, ապա առաջին գործը, որ կանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելն է։

Լապիդը նաև նշել է, որ իշխանություն ստանձնելու դեպքում «կթաղեր» Թուրքիայի հետ գազամուղի գաղափարը, կաջակցեր Անկախ Քրդստանի ձևավորմանը՝ աջակցելով քրդերին հավասարապես՝ ինչպես ԱՄՆ-ը և ռեգիոնալ այլ երկրները։

Ըստ նրա, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ևս ռազմավարական սխալ է եղել։

 

Տեսանյութեր

Լրահոս