«Թաքնվել էինք քարանձավում, կրակոցներն ահավոր էին, սարսափելի». Արցախից բռնի տեղահանված
Արցախից բռնի տեղահանված Ալվարդ Առուշանյանի ընտանիքն Ադրբեջանի ցեղասպանության հետևանքով արդեն երրրոդ անգամ է տունը կորցնում՝ երրորդ անգամ տան հետ միասին՝ նաև հայրենիքը։
1990 թվականին, երբ Ադրբեջանը Բաքվում սկսեց հայության կոտորածը, Ալվարդ Առուշանյանի ընտանիքը թողեց տարիներով ստեղծած տունն ու ապրուստը և հաստատվեց Սյունիքի մարզում։
1995 թվականին, երբ Արցախն արդեն ազատագրվել էր, տիկին Ալվարդն ընտանիքի հետ հաստատվեց Քաշաթաղի շրջանում։ Դժվարությամբ կրկին տուն կառուցեցին, ասում է՝ երջանիկ ապրում էին, մինչև 2020 թվականի չարաբաստիկ 44-օրյա պատերազմը, այդ ժամանակ ամեն ինչ կրկին թողեցին ու վերադարձան Գորիս, մինչև 2021 թվականը։
«2021 թվականին Եղցահող գյուղի դպրոցի տնօրենն ինձ կանչեց, որպեսզի գնայի ու գյուղի դպրոցում աշխատեի։ Շատ լավ էր, մարդիկ ապրում էին, հող էին մշակում, գյուղ էր, անասուն էին պահում։ Շրջափակման պայմաններում գյուղում չէինք զգում դրա հետևանքները, հողը մշակում ու ապրում էինք։ Երբ ճանապարհ բացեցին դեպի Ստեփանակերտ, գյուղի բնակիչները մեկ ամիս շարունակ գյուղից սնունդ էին հասցնում Ստեփանակերտ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Ալվարդ Առուշանյանը։
Արցախի իր տունը հիշելիս՝ Ալվարդ Առուշանյանը հուզվում է, ասում է՝ Արցախի ամեն ինչը մարդուն ապրեցնում էր։
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը սկսել էր կրակել, տիկին Ալվարդը հողամասում էր, լոլիկ էր հավաքում պահածոյացնելու համար, երբ լոլիկը տուն էր հասցրել, կրակոցներն ինտենսիվացել էին։
«Բլոկադայի պայմաններում ձմռան էինք պատրաստվում, ոչ մի ձևով չէինք պատկերացնում, որ պատերազմ կլինի, կամ դուրս կգանք, ոչ մեկի մտքով չի անցել։
Կրակոցների ժամանակ թաքնվել էինք քարանձավում, կրակոցներն ահավոր էին, սարսափելի։ Արդեն գիշերը ժամը 23։00-ին դպրոցի տնօրենը, գյուղապետը կազմակերպել են ու բնակիչներին տարհանել են։ Մեզ իջեցրել են ռուսների չաստ, այնտեղից էլ արդեն ուղարկեցին Գորիս, այդպես ժողովուրդը փրկվել է։ Իսկ մինչ այդ, թշնամին երեք օր շարունակ գյուղը մշտապես կրակոցների մեջ է պահել։
Մենք մտածում էինք՝ հետ ենք գնալու, իրոք, չենք պատկերացրել, որ դուրս ենք գալու»,- նշում է մեր զրուցակիցը։
Տիկին Ալվարդն առաջին բռնի տեղահանվածներից է, նա և իր նման բազմաթիվ բախտակիցներ առաջին մեքենաներով են հասել Գորիս։
Նա հույսը չի կորցրել, որ հետ է վերադառնալու Արցախ, բայց՝ ոչ Ադրբեջանի դրոշի տակ ապրելու։
«Ուղղակի ափսոսում եմ՝ այդ հողը, ջուրը, ամեն ինչ այդպես թողեցինք թուրքին ու դուրս եկանք. դա հանցագործություն է, չգիտեմ։
Ես սյունեցի եմ, բայց Ղարաբաղի օդն ու ջուրը քեզ ապրեցնում էր։ Ափսոսում եմ, որ թուրքը պետք է մտնի ու վայելի Ղարաբաղի տարածքը։
Ադրբեջանի դրոշի տակ ոչ մի ղարաբաղցի չի նստի այնտեղ, չի գնա։ Հիմա Տեղ գյուղում եմ ապրում, իմ պապական տանը, սպասում եմ, տեսնեմ՝ կարո՞ղ եմ գործ գտնել»,- ընդգծեց Ալվարդ Առուշանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում