Դիզվառելիքի շինծու գործով մեղադրող դատախազը մոտ կես միլիոն դրամի բռնագանձման քաղհայց է ներկայացրել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Նախորդ դատական նիստը սկսվեց պաշտպանության կողմի՝ ՊԵԿ-ից իրենց հարցումների պատասխանների ներկայացմամբ: Պաշտպան Մակինյանը նշեց, որ համադրելով ստացված տեղեկությունները՝ կարող է վստահաբար ասել՝ այստեղ անգամ հանցագործության դեպքի մասին խոսք լինել չի կարող, և անգամ ՊԵԿ պատասխաններում է երևում, որ «Մաքսհուր» ընկերությունը չէր կարող նման ծավալի մատակարարումներ իրականացնել:
Արձագանքելով՝ պետական մեղադրողը նկատեց՝ պաշտպան Ամրամ Մակինյանն էլ է հնչեցրել դիզվառելիքի համար նվազագույն, 1 լիտրը՝ 410 դրամ թիվը: Պաշտպանն էլ նշեց՝ նույն հաջողությամբ «Մաքսհուր» ընկերությունը վառելիք վաճառել է նաև 470-480-490 դրամով:
«Սա ասում եմ, որ տպավորություն չստեղծվի, թե մի ընկերություն ունեցել է 410 դրամով վաճառելու հնարավորություն, բայց 1.5 միլիոն լիտրը վաճառել է 470 դրամով»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Պաշտպանության կողմը միջնորդեց փորձաքննություն իրականացնել. Դատախազներն առարկեցին: Դատավորը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու: Դատական նիստը հետաձգվեց:
Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազը հանդես եկավ նոր, այս անգամ՝ քաղաքացիական հայցադիմումով: Վերջինս պահանջեց այս քրեական վարույթով մեղադրյալներ Սերգո Կարապետյանից, Բարսեղ Բեգլարյանից, Սերժ Սարգսյանից և Գևորգ Հարությունյանից, որպես պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում, համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 489 160 310 դրամի գումար:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանության կողմը ժամանակ խնդրեց հայցադիմումին գրավոր պատասխանելու համար:
Դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Մանրամասները՝ տեսանյութում: