
Ի՞նչ փուլում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ Եվրոպական խորհուրդը դրական որոշում կկայացնի Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին:
Նրա խոսքով՝ այս գործընթացը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության համար:
Եղոյանը հայտնեց, որ նույն ձևաչափով որոշում պետք է կայացվի նաև ՀՀ-ԵՄ ազատ վիզային ռեժիմի շրջանակներում տարվող գործընթացի իրականացման շրջանակում:
«Այսինքն, Եվրոպական հանձնաժողովը տալիս է խորհուրդ, բայց որոշումը կայացնում են Եվրոպական խորհրդի 27 պետությունների ղեկավարները: Եթե 27 պետություններից որևէ մեկը դեմ եղավ, թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի դեպքում, ապա այդ որոշումը, բնականաբար, չի կայացվում: Այդուհանդերձ, իմ կանխատեսումը բավականին լավատեսական է Վրաստանի մասով, քանի որ ես գիտեմ այդ պետությունների դիրքորոշումը, և նաև գիտեմ որոշման մեջ, այսպես ասած, տատանվող պետությունների հետ քննարկումների արդյունքները»,- հայտնեց պատգամավորը:
Արման Եղոյանի խոսքով՝ Հայաստանի հարցով որոշում կայացնելու պարագայում՝ գործընթացը լինելու է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին որոշում:
«Որպես կանոն՝ երկխոսությունը սկսելուց հետո այն հասնում է վերջնարդյունքին, ու չի եղել, որ ԵՄ-ն սկսի երկխոսել, ու չեղյալ անեն: Այդ դեպքում արդեն հարցի տեխնիկական կողմերն են լուծում՝ բիոմետրիկ անձնագրեր, սահմանային հսկում ու այլ հարցեր, որոնց մեծ մասն արդեն իսկ լուծել ենք»,- ասաց Եղոյանը:
Նազելի Ստեփանյան